Երեկ, երբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ մի քանի հազար քաղաքացիներ ծաղիկներ էին դնում ու մոմեր էին վառում` սգալով մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների քառասունքը, նույն ժամին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի շենքում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ դրոշի տակ, աջ ձեռքը Վեհամոր Ավետարանի եւ Սահմանադրության վրա՝ երդվում էր իր պաշտոնավարման տարիներին անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի:
Ս. Սարգսյանի երդմնակալության արարողության մասին ավելին, քան ցուցադրել է Հ1-ը, ոչինչ հնարավոր չէ ասել, քանի որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներս նույնպես հնարավորություն ունեցանք այն տեսնելու միայն Հ1-ի եթերից: Դժվար է ասել, թե ում մտքով էր անցել, որ լրագրողները պետք է այդ արարողությանը հետեւեին Օպերայի շենքի ինչ-որ սենյակում տեղադրված հեռուստացույցի էկրանից:
Միայն վերջում, երբ դահլիճային արարողությունն ավարտված էր, մեզ թույլ տվեցին ներկա լինել Օպերայի նախասրահում կազմակերպված ֆուրշետին:
Իսկ ֆուրշետի տեսարանը բավական տխուր էր. Սերժ Սարգսյանի շուրջ բավական երկար հերթ էր գոյացել, որովհետեւ, ինչպես պարզվեց, բոլոր պաշտոնյաները, պատգամավորներն ու հրավիրյալները, բաժակները ձեռքներին` սպասում էին իրենց հերթին, որպեսզի կարողանան մոտենալ ու անձամբ շնորհավորել Սերժ Սարգսյանին:
Բավական երկար ժամանակ այնտեղ էր նաեւ այլեւս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց, ի տարբերություն Ս. Սարգսյանի, նրան մոտեցողներն ասում էին, թե նա պետք է «մի լավ հանգստանա»:
Նշենք նաեւ, որ ԱԺ հատուկ նիստին չէին մասնակցում «Հայկական Ժամանակ», «Հայք» թերթերի եւ «Ա1+»-ի լրագրողները, որոնց, ինչպես պարզվեց` կազմակերպիչները չէին հրավիրել: Իսկ 131 պատգամավորներից ԱԺ հատուկ նիստին մասնակցում էր 118-ը, ներկա էին նաեւ արտախորհրդարանական մի շարք ուժերի ղեկավարներ:
Ս. Սարգսյանի երդմնակալությանը մասնակցում էին նաեւ 58 երկրների պաշտոնական պատվիրակություններ եւ 12 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱՄՆ-ից արարողությանը ներկա էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան։ «Ես այստեղ եմ` իմ կառավարության անունից շնորհավորանքներ փոխանցելու համար ՀՀ նորընտիր նախագահին»,- ասաց նա: Ըստ նրա` անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները «գտնեն յուրաքանչյուր մարդու հետ շփման հավասարակշռությունը: Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսեց այդ բալանսի մասին: Նա ասաց, որ կա ազատություն, եւ պետք է գտնել այդ բալանսը: Այո, մենք ազատության կողմնակից ենք, եւ գտնում ենք, որ հայ ազգը խելոք է, իսկ այդ խելոք ազգը պետք է գտնի այդ բալանսը: Մենք հույս ունենք, որ դա շուտ կլինի, ինչպես նաեւ հույս ունենք, որ քաղաքական մյուս ուժերը եւս պատրաստ կլինեն լեզու գտնել իշխանությունների հետ»,- ասաց Մ. Բրայզան:
Իսկ հարցին էլ, թե ԱՄՆ-ը պատրա՞ստ է համագործակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ, Մ. Բրայզան պատասխանեց. «Մենք միշտ ենք պատրաստ համագործակցել Հայաստանի հետ, իսկ դա նշանակում է` նոր նախագահի, բոլոր առաջնորդների ու հասարակական խմբերի հետ: Դա մեր աջակցությունն է, սա Հայաստանն է, եւ Հայաստանը միայն նախագահից չէ բաղկացած: Հայաստանը դուք բոլորդ եք, իսկ մենք ձեզ հետ միշտ պատրաստ ենք համագործակցել»: «Ազատությանը» տված հարցազրույցում Մ. Բրայզան ընդգծել է, թե մարտի 1-ի աննախադեպ իրադարձություններից հետո «դրամատիկ» քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունը: «Կոնկրետ քայլերը ներառում են բոլոր ազատությունների ամբողջական վերականգնում. մամուլի ազատություն, խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունք: Չափազանց կարեւոր է, որ ազատ արձակվեն այն անձինք, որոնց գործողությունները ոչ թե քրեական, այլ քաղաքական տարրեր են պարունակում, միեւնույն ժամանակ, հետաքննություն անցկացվի եւ դատապարտվեն ընտրական կեղծիքներ կատարած ու բռնություն կիրառած անձինք, անկախ նրանից` իշխանակա՞ն ճամբարից են, թե՞ ընդդիմության:
Այդ իսկ պատճառով, դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնումը այս երկրում առաջնահերթ խնդիր է»,- հայտարարել է նա: Իսկ հարցին, թե արդյոք իր մասնակցությունը ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնադրման արարողությանը վկայո՞ւմ է, որ ԱՄՆ-ը Սերժ Սարգսյանին համարում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ, Մեթյու Բրայզան պատասխանել է, թե ինքն ընդամենը «ամերիկացի համեստ դիվանագետ է», ով պատասխանատու է այս տարածաշրջանի համար եւ ժամանել է հաստատելու հաղորդակցման արդյունավետ ուղիներ, այն հույսով, որ կշարունակվի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Ղարաբաղի եւ անվտանգության հարցերում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը, եւ Հայաստանում վերստին ընթացք կտրվի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին: «Ես ԱՄՆ նախագահը չեմ, ոչ էլ արտգործնախարարը, ես փոխպետքարտուղարի օգնականն եմ, ով մեծապես անտարբեր չէ այս տարածաշրջանի ու այս երկրի նկատմամբ եւ հարաբերություններ հաստատելու եւ դրանց օժանդակելու պարտականություններ ունի»,- ընդգծել է Մ. Բրայզան` տեղեկացնելով, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշից որեւէ գրավոր ուղերձ ինքը չի բերել. «Ես գրավոր ուղերձ չեմ բերել, սակայն բերել եմ բանավոր ուղերձներ, որոնք փոխանցելու եմ որքան հնարավոր է շատ մարդու»: Իսկ հարցին, թե ե՞րբ է Ջորջ Բուշը շնորհավորելու Սերժ Սարգսյանին, «համեստ» դիվանագետը պատասխանել է. «Ես չեմ կարող խոսել իմ նախագահի անունից: Կարծում եմ, կլինի Հայաստանում իրադարձությունների ընթացքի վերաբերյալ արձագանք Վաշինգտոնից ամենաբարձր մակարդակով:
Եվ երբ Հայաստանի քաղաքացիները ցուցադրեն, որ իրենց գոհացնում է այն ուղին, որով շարժվում է պետությունը, իսկ իշխանությունները գործադրեն դրամատիկ քայլեր, կլինի նաեւ համապատասխան հայտարարություն նախագահ Բուշից կամ պետքարտուղար Ռայսից»:
Իսկ մինչ Բուշն ու Ռայսը կշնորհավորեն կամ չեն շնորհավորի Ս. Սարգսյանին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին լրագրողների հետ զրույցում իր եւ ԵՄ անունից շնորհավորեց նրան, ասելով. «ԵՄ-ն շնորհավորում է նախագահ Ս. Սարգսյանին ինագուրացիայի կապակցությամբ: Իսկապես Ս. Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնում է շատ կարեւոր ժամանակաշրջանում, եւ, ինչպես ինքն ասաց` շատ մարտահրավերներով: Մենք մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք նրան հաղթահարել այդ մարտահրավերները եւ նախեւառաջ մարտի 1-ի դեպքերի հետեւանքները: Դա շատ կարեւոր է, եւ ինչ-որ բան արդեն արված է: Անհրաժեշտ է երկխոսություն, եւ պետք է ամբողջությամբ վերականգնվեն ազատ հավաքներ կազմակերպելու հնարավորությունները: Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այս գործընթացներում: Անձամբ ես հաճախ եմ եղել Հայաստանում, խոսել եմ իշխանությունների, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ ընդդիմության մյուս ներկայացուցիչների հետ: Կարեւոր է, որ այդ երկխոսությունները շարունակվեն ոչ միայն միջնորդների միջոցով, այլեւ Հայաստանի քաղաքական հիմնական դեմքերի միջեւ: Սա շատ կարեւոր օր է, եւ ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին, շաբաթներին կլինեն դրական տեղաշարժեր»:
Ֆուրշետից հետո Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում ընդունեց զինվորական հանդիսավոր շքերթը: Այդ շքերթին նույնպես ոչ ոք ներկա չէր. Ս. Սարգսյանը միայնակ դուրս եկավ Ազատության հրապարակ, անցավ կարմիր գորգի վրայով, այնուհետեւ նստեց ավտոմեքենան եւ շարժվեց դեպի նախագահական նստավայր: Այստեղ Սերժ Սարգսյանին եւ նրա տիկնոջը` Ռիտա Սարգսյանին, դիմավորել են Ռոբերտ Քոչարյանն ու նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը: Երկու նախագահների առանձնազրույցից հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության` նախագահ Ս. Սարգսյանն իր տիկնոջ հետ հրաժեշտ է տվել Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններին:
Ի դեպ, երեկ ՀՀ ՊՆ լրատվական բաժնի ղեկավար Սեյրան Շահսուվարյանից հետաքրքրվեցինք, թե ինչի՞ համար էր Ազատության հրապարակում կազմակերպվել «պառադը», եւ արդյոք հնարավո՞ր չէր նախագահի երդման արարողությունն իրականացնել առանց դրա: Ի պատասխան՝ նա ասաց, որ դա ոչ թե «պառադ» է, այլ սովորական միջոցառում, որն ընդունված է անցկացնել նախագահների երդման արարողության ժամանակ. «Լրատվամիջոցներն են այս միջոցառման անունը «պառադ» դրել, այնինչ դա բոլորովին այլ բան է: Բոլոր երկրներում էլ սա ընդունված է: Պարզապես նախագահը, որպես գլխավոր հրամանատար, ընդունում է իր պարտականությունները նաեւ նրանց առջեւ»,- ասաց նա:
Հ.Գ. Ս. Սարգսյանը երեկ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո այցելել է Եռաբլուր պանթեոն: Իսկ երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: