Երվանդ Քոչար

13/04/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Մինչեւ բուն նյութին անցնելը, ուզում եմ մեջբերել մի հատված Թոմաս Վուլֆի «Գուլիվերը» պատմվածքից, որն, ինքնակենսագրական լինելուց զատ, կարող է ընկալվել որպես Երվանդ Քոչարի ամենաճշգրիտ բնութագիրը.

«Երբեւէ որեւէ մեկը գիրք կգրի այն մարդու մասին, ով չափազանց բարձր էր եւ ողջ կյանքում տառապում էր իրեն չհամապատասխանող մեծությունների մեջ, ում համար երկրի երեսին չափն ամեն ինչի` աթոռների, մահճակալների, դռների եւ սենյակների, կոշիկների, բաճկոնների, վերնաշապիկների եւ գուլպաների, պուլմանյան վագոնների մահճակների եւ տրանսատլանտյան լայներների մահճակալների, կերակրի, ըմպելիքի, սիրո, ինչպես եւ կանանց բաժինները, որ մեր երկրի տղամարդկանց մեծամասնությանը լիովին համապատասխանում էին, նրա համար մի տեսակ քիչ էին գալիս:

Պատմությունն այդ մարդու աշխարհով մեկ երթի մասին այդ որեւէ մեկը պետք է գրի անառարկելի հեղինակության համոզչությամբ եւ այնպիսի կրքով, ուժով եւ իրազեկությամբ, որ յուրաքանչյուր բառի վրա դրոշմված լինի ճշմարտության ոսկե հարգանիշը. եւ նա ի վիճակի կլինի այդ անելու, քանի որ այդպիսի մարդու կյանքը` իր սեփական կյանքն է, քանզի նա ինքն է այն ապրել, շնչել նրանով, ընթացել եւ ներթափանցվել ընդհուպ մինչեւ ամենաբարալիկ բաբախուն ջիղը դեռեւս այն օրից ի վեր, երբ բոլորել էր իր 15 տարին, ու նաեւ այն պատճառով, որ ոչ ոք աշխարհի երեսին չի հասկանա նրա աշխարհն ավելի լավ, քան հենց ինքը` այս աշխարհին ներհատուկ բոլոր բերկրանքներով ու դառնություններով եւ նրա անասելի մենության ողջ տարօրինակությամբ հանդերձ»:

Հատվածներ «Ես եւ դուք գրքից»

Վերջին բոհեմը

Երկար մազերով, սպանված թռչունի պես լայն փողկապը քամուն տված, թափթփված ու անխնամ, խորապես զզված ամեն ինչից` ահա անցնում է վերջին բոհեմը` Արվեստագետը. նա գալիս է անհիշատակ ժամանակներից` միշտ ամեն դարաշրջանի եւ երկրի պայմանների հետ փոփոխելով իր դեմքն ու կեցվածքը:

Մեռավ այն պատմական շրջանը, որտեղ նա հաղթողների ու տիրողների պարծանքն էր, երբ իր ստեղծագործությունն էր բարգավաճման եւ զորության չափանիշը: Ռենեսանսի շրջանից, երբ դրամատիրական իշխանությունը իր թաթը դրեց եւ ընկճեց ամեն ինչ, Արվեստագետն այլեւս դարձավ ծառան, նվաստ հպատակը ոսկու: Արդեն, լավագույն դեպքում, նրան շրջապատում էին բարձր վարձատրությամբ եւ շքանշաններով, բայց միշտ իր տիրոջ փառքը ակնհայտ դարձնելու համար, չէ՞ որ ծառային նայելով` կարելի էր դատել տիրոջ մեծության մասին: Բայց այլեւս մեռած էր նրա սիրտը դեպի իշխողը եւ ուժեղը:

Դրամատիրական կարգերը նրան դուրս շպրտեցին կյանքից, նա կյանքի լուսանցքի վրա էր միայն…

Սկսած վերածնության շրջանից` ո՞ր դասակարգին է պատկանում նա: Ազնվական չէ, որովհետեւ մեծ մասամբ դուրս է գալիս խեղճ ու ընչազուրկ դասակարգի ծոցից, բուրժուա չէ, որովհետեւ չունի շահագործման աղբյուրներ: Նա միշտ տիրոջ, իշխողի տրամադրության տակ է, սպասում է նրա հրամանին, իսկ հաճախ էլ` քմայքին: Բանվոր չէ, որովհետեւ իր աշխատանքը չի կարելի չափել որեւէ չափանիշով, առավելապես մտային է նրա ստեղծագործությունը. նա մտավորական է ավելի շուտ, բայց մտավորականը որեւէ դասակարգի չի պատկանում. կարող է գաղափարաբանությամբ լինել բուրժուա, ազնվական, բանվոր:

Արվեստագետի եւ տիրողների միջեւ բացված է մի վիհ: Նրա գործերը զարդարում են պալատները, տաճարները, բայց ինքը նկուղներում է ապրում` հաճախ մոռացված. նա հասկացված չէ…

Արվեստագետի նուրբ եւ զգայուն հոգին ատում է օրենքը, որովհետեւ տեսնում է, որ այն ծառայում է ուժեղներին ու հարուստներին, եւ ահա նա փախչում է օրենքից, ստեղծում իր ուրույն աշխարհը:

Լեոնարդո դա Վինչի

Լեոնարդոն շատ գեղեցիկ է եղել` նման Աստծուն: Նա իր դարի պես «հիասքանչ էր»։ Նրա շնորհներն անթիվ էին` նկարիչ, երաժիշտ, քանդակագործ, երգիչ, բանաստեղծ, պարող, գիտնական, բնագետ, մաթեմատիկոս, ինժեներ, ֆիզիկոս, քիմիկոս, մեքենագործ… Նրան պակասում էին թեւեր, եւ նա մտածում էր աերոպլան հնարել…

Ջրանցքներ, թունելներ, հոյակապ շենքեր, մեծ եւ երկար նախապատրաստություններ ինչ-որ մեծ նկարի համար, սակայն այդ բոլորը միայն ծրագրեր էին` մեծ հղացում, բայց պակաս գործ. Լեոնարդոն ձգտում էր Ջոկոնդային, բայց չէր համարձակվում մոտենալ. այդպիսին էր դարի ոգին…

Միշտ նոր հորիզոններ, նոր փորձեր, ահա թե ինչու Լեոնարդոն մնաց մի տեսակ կիսատ:

Նա աստվածացնում էր բնությունը եւ նրա ուսումնասիրությունը դարձնում իր կրոնը:

Լեոնարդոն Ռենեսանսի հայելին է, եւ Ռենեսանսը` Լեոնարդոյի էությունը:

Ռենեսանսը ճշմարտության եւ գեղեցկության անհագուրդ ծարավի շրջան էր` տարված հունական կուլտուրայով, մեծ եւ հոյակապ պրոյեկտներով:

Լեոնարդոն կուլտուրային տվեց ավելի մեծ իներցիա, քան իր ստեղծածն էր: Մարդիկ ունեին մեծ եւ անդունդի պես խոր հավատ, զգացմունք, եւ դրա համար կատարվեց մարգարեի խոսքը, որ ասում էր. «Ճշմարիտ ասում եմ ձեզ` եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, կասեք լեռանը` շարժվիր եւ ծովն ընկիր, լեռը կընկնի ծովը», եւ Լեոնարդո դա Վինչին շարժեց լեռը:

Փշրանքներ

– Երբ մարդ կորած է բոլորի համար, նա գտնում է ինքն իրեն… Եվ իր Աստծուն…

– Լռությունը առեղծվածային պատասխան է, որ ամեն մարդ իրեն հաճելի ձեւով է մեկնաբանում, կամ անբացատրելի է, ուստի եւ ընկալվում է ակնածությամբ…

– Ոչ ոք չի ուզում մեկնել Այստեղից, որովհետեւ ոչ ոք չի վերադարձել Այնտեղից… Իսկ նոր եկողներն էլ անլեզու են…

– Կյանքը սխալների ու ափսոսանքների մի շարան է, որ մարդ հույս ունի ուղղելու սերունդների ընթացքում… Բայց դա էլ է պատրանք, քանզի ամեն մարդ իր ձեւով է ապրում կյանքը եւ իր ձեւով սխալվում…

– Արվեստը մի անավարտ կամուրջ է` որի մեկ ոտքը հենված է կյանքի վրա, իսկ մյուսը մեկնված է դեպի անեզրությունը… Ամեն մի հանճար երկարացնում է այդ ոտքը, որպեսզի գտնի երկրորդ հենարանը… եւ այդպես անվերջ… Դրա համար արվեստը մարդկության լավագույն իղձերի անվախճան պատմությունն է…

– Ամեն մի գոյություն բնության մեջ ապրում է որոշ միջավայրում, որոշ շրջանում եւ գոտու տակ. մարդն է, որ ամենուրեք է եւ ոչ մի հատուկ տեղ չունի, կարծես նա Այստեղ ընկել է ուրիշ տեղից եւ այս մոլորակի ծնունդ չէ…

– Բնության մեջ ամեն ինչ մաքառում է իր գոյությունը պահպանելու համար: Մարդն է, որ չի բավարարվում միայն դրանով, նա տենչում է ամեն ինչ ունենալ, գիտենալ եւ տիրանալ ամեն ինչի…

– Ուժը հակառակորդի թուլությունն է, ուստի եւ հարաբերական է. սակայն եւ բացարձակ է ամեն էակի մեջ` սկսած ամենափոքրից մինչեւ ամենամեծը: Հակառակ դեպքում աշխարհը գոյություն չէր ունենա եւ վաղուց կուլ գնացած կլիներ ամենաուժեղին…

– Առանց անկումի ապրել` կնշանակի՝ գնալ թույլ դիմադրության գծով…

– Ինչ որ ապրում է եւ գոյություն ունի, իմաստուն է, քանի որ կյանքը փորձի ու փորձության մի շղթա է իր սկզբից: Տգիտությունը հարաբերական չափանիշ է. բնության մեջ ամեն ինչ իմաստուն է…

– Մարդ Աստված է անասունների առաջ եւ անասուն` բնության առաջ: Արվեստագետը Աստված է մարդու առաջ եւ չաստված՝ Աստծո առաջ, քանզի արվեստագետն է, որ բարձրացնում է մարդուն աստվածության, եւ նա է, որ օգտագործում է բնության օրենքները` բնությանը հակառակ մարդու օգտին…

– Ուղղակի ասված խոսքը ազդում է ուղղակի եւ մնում է միայն մեր գիտակցության սահմաններում: Մինչդեռ մարդուս ամբողջ էությունը ցնցելու համար, հասցնելու համար մինչեւ նրա հոգու խորքը, մինչեւ նրա ենթագիտակցությունը` պետք է ասել անուղղակի կերպով, այն է` հմայքով… Հմայքն է, որ գերում ու պարուրում է մարդուն, դրա համար է, որ արվեստն այդքան հզոր է եւ ցարդ մնացել է բարձր ու միշտ գնահատվել: Հմայքի վրա են կառուցված բոլոր դավանանքների ծեսերը եւ ամենանվիրական արարքները` մարդուս ծնունդից մինչեւ մահ: Եվ վերջապես հմայքով է մարդը սիրում եւ սերնդագործում…

– Ո՞վ է մեզ մղում ծնվելու, ո՞վ է մեզ մղում ապրելու, եւ ո՞վ է մեզ մղում մեկնելու Այստեղից: Ոչ ոք չի իմացել, ոչ ոք գիտե, եւ ոչ ոք կգիտնա, քանզի այդ խորհուրդը հաղորդվում է միայն մահվան պահին…

– Մարդս ստեղծել է իրը եւ որոշել է դրա ծառայությունն ու կյանքն իր համար: Բայց այդ իրն ինքը ի՞նչ կյանք ունի` անհասանելի է մարդուս, որովհետեւ նյութի կյանքն անըմբռնելի է…

– Այնքանով, որ մենք ծնվում, ապրում եւ մեռնում ենք մեր կամքից անկախ, մարդուս ամենամեծ առաքինությունն է բարիք անելը, դրա համար քաղաքականությամբ զբաղվողը պետք է լինի ամենաբարեգործ մարդը:

– Ոչինչ չի կարող ապրել անմիջավայր չեզոքության մեջ` տիեզերքը կոորդինացված, համագործակցված արարչություն է: Այս օրենքի հիման վրա է, որ արվեստի ստեղծագործությունն իր բոլոր մանրամասնությանց մեջ պետք է համագործակցված լինի, քանի որ արվեստը նույնպես մի տիեզերք է…

– Մենք մեր գիտակցությունից թաքուն հավատք ենք պահում, որ մեր մահվանից հետո մի ինչ-որ կյանք ենթակա չէ մահվան: Դրա համար է, որ մենք սարսռում ենք` մտածելով գերեզմանի սառնության մասին, ցավ ենք զգում մեր մեռած մարմնի համար եւ չենք հաշտվում, թե մեռնելուց հետո ո՛չ կտեսնենք, ո՛չ կլսենք, եւ ո՛չ էլ կզգանք… Սրա համար է, որ ծնողները երջանիկ են իրենց զավակների նմանությամբ, եթե նույնիսկ նրանք ժառանգում են իրենց պակասությունները: Այդ նշաններով նրանք տեսնում են իրենց` իրենց մահվանից հետո…

– Հողը պահում է հազարավոր կմախքներ, երբ արդեն վաղուց անէության փոշում կորել է նրանց մսեղեն հագուստը, դա բնության իմաստուն ժառանգությունն է: Մայր հողը սովորեցնում է, որ կարեւորը եւ մնայունը կմախքն է` հիմքը, իսկ մնացյալը սին է ու կորնչական…

– Այն, ինչ որ մեծ է, եղել է մեծ, մնացյալը ստություն է եւ կեղծիք:

– Առաջնորդին ժողովուրդն է առաջնորդում… իսկ եթե նա չի հասկանում այդ, ժողովուրդը նրան կործանում է:

– Մարդկային զանգվածը ջրի զանգվածի է նման: Կարող է ալիքների վրա բարձրացնել, կարող է ճզմել հորձանքի տակ, իսկ երբ մոլեգնում է ու դուրս գալիս ափերից, ջախջախում ու սրբում է ամեն ինչ իր ճանապարհին: Որքան նա տեսանող ու իմաստուն է խաղաղ ժամանակ, այնքան կույր եւ խելագար է մոլեգնության մեջ… ժողովուրդը տարերք է…

– Սերն ապրում է, երբ սոված է, եւ մեռնում է, երբ կշտանում է…

– Իսկական ստեղծագործությունը նման է գինու: Խաղողը հասնում է` հայրենի հողից սնունդ առնելով, ուռճանում հայրենի արեւի շողերի տակ, լավ տրորվելուց հետո քամվում է եւ պահվում խոր նկուղներում: Որքան երկար է պահվում եւ հնանում, այնքան ուժեղ է ու հարգի: Դուրս գալով մութ նկուղներից` նա հոսում է մեր սիրո, ծննդյան, հաջողության խնջույքների, մեծ տրտմության եւ մահվան առիթներով: Եթե գինին ազնիվ է, նա գնում է աշխարհի չորս կողմը եւ զարդն է աշխարհի բոլոր սեղանների…

Իսկական ստեղծագործությունը նման է գինու…

– Հասկանալու համար չպետք է մտածել, այլ պետք է հոգու ճանապարհով հաղորդվել… Ամեն մի միտք խորացնելով` եղծանում է ինքն իրեն եւ փախչում: Դրա համար է, որ արվեստը մարդկային ամենաբարձր գործունեությունն է, որովհետեւ նա չի դիմում մտքին, նա ոչինչ չի ապացուցում, փաստարկում, նա խոսում է հոգու լեզվով…

Թատրոնը, նկարը, արձանը պետք է հավատացնեն եւ ոչ թե ապացուցեն…

– Մեր դարում ոչ մի միտք չի կարելի լրիվ արտահայտել, որովհետեւ բառերը դարձել են մաղի նման ծակ, բառերը հնացել եւ հետ են մնում մտքից…

– Երբ ասում են` լավ է գյուղում լինել առաջինը, քան քաղաքում երկրորդը, դա փառասիրություն է: Ավելի հետամնաց ու տգետ լինելով` լինել առաջինը, որ իշխանություն ունենաս եւ հրամայես, քան քաղաքում ավելի բարձր միջավայրում, երկրորդը` զուրկ իշխանությունից եւ հրամայողի դերից… Իսկ ո՞վ է «առաջինը»: Նա, որ հրամայո՞ւմ է, նա, որ հրապարակի վրա՞ է, թե՞ նա, որ բոլորի համար կորած է եւ անհայտ, բայց ավելի հաղորդ է առաջավոր, լուսավոր մտքին ու հոգուն, մաքրված ամեն տեսակի փառասիրությունից եւ իշխելու մոլությունից…

– Ո՞վ է աղքատ եւ ո՞վ է հարուստ: Նա, որ չունի՞, թե՞ նա, որ ունի: Ունեցողը չունեցող է, եւ չունեցողը` ունեցող: Այսպես, մեր դարում անհնարին է միտք արտահայտել, որ բոլորի համար հասկանալի լինի:

– Արվեստը մի խորհուրդ է, եւ արվեստագետը` նրա քուրմը… Ամեն մի մտադրություն` արվեստը ծառայեցնել այլ նպատակի, սրբապղծություն է, քանզի սիրո մեջ ամենը, ինչը սիրուց բացի որեւէ ուրիշ նպատակ է հետապնդում, անբարոյականություն է…

– Բնությունից մարդս ո՛չ բարի է եւ ո՛չ էլ չար… Նա բարի է դառնում, երբ հանդիպում է ձախորդության, եւ ուզում է, որ իր հետ բարի լինեն: Դրա համար է, որ մարդն ազնվանում է թշվառության մեջ…

– Գոմաղբում կարող է մանուշակ բուսնել, եւ փշերի մեջ բուսնում են վարդը եւ փշածաղիկը… Հետամնաց մի ցեղից եւ կոպիտ մի ընտանիքում կարող է հանճար ծնվել… Ո՞վ կարող է հասկանալ, թե աստվածային Սերմնացանը ուր կնետի հանճարի կամ ոճրագործի սերմը…

– Իմ, բույսի, գազանի կամ որդի միջեւ տարբերությունն այն է, որ ահա ես գրում, շինում, կերտում եմ, իսկ բույսը եւ որդը` ոչ: Գուցե նրանք այնքան իմաստուն են եւ կատարյալ, որ դրանց պետքն էլ չունեն, չէ՞ որ կատարյալը ոչնչի կարիք չունի…

– Մարդու ամենավեհ արտահայտությունը ժպիտն է, ամենաազնիվ մարդկային զգացումը` վիշտը: Վիշտն իջնում է մարդու հոգու խորքը եւ հաղթանակած, մաքրված, փորձի եւ փորձության միջով բարձրանում է ժպիտի ձեւով: Ժպիտը մի պսակ է, որ մեր միտքը դնում է հոգու վրա…

– Մարդս մի կոլեյդոսկոպ (գեղադիտակ) է, որը բազմաթիվ ֆասետներ ունի եւ ժամանակի ու պարագաների ամեն հպումից ընդունում, արտացոլում է տարբեր լույսեր ու գույներ, տարբեր պատկերներ` շատ անգամ անսպասելի ու հակասական: Բայց, ինչպես ամեն մի գետ ու վտակ, որոնց ջրերը հոսում, փոփոխվում են, մնում է միշտ նույնը եւ ճանաչելի…

– Արեւը ծովերից, ջրերից ամպ է անում բարձր երկնքում եւ նորից իբրեւ անձրեւ թափում երկնքի վրա, կյանք տալիս հողին, մարդուն, ծիլ ու ծառին… Հանճարը ժողովրդի իմաստությունը հավաքում է իր բարձր իմացության մեջ, արվեստ դարձնում եւ նորից վերադարձնում ժողովրդին` տալով նրան նոր ուժ, նոր կյանք…

– Միքելանջելոն ստեղծեց մի աշխարհ, ուր ահավոր ուժի գիգանտները ճզմվում են իրենց սեփական ուժի տակ ու տառապում: Դա սահմանափակ եւ ծանր նյութի մելանխոլիան է, նյութի, որ չի կարող շղթայազերծվել, ազատվել իր սեփական սահմաններից եւ անզորությամբ ինքն իր վրա է դառնում:

Ես ստեղծեցի մի աշխարհ, որտեղ բնակեցրի հսկա մտքի եւ զգացումների գիգանտներ, որոնք քայքայում են նյութի բնությունը, բայց քանի որ առանց նյութի անէություն է ու մահ, իրենց ուժի եւ անզորության տիեզերական տառապանքն են ապրում: Միքելանջելոն ստեղծեց մկանների ուժի գերիներին շղթայակապ: Ես ստեղծեցի մտքի ու հոգու շղթայակապ գերիներին…

– Կեսգիշերն անց ցավում է ատամս, ոչ մի հնար չկա գնալու բժշկի, նյարդը նորից եւ նորից ահազանգում է ուղեղիս: Եթե ես ե՛ս եմ ամբողջիս մեջ, ապա ինչպե՞ս է, որ իմ մասը ինձ չի հպատակվում… Եթե նյարդը ենթարկվում է ուղեղիս, իսկ ուղեղն իմն է, ապա ովքե՞ր են նյարդը եւ ցավը, որոնք եւ՛ ինձնից դուրս են, եւ՛ իմ մեջ են, արդյո՞ք ես մեկ չեմ, այլ բազմություն…

– Ամեն մի փոս նյութով լցվում է, իսկ մարդու մտքի փոսը, որքան լցվում եւ նյութ է ստանում, այնքան ավելի է մեծանում ու խորանում: Մարդու միտքը կշտանալով է սովածանում, ապրում է սովածությամբ, բայց եւ մեռնում է սովածությունից:

– Ամեն արժեք գեղեցկություն է դառնում, բայց գեղեցկությունն ամեն արժեքից բարձր է…

– Նկարի արժեքն ու գեղեցկությունը ոչ թե այն է, ինչ որ նկարած է, այլ այն` ինչ որ չէ նկարված եւ գտնվում է նկարի հետեւում: Ինչ տեսանելի է նկարի վրա, դա արհեստ է, իսկ արվեստագետի կոչումն անտեսանելին ցույց տալն է, դա է արվեստի մոգությունը:

– Մարդը մենակության մեջ մի աշխարհ է, եւ աշխարհի մեջ` մենակություն…

– Ծնվել եմ իմ կամքից անկախ, քանի որ չէի կարող կամք ունենալ լինելիությունիցս առաջ, իսկ եթե ունեցել եմ, կնշանակե, որ եղել եմ միշտ եւ կլինեմ միշտ… Ապրում եմ իմ կամքից անկախ, ոչ այնպես, ինչպես ուզում եմ, այլ ինչպես տրվում է… Սիրտս բաբախում է իմ կամքից անկախ, անհայտի հրամանով, միտքս գործում է օրուգիշեր եւ չի ենթարկվում ինձ, իսկ ստամոքսս պահանջում է ու հրամայում, ինչպես տերը ստրուկին… Ամեն օրս ափսոսանքով է անցնում, եւ ամեն վաղը` երեկվա պես անմխիթար, բայց դարձյալ ապրում եմ հույսով եւ սիրով…

– Մարդն ապրում է իրականով, եւ կյանքն իրականությունն է, բայց միշտ էլ ձգտում է ոչ իրականի: Եթե իրականով միայն ապրի մարդը, կդառնա անասուն… Դրա համար է նա շպարում, ներկում իր մարմինը, զարդարում ու փոխում ինչ որ կարող է իր վրա եւ իր շուրջը, վերջապես դրա համար է, որ այնքան ազդում են նրա վրա արվեստը եւ կրոնը…

– Արվեստը անիրական կյանք է, ու նրա ճշմարտությունն այլ է, քան կյանքի ճշմարտությունը…

– Մարդս չի կարող ամեն ինչ տեսնել, ամեն ինչ լսել… Բնության մեջ եղած բազմաթիվ ձայներ եւ գույներ նա չի լսում, չի տեսնում: Եթե այդպես չլիներ, անհնարին կլիներ ապրելը, քանի որ նա չէր կարող զանազանել հեռուն եւ մոտիկը, հետ ու առաջը, այսօրը եւ վաղը: Ամեն ինչ կլիներ նրա համար թափանցիկ, եւ նյութը կլուծվեր, կփախչեր, կդառնար անէություն…

– Որդի համար չկա ոչ մի մեծություն, քանի որ նա աշխարհը կարող է ըմբռնել միայն իբրեւ մակերեսների անվերջանալի հաջորդականություն: Ովքեր չեն տեսնում մեծություն, նրանք տեսնում են դեպքերի հաջորդականություն, գուցե դա ավելի մեծ իմաստություն է:

– Բնության ընթացքը շատ ավելի դանդաղ է, քան մարդուս միտքը: Բայց որովհետեւ մարդ չի կարող տեսնել այն, ինչ որ իրապես տեղի պիտի ունենա ժամանակի մեջ, քանի որ բնությունն իր ընթացքն ունի մարդուց անկախ, ուստի մարդ ուզում է արագացնել բնության ընթացքը, եւ առաջ է գալիս կոնֆլիկտ: Մի կոնֆլիկտ, որ ավարտվում է միշտ բնության հաղթանակով: Այդ մաքառումը կոչվում է կյանք:

– Կյանքն ամենօրյա օրենքներով եւ կենցաղի, բարոյականի նախապաշարումներով սանձում եւ կաշկանդում է մարդու միտքն ու հոգին, դրա համար է, որ մարդ երազների մեջ է միայն ազատ…

– Արվեստագետը պետք է լինի ռազմիկի պես մոլեռանդ` հավատքի մեջ ամրացած ու առանց կասկածի: Այստեղից է, որ արվեստագետներին շատ անգամ մեծամտություն են վերագրում…

– Արվեստագետը պետք է լինի աղավնու պես միամիտ եւ օձի պես խորագետ` զարգացած եւ իմաստուն: Բայց ստեղծագործելիս պետք է մոռանա ամեն ինչ եւ միամտորեն մոտենա իր գործին:

– Կյանքը ծով է, ալիքը կամ վեր է հանում մեզ, կամ խորտակում, բայց վերեւի ալիքները պետք է իջնեն, ուրեմն` հավասարվեն…

– Քչերի մեջ կարելի է կարդալ, թե ինչ է անում ուղեղը, եւ ինչ են գործում ձեռքերը, բայց դրա համար պետք է գիտենալ հոգու քերականությունը, որ շատ քչերին է տրված:

– Բրաք, Պիկասո, Մատիս, Հենրի Մուր…

Ներկա արվեստը սրանց է պարտք, գրեթե բոլոր նորերը ազդված են սրանցից:

– Գեղարվեստի մասին շատ դժվար է խոսել, որովհետեւ նա իր որոշակի ճշտության հետ չունի կանոններ, եւ, որ գլխավորն է, գեղարվեստի մասին խոսելը շատ քիչ է համոզեցուցիչ, պետք է տեսնել:

Կայեն ու Աբել
(Գործողությունը տեւում է մեկ վայրկյան)

Աբել – (Պառկած կանաչ խոտերի ու ծաղիկների մեջ՝ նայում է երկնքին) Երանի բարձր, շատ բարձր սարերի կատարներին լինեի հիմա, ինչպե՜ս են փայլում նրանց կատարները…

(Կայենը պառկած նայում է լճակի մեջ լուռ ու մտազբաղ)

Աբել – (Կայենին) Դու կուզեի՞ր, որ օրը չմթներ, միշտ վերջալույս լիներ` կարմիր, ծիրանի, էն լոտոսի պես: Անտառների մեջ միշտ լույս լիներ, եւ մենք գազաններից այլեւս չվախենայինք…

(Կայենը լուռ նայում է ալ ջրին, որ արտացոլում է նրա սեւ սաթի պես աչքերը` կարծես արյան մեջ թաթախված կարմիր դեմքի վրա):

Աբելը – (Կայենին) Ինչո՞ւ չես խոսում եւ ինչո՞ւ ես այդպես նայում ջրին:

Այդտեղ փոքրիկ ծիրանագույն ձկնիկներ կան, կարո՞ղ ես մեկը բռնել…

Կայենը – (Աբելին) Ձկնիկներ չկան: Տե՛ս, այստեղ մորթած ուլի նման է երկինքը…