Ռեժիսոր Արամ Շահբազյանն այն ռեժիսորների սերնդից է, որը մեծ սպասելիքներով ու գիտելիքներով, պատրաստակամությամբ կինո մտավ, սակայն կինոյի բյուրոկրատական մեքենան այնքան արգելքներ (հաճախ` անհեթեթ) առաջ քաշեց, որ ռեժիսորը ստիպված եղավ ոչ տրամաբանական դադար վերցնել: Կինոն, լինելով շատ թանկ արտադրություն, հաճախ դատապարտվում է երկարատեւ դադարի ու պարապուրդի, եթե ճիշտ ժամանակին չի կատարվում կինոստեղծողների սերնդափոխությունը, եւ եթե ֆիլմարտադրությունը կենտրոնանում է մի քանի մարդկանց ձեռքերում` վերածվելով ինքնափառաբանման ու ինքնաբավության: Այդ դեպքում կինոն զրկվում է թարմ լիցքերից, թարմ արյունից ու թարմ նյարդերից:
Ա. Շահբազյանը շատ է բարկանում, երբ իրեն երիտասարդ ռեժիսոր են անվանում; «Ախր, ես երիտասարդ չեմ, արդեն 37 տարեկան եմ, իսկ դա նշանակում է, որ չեմ հասցնելու անել այն, ինչը պիտի անեի»,- ասում է նա: «Մի վախեցիր» հեռուստաֆիլմի ու նույնանուն գեղարվեստական ֆիլմի ռեժիսորն, արդեն մի քանի տարի է, փորձում է նկարահանել իր լիամետրաժ գեղարվեստական, ինչպես ինքն է ասում` «ժամանակակից հեքիաթը»` Չնչիկ անունով աղջկա մասին:
Ֆիլմի հիմքում իրական մի դեպք է, որը պատահել է Հայաստանի գյուղերից մեկում: Երիտասարդ աղջկա հայրը սպանել էր իր դստերը, որը համարձակվել էր առանց օրինական ամուսնանալու հղիանալ: Վախենալով, որ իր ընտանիքը կարող է ադաթով ապրող համագյուղացիների մոտ ծիծաղի արժանանալ, ընտանիքի հայրը գերադասել էր առանց ավելորդ աղմուկի «ջնջել» իր դստեր հետքը: Ինչպես ասում են` չկա պրոբլեմը կրողը, ուրեմն, չկա նաեւ պրոբլեմը:
«Այդ դեպքի մասին ես լսեցի 1996 թվականին, ու այն ինձ ուղղակի ցնցեց: Աղջկա ողջ ընտանիքը հավաքվել ու ծեծել էր այդ աղջկան, դիակն էլ տարել ու թաղել էին: Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչպես են նրանք ամիսներ շարունակ թաքցրել դիակն ու շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի պատահել»,- պատմում է Ա. Շահբազյանն ու ավելացնում, որ ֆիլմը ոչ թե վավերագրական ողբերգություն է լինելու, այլ` հուզիչ ու լուսավոր մի հեքիաթ:
«Չնչիկ» բառը բարբառով նշանակում է՝ «չնչին», այդպես են կոչել գյուղացի աղջկան եւ նույնիսկ մոռացել նրա իսկական` անձնագրային անունը:
«Հասկանում եք, խնդիրը մարդասպաններ ներկայացնելը չէ, այլ` ներկայացնելը մի միջավայր, որտեղ կարող է այդպիսի բան ծնվել: Երբ ֆիլմի նախագիծը ներկայացնում էի` եւ՛ ադրբեջանցիները, եւ՛ վրացիներն ասացին, որ նման դեպքեր շատ են նաեւ իրենց գյուղերում: Նման դեպքեր լինում են մեր տարածաշրջանում: Քաղաքի բնակիչները կարող են ասել` մենք թքած ունենք հասարակական կարծիքի վրա, բայց գյուղացիներն այդպես երբեք չեն ասի, քանի որ նրանք ամեն օր բացում են իրենց տան դուռն ու ճակատ առ ճակատ հանդիպում հարեւանների քմծիծաղին կամ կշտամբանքին: Գյուղը փակ տարածք է, ես դա լավ գիտեմ»,- ասում է Ա. Շահբազյանը:
Արդեն կատարվել է դերասանների ընտրությունը, Չնչիկի դերում հանդես կգա վրացի, շատ պլաստիկ ու նուրբ դերասանուհի Նանա Կալատոզաշվիլին, կլինեն դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից: Իսկ ֆիլմի նկարիչը Ֆլորենցիայում ապրող նկարիչ ու քանդակագործ Վիգեն Ավետիսն է:
«Չնչիկը Մոխրոտիկը չի, այլ` գյուղացի պարզ աղջիկ է, ով ամեն օր կով է կթում, կաթը շրջկենտրոն է տանում… Շատ սովորական, կենցաղային աղջիկ է»,- պատմում է ռեժիսորը, ով նկարահանումները նախատեսել է հայաստանյան մի քանի գյուղերում սկսել սեպտեմբերին, քանի որ այդ ժամանակ կարելի է միանգամից տարվա մի քանի եղանակների բնապատկերներ ստանալ: Ֆիլմը մանրակրկիտ մշակված աշխատանքային գրաֆիկ ունի, եւ խումբը փորձելու է ոչ մի ավելորդ աշխատանքային րոպե չվատնել. կինոն ծախսատար, բայց ոչ երբեք անհիմն ծախսատար արվեստ է: «Չնչիկը» նպատակ չունի ընդգծված հայաստանյան պատկեր ցուցադրել: «Դա մի միկրոաշխարհ է, որը բոլոր երկրներում էլ կարելի է գտնել»,- նկատում է ռեժիսորը:
«Չնչիկի» նախագիծը հավանություն ու սատարում է գտել մի քանի եվրոպական կինոհիմնադրամների կողմից: Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Նիդեռլանդների կինոզարգացմանը միտված ֆոնդերը պատրաստ են գումար տրամադրել: Հիմա «Չնչիկը» երեք եվրոպական պրոդյուսերներ, արդեն իսկ հաստատված բավականին մեծ նկարահանման բյուջե եւ տարբեր երկրներից Հայաստան գալու ու ֆիլմի վրա աշխատելու պատրաստ մասնագետներ ու դերասաններ ունի, «post production»` ֆիլմի գովազդային ներկայացման ու դիստրիբյուցիայով զբաղվող մասնագետների կազմ ունի, բայց…
Այդ «բայցը» շատ տարօրինակ, սակայն, միեւնույն ժամանակ, շատ օրինաչափ է մեր կինոդաշտի համար. պարզվում է՝ գումարն ու մասնագետները բավարար չեն, քանի որ մենք եվրոպական կինո նկարահանելու պիտանի տեխնիկա չունենք: «Մենք հիմա հավելյալ գումար ենք փնտրում, որպեսզի կարողանանք Մոսկվայում աշխատող հայ օպերատորին ապահովել այն տեխնիկայով, որով Եվրոպան սովոր է ֆիլմ նկարահանել: Օպերատորն առանց հոնորարի աշխատող ու հավակնություններ չունեցող մարդ է, որը պարզապես ուզում է որակով անել իր գործը: Հիմա պարզվում է, որ «դրսից» տեխնիկա բերելու դեպքում մենք ուղղակի չենք տեղավորվում մեր բյուջեի մեջ: Եվ մեզ մնում է նկարահանել մի ֆիլմ, որը չի ունենա մեր ուզած որակը, քանի որ օպերատորն էլ, տեխնիկան էլ մեր ուզածը չեն լինի»,- ասում է Ա. Շահբազյանը: Սկզբից մինչեւ վերջ հաշվարկված, շեշտադրված ու ցուցակագրված ծախսերի ու ներուժի ցուցակ ունենալով` «Չնչիկի» նկարահանող խումբն այժմ լուրջ խնդիրներ ունի: Ֆիլմը նկարահանելու համար անհրաժեշտ է էքստերիերում նկարահանելու տեսախցիկ: Այն խցիկը, որը կա Հայաստանում` հարմար է միայն տաղավարային նկարահանումների համար եւ, ըստ ստեղծագործող խմբի` չի կարող որակ ապահովել: Զարմանալի է, բայց խումբը չի ուզում «յոլա գնալ» այն տեխնիկայով, որը կա Հայաստանում: «Ոչ, «յոլա» չենք գնալու, ուզում ենք մեր տարածաշրջանում մեր ունեցած բյուջեով լավ ֆիլմ նկարահանել»,- ասում է Ա. Շահբազյանը, ով հիմա խոստովանում է, որ խուճապի մեջ է: «Ես վախենում եմ, որ չեմ ստանա այն որակը, որը կարող եմ: Աստված տա, որ ես բարով ավարտեմ իմ ֆիլմը, որի սցենարական պլանը դեռ հինգ տարի առաջ եմ առաջարկել, բայց մինչեւ հիմա «սայլը տեղից չի շարժվում»:
Կինոն եւ շուկան
Այսօր շատ հայ կինոռեժիսորներ սիրում են կրկնել, որ իրենք ոչ թե շուկայական, այլ` փառատոնային ֆիլմեր են նկարահանում` հաճախ հաշվի չառնելով, որ փառատոնն ինքնին մեծ շուկա է: Եվ եթե այդ շուկայում հայտնվում է շուկայի պահանջներին համապատասխան արտադրանք, ապա այն անպայման գտնում է իր գնորդին: «Փառատոնը շուկա է, որտեղից դիստրիբյուտրները ֆիլմ են գնում, պայմանագիր են կնքում, ֆիլմը ցուցադրում են իրենց երկրներում ու քո պրոդյուսերին գումար են վճարում: Երբ ինստիտուտում էի սովորում, իմ համակուրսեցի հնդիկը, ում երկրի ֆիլմերի մասին ես մի քանի անգամ արհամարհական բաներ ասացի, ինձ ասաց` մեր երգերով լցված ֆիլմերը ձեռ մի առնի, դրանք նկարելը հեշտ չէ, ավելի հեշտ է խցիկը վերցնել, փողոց դուրս գալ ու անցնող-դառնող կոշիկները նկարելով, ասել` ես բարձր արվեստ եմ ստեղծում»,- ասում է Ա. Շահբազյանը, ով նյարդայնանում է, երբ լսում է, որ կինոռեժիսորները հայտարարում են էլիտար ֆիլմեր նկարելու ցանկության մասին:
Ուշագրավ է, որ վերջին տասնամյակների ընթացքում նկարահանված ոչ մի հայկական ֆիլմ հաջող ու շահավետ արտասահմանյան ցուցադրումներ չի ունեցել: Հայաստանի ներսում կինոցանցն այնքան թույլ ու թերի է (ընդամենը երեք կինոթատրոն կա Հայաստանի Հանրապետությունում, որոնք հազվադեպ են հայկական ֆիլմերի ցուցադրումների միջոցով գումար վաստակում), որ «ներսի» շուկան չի կարող ներդրողների համար շահավետության երաշխիք լինել: Սակայն կինոն սահմաններ չի ճանաչում, կինոն աշխարհով մեկ շրջագայելու ունակություն ունի եւ պարտավոր է հաշվի առնել համաշխարհային կինոշուկայի օրենքները: Կինոն կարող է եւ պարտավոր է շահույթ բերել: Սակայն, հարց է առաջանում` ո՞ր կինոն: Ֆիլմարտադրության այն մոդելը, որն անփոփոխ է դեռ խորհրդային տարիներից, վաղուց արդեն պետք է փլվեր, սակայն շարունակում է գործել նաեւ անկախ Հայաստանում: Պետությունը գումար է բաշխում, ինչ-որ կերպ ֆիլմեր են նկարահանվում, ինչ-որ տեղ դրանք ցուցադրվում են եւ մնում են նեղ հայկական շրջանակներում` ոչ մի բան չավելացնելով ո՛չ Հայաստանի իմիջին, ո՛չ էլ ներդրողների բանկային հաշվին: Դեռ նկարահանման փուլ չմտած «Չնչիկի» ճակատագիրը շատ սիմվոլիկ ու վտանգավոր նախադեպ է, քանի որ ցուցադրում է մեր ֆիլմարտադրության տկարությունը: Եթե մի քանի հեղինակավոր ֆոնդեր հայկական կոնկրետ ֆիլմի մեջ 800.000 եվրո գումար են ցանկանում ներդնել, ապա նրանք հաստատ գիտեն, որ դա արժե անել, գիտեն, որ այդ մասնագետների կազմը լավ ֆիլմ կստեղծի, եւ այդ ֆիլմը կարող է շրջել աշխարհի կինոէկրաններին: Եվրոպացիների մասնակցությունը ֆիլմի վաճառքի երաշխիքն է, իսկ «Չնչիկը» հիմա ունի այդ երաշխիքը:
Ներդրված գումարը ետ բերելու փաստի մեջ վստահ եվրոպական պրոդյուսերների նման Հայաստանում ոչ ոք չի մտածում: Ո՛չ մասնավոր ներդրողները, ո՛չ էլ պետական կառույցները` Մշակույթի նախարարությունը կամ Ազգային կինոկենտրոնը մտահոգված չեն փոխել իրենց աշխատանքի ստրուկտուրան: Որպես կանոն՝ պետպատվերի շրջանակներում գումար է տրամադրվում այն ֆիլմերին, որոնք գրեթե շանս չունեն ներդրված գումարը ետ բերելու, քանի որ, սցենարից սկսած, տեխնիկական որակով վերջացրած՝ թույլ եւ ոչ գրագետ են լինում: Ավանդույթն է այդպիսին. կարեւորը ֆիլմը սկսելն է, իսկ եթե հետո խնդիրներ են ծագում, նկարահանող խումբը փորձում է դրանց «տակից դուրս գալ»` օգտագործելով այն մարդկային ու տեխնիկական նյութը, որը կա Հայաստանում: «Իսկ այդ դեպքում ֆիլմը մի քանի անգամ փառատոներում ցուցադրվելուց հետո` նորից ետ կգա Հայաստան ու կդրվի դարակներից մեկում, քանի որ մենք հերթական անգամ միջազգային շուկայի խնդիրներին համապատասխան արտադրանք չենք կարողանալու անել»,- ասում է Ա. Շահբազյանը:
Հայկական կինոյի սայլը կարող են տեղից շարժել համատեղ նախագծերը։ Ա. Շահբազյանը վստահ է, որ միայն համատեղ ֆիլմեր արտադրելով կարելի է խոսել կինոշուկա մտնելու մասին: «Ես համոզված եմ, որ մենք կարող ենք մեր ֆիլմերով համաշխարհային շուկա դուրս գալ: Պարսկական կինոն ինչո՞ւ հայտնի դարձավ աշխարհում: Որովհետեւ պետությունը կոնկրետ քաղաքականություն ուներ, եւ պարսիկ կինովարպետները հենց այնպես օդից չծնվեցին, այլ` նրանց համար աշխատելու դաշտ ստեղծվեց: Վրաստանի կինոն, օրինակ, մի քանի տարի առաջ խորը ճգնաժամ ապրեց, բայց կարողացավ այն հաղթահարել, եւ հիմա վրացի օլիգարխները կինոյի մեջ փող են ներդնում, քանի որ տեսան, որ ռիսկի գնալով՝ կարելի է եկամուտ ստանալ»:
Իսկ Հայաստանի մասնավոր ձեռներեցները չեն հավատում, որ ֆիլմ նկարահանելը եկամտաբեր կարող է լինել: Պատճառը նրանում է, որ մասնավոր ներդրողները նման նախադեպեր չեն տեսել: Հիմա այդպիսի նախադեպեր ստեղծելու ժամանակն է:
«Խնդիրն իրականում շատ ավելի գլոբալ է, բոլորը խոսում են այն մասին, որ մենք նավթ, ոսկի, հանքեր չունենք, բայց ուղեղներ ունենք: Ասվում է, որ մենք պետք է «զոռ տանք» մեր ուղեղներին, բայց ախր չենք նկատում, որ մշակույթի ամենաարդյունավետ ու գումարներ բերող ճյուղը կինոինդուստրիան է»,- ասում է Ա.Շահբազյանը: