Մոմավառություն՝ առանց ձերբակալությունների

11/04/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ, ճիշտ այն ժամին, երբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի էր ունենում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հազարավոր քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Նախատեսված էր, որ սգո արարողությունը պետք է սկսվեր ժամը 14:00-ին: Մարդիկ պետք է Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնեին, մոմ ու խունկ վառեին, սակայն ժամը 11:00-ից հետո արդեն սգացողները գալիս էին, ծաղիկներ էին դնում, խաչակնքում ու չէին հեռանում: Մյասնիկյանի արձանի հարթակը շրջափակված էր ժապավեններով, քանի որ Երեւանի քաղաքապետարանը հենց այդ օրը սկսել էր վերանորոգել հարթակի սալահատակը:

Առավոտյան, երբ դեռ Մյասնիկյանի արձանի մոտ հատուկենտ այցելուներ կային, հարակից շրջակայքը լի էր ոստիկաններով: Այնտեղ էր նաեւ արդեն բոլորին հայտնի Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ոստիկաններին հիմնականում նա էր հրահանգներ տալիս: Ժամը 12:00-ից հետո, երբ մարդկանց հոսքն ավելացավ, 15 րոպեն մեկ ոստիկանական նոր ստորաբաժանումներ էին բերվում: Վ. Օսիպյանը մարդկանց զգուշացնում էր, որ մոմ վառեն ու հեռանան: Սակայն այցելուները հեռանալու նպատակ չունեին, եւ մինչեւ ժամը 13:00-ը արձանի հարակից շրջակայքում հարյուրավոր մարդիկ էին հավաքվել: Վ. Օսիպյանը ոստիկաններին կարգադրում էր մարդկանց ետ մղել արձանի շրջակայքից: Ոստիկանները, սակայն, դանդաղում էին եւ ալարկոտ շարժումներով փորձում էին սգացողներին ինչ-որ բան բացատրել: Քաղաքացիները, սակայն, շարունակում էին կանգնած մնալ: Վ. Օսիպյանը մի քանի այլ բարձրաստիճան սպաների հետ շարունակում էր ոստիկաններին` մարդկանց ետ մղելու հրամաններ տալ: «Արա, ձեզ եմ ասում, շուտ արեք, մտեք ժողովրդի մեջ ու իջացրեք ստեղից, հրեք, ստեղից դուրս գան»,- երկար ժամանակ պահանջում էր նա:

Մենք փորձեցինք պարոն Օսիպյանից պարզել, թե ինչո՞ւ են ոստիկանները դժկամությամբ կատարում իր կարգադրությունները: «Ո՞վ ասաց, թե չեն ուզում կատարել,- հարցրեց փոխոստիկանապետն ու շրջվեց դեպի կողքին կանգնած ոստիկանը: -Դու չե՞ս ուզում մարդկանց կարգի հրավիրել»: Ոստիկանը ձայն չհանեց ու ալարկոտ տեղից շարժվեց: Մեր հարցը Վ.Օսիպյանին վրդովեցրեց, ու նա սպառնաց պատասխանատվության ենթարկել: «Դուք հիմա այստեղ պրովոկացիա եք անում, ես չեմ ասել` հրեք: Ես ասել եմ` մարդկանց խնդրեք, դուրս գան»,- բարկացած ասաց նա ու սկսեց մարդկանց հեռու գնալու խնդրանքով դիմել: Լրագրողները ժամանակ առ ժամանակ բարձրանում էին արձանի հարթակին, որպեսզի բարձրից կարողանային հետեւել սգո արարողության ընթացքին: Սակայն, երբ գնդապետ Գագիկ Մազմանյանը նկատեց, որ մարդկանց հոսքն ավելանում է, լրագրողներին պահանջեց ցած իջնել հարթակից: Ոստիկանները երկար ժամանակ առանձին խմբերով մարդկանց համոզում, «խնդրում» ու պահանջում էին՝ ծաղիկ դնելուց ու մոմը վառելուց հետո հեռանալ, սակայն ոչ ոք տեղից չէր շարժվում:

«Ինչո՞ւ պիտի գնամ, նոր եմ եկել, մոմ պետք է վառեմ, մի քիչ կանգնեմ ու հարգեմ զոհվածների հիշատակը: Էդ ո՞ր օրենքով ինձ չի թույլատրվում այստեղ կանգնել: Ես երկու ուսանող աղջիկներ ունեմ եւ ուզում եմ, որ նրանք Հայաստանից չգնան: Բայց ուզում եմ, որ աղջիկներս լավ երկրում ապրեն»,- ոստիկաններին բացատրում էր Աննա Պողոսյանը:

Հավաքված մարդիկ վրդովված էին որոշ ոստիկանների պահվածքից եւ առանց վախենալու կշտամբում էին նրանց: Որոշ ժամանակ կանգնելուց եւ ոստիկանների հետ վիճելուց հետո մարդիկ սկսեցին վանկարկել` «ազատություն», «ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն, նախագահ», «Սերժիկ, հեռացիր», «Վեհափառ` ավազակ», «պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Այս վանկարկումներից հետո նոր ոստիկանական ստորաբաժանումներ բերվեցին: Ոստիկաններից շատերի մոտ կային վահաններ ու մահակներ: Վահաններով ոստիկանները Մյասնիկյանի արձանի չորս կողմում պատ կազմեցին: Իսկ սգացողների հոսքը գնալով ավելանում էր, եւ ժամը 14:00-ին այնտեղ ավելի քան երեք հազար մարդ էր հավաքվել:

Մարտի 1-ն զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար երեկ Մյասնիկյանի արձանի մոտ էին եկել նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ.Սարգսյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը ու նույնիսկ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը: Որեւէ պաշտոնյա կամ իշխանական կուսակցության որեւէ ներկայացուցիչ, սակայն, մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու չէր եկել:

Լրագրողներն Ա. Սարգսյանից հետաքրքրվեցին` արդյոք նա հանդիպո՞ւմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ՀՀ առաջին նախագահը շարունակելո՞ւ է պայքարը: «Բազմաթիվ անգամներ, շաբաթական 2-3 անգամ հանդիպել եմ Լ.Տեր-Պետրոսյանի հետ: Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա մարդ, ով մտածում է, թե Լ.Տեր-Պետրոսյանը կարող է հետ կանգնել իր բռնած գործից: Դա բացառվում է, եւ համոզված կարող եմ ասել, որ մուսալեռցիները պինդ կող ունեն: Ամեն ինչի մասին Լ.Տեր-Պետրոսյանը կասի: Քառասունքի ընթացքում լռություն պահելը, կարծում եմ, ճիշտ էր, դրանից հետո միանշանակ կխոսի: Ես հիմա հիացած եմ իմ ժողովրդով եւ իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել: Ապրիլի 12, մարտի 1-ի առավոտն ու գիշերը տեսած մարդիկ նորից հավաքվել են: Սա ասում է, որ ժողովրդի կամքը ոչ ոք չի կարող կոտրել: Ու խորհուրդ կտայի նրանց, ովքեր ուզում են կոտրել, չփորձեն` իզուր է, դատապարտվելու են: Էս ոստիկանը ուսադիր կրող մարդ է, որը հրաման է կատարում: Համոզված եմ, որ Հայաստանի ոստիկանը սգո արարողության ժամանակ չի կարող սրտով կանգնել, վահանն ու ձեռքի փայտը ժողովրդի դեմ պահել»,- ասաց Ա. Սարգսյանը:

Իսկ Ս.Դեմիրճյանին հարցրին, թե իր կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հերթին ի՞նչ պետք է անի: «Պետք է հստակ տարանջատել քրեական հանցանք կատարած ու իրենց քաղաքական դիրքորոշումներն արտահայտող մարդկանց: Առաջնահերթ խնդիր է` դադարեցնել հետապնդումները, ազատել քաղբանտարկյալներին: Պարտադիր պետք է վերանայել «Ժողովներ, հավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը: Ինչքա՞ն կարելի է ժողովրդին արգելել: Ընդդիմությանն, ըստ էության, զրկել են գործունեության հնարավորությունից: Պետք է ընդդիմության առաջ եթերը բացել: Պարտադիր պետք է պատասխանատվության ենթարկվեն ընտրությունների ժամանակ բռնություն ու կեղծիքներ անողները»,- ասաց ՀԺԿ ղեկավարը:

Մարդկանց հատկապես շատ էր վրդովեցրել այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի երդման արարողությունը տեղի էր ունենում մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը: Հավաքվածներն այն կարծիքին էին, որ այդ միջոցառումը պետք էր հետաձգել: «Աղջիկ ջան, բա էսօրվա օրով արժե՞ր այդպիսի բան կազմակերպել: Երբ իրենց պետք է գալիս՝ Սահմանադրությունը ոնց ուզում, խախտում են, բայց էսօր ասում են, թե՝ չենք կարող խախտել: Բա էս ժողովրդի ջգրու քե՞ֆ կանեն: Բա էսօր պառադի ու սալյուտի օ՞ր էր»,- ասում է սգալու եկած Կարեն Պետրոսյանը:

Երեկ Մյասնիկյանի արձանի մոտ էր նաեւ մարտի 1-ի գիշերը զոհված 23-ամյա Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: Նա բերել էր տղայի լուսանկարը ու բարձրաձայն լացելով պատմում էր, թե ինչպես չի կարողացել որդուն ետ պահել, որ չիջնի արձանի մոտ: «Ինքը ընդհանրապես միտինգ չէր գնում, բայց էդ օրը քաղաք էր իջել, լսել էր, որ գիշերը ջարդ է եղել: Ասի` չգնաս, Տիգրան, վտանգ կա: Ասաց՝ թե վտանգ էլ լինի, պետք է իջնեմ: Դա առաջին անգամն էր: Երեկոյան ութն անց կեսից մինչեւ ինը իր հետ խոսել ենք: Ասում էր` շատ ապահով տեղ եմ, Մյասնիկյանի արձանի մոտ եմ, խարույկ է վառած, ես կանգնած եմ: Դրանից հետո ի՞նչ է եղել, տեղյակ չեմ: Հաջորդ օրը ամուսինս տղայիս չգտնելով` գնացել է Հերացու անատոմիկ ու այնտեղ է գտել դիակը: Մեզ ոչինչ չեն ասել, թե ինչից է մահացել, ասել են` հետաքննությունը ավարտվի, նոր կասենք: Բայց ես տեսել եմ, որ գլխին վնասվածք կար»,- պատմում էր զոհվածի մայրը:

Ժամը 15:00-ից հետո Մյասնիկյանի արձանի մոտ եկավ նաեւ Ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը: Նա հավաքվածներից պահանջում էր կամ ցրվել, կամ էլ փողոցի երթեւեկելի մասից հեռանալ դեպի մայթեր: Մեր հարցին, թե՝ եթե մարդիկ շարունակեն մնալ, այդ դեպքում ոստիկաններն ի՞նչ են անելու, Ն. Նազարյանը պատասխանեց. «Ուրեմն կարգի կհրավիրենք»: Սակայն, ի ուրախություն ոստիկանների, այդ պահին սկսեց անձրեւ տեղալ, ու հավաքվածները ցրվեցին: Արարողության վերջում բոլորը գոհունակությամբ նշում էին, որ ծեծուջարդ եւ ձերբակալություններ տեղի չունեցան: Սակայն ամենավերջին պահին նկատեցինք, թե ինչպես մի քանի ոստիկաններ մի երիտասարդ տղայի ու աղջկա տարան Ոստիկանության մի գնդապետի մոտ: Ոստիկանները գնդապետին զեկուցեցին, որ այդ երիտասարդներին ճանաչում են: «Նրանք մարտի 1-ին դեսպանատան մոտ կանգնած էին բորդյուրներին, բարձրացան տրոլեյբուսի վրա: Շեֆ, ես սրանց ճանաչում եմ, Օպերայում էլ եմ տեսել»,- արագ-արագ զեկուցում էր երիտասարդներին բռնած ոստիկաններից մեկը: «Կտանենք քաղմաս, կզրուցենք, կտեսնենք` ովքեր են, ու բաց կթողնենք»,- ասաց գնդապետը, որը չցանկացավ ներկայանալ: Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այդ երիտասարդներին «բերման ենթարկելու» պատճառը: Ոստիկանության սպաները չպատասխանեցին: Սակայն քիչ անց, հավանաբար՝ որպես «բարի կամքի» դրսեւորում, նրանց ազատ արձակեցին:

Իսկ Հանրապետության հրապարակում երեկոյան կայանալիք համերգի համար կառուցված հարթակում այդ ժամին տեխնիկա էին տեղադրում եւ փորձեր էին անում: Շահումյանի հրապարակում էլ տեղադրում էին հրավառության համար նախատեսված տեխնիկան: