«Մենք տրակտորների ձեռքը կրակը չենք ընկել»

13/05/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Պատճառը հոդվածում հնչած այն դիտարկումն էր, թե բազայի տնօրեն Պավել
Բաղդասարյանը տրակտորների ձեռքը «կրակն է ընկել», որովհետեւ գյուղնախարար,
դաշնակցական Դավիթ Լոքյանը չի կարողանում կազմել չինովնիկների անուններից
բաղկացած այն ցուցակը, թե ում պետք է տրամադրվեն ճապոնական դրամաշնորհով
ստացված 39 տրակտորները: Իսկ քանի դեռ որոշված չէ տրակտորների ճակատագիրը,
դրանք պետք է մնան «Նուռնուսի» բազայում: «Հոդվածում գրված է, որ
«Նուռնուսի» բազայի տնօրեն Պավել Բաղդասարյանը տրակտորների ձեռքը կրակն է
ընկել: Դա չի համապատասխանում իրականությանը: Նախ՝ Պ. Բաղդասարյանն այս
տրակտորները ստանալուց առաջ ազատվել է բազայի տնօրենի պաշտոնից, տնօրենը
ես եմ՝ Ղազարյան Աշոտը: Բացի դա՝ ձեռքը կրակն ընկնելու որեւէ բան չկա:
Հակառակը՝ մենք ավելի ենք ուրախանում, որ մեզ մոտ նոր տեխնիկա է գալիս,
զբաղվում ենք, հավաքում ենք: Դա ուրախացնող հանգամանք է, ինչքան երկար մնա
մեզ մոտ, այնքան լավ. պահպանության համար ավելի շատ գումար կստանանք,-
ասաց Ա. Ղազարյանը:

Ճապոնական դրամաշնորհով Հայաստանը գյուղատնտեսության զարգացման համար
տրակտորներ է ստանում դեռեւս 1997 թվականից. մինչ օրս իրականացվել է յոթ
դրամաշնորհ: 1997-99թթ. այդ տրակտորները գյուղկազմակերպություններին
տրամադրվել են վարձակալությամբ, իսկ 2001-2005թթ.՝ կառավարության որոշմամբ
կազմակերպվել են աճուրդներ: Այս տարի կառավարությունը որոշել է վերանայել
այդ ընթացակարգը եւ, ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ հոդվածում,
ամենայն հավանականությամբ, ճապոնական հերթական դրամաշնորհով Հայաստան
բերված 39 տրակտորները կբաշխվեն մարզերի միջեւ, ու արդեն մարզպետերը
կորոշեն, թե ում են «առավել անհրաժեշտ» այդ տրակտորները: Նշենք, որ
ճապոնական հայտնի «Կուբոտա» ֆիրմայի այս 39 տրակտորներն ունեն եւ՛
զովացուցիչներ, եւ՛ մագնիտոֆոններ: Ա. Ղազարյանը նաեւ նշեց, որ
իրականությանը չեն համապատասխանում մեր նախորդ հոդվածում հրապարակած
տեղեկությունները, թե արդեն շուրջ 6 ամիս է, այդ տրակտորները գտնվում են
բազայում. «Տրակտորի կտորներով բեռնավորված վերջին մեքենան բազա է մտել
փետրվարի 11-ին: Տրակտորները գալիս են քանդված վիճակում, մենք դրանք
հավաքել, փորձարկել, կարգաբերել ենք, եւ վերջնական աշխատանքներն ավարտել
ենք մարտի կեսերին: Մարտի 28-ից մինչեւ ապրիլի 3-ը Հայաստանում են գտնվել
ճապոնական «Կուբոտա» ֆիրմայի ներկայացուցիչները, որոնք մեզ հետ միասին
մանրակրկիտ ստուգել են տրակտորները: Դրանից հետո հինգ օր մնացել են մեզ
մոտ ու դասընթացներ են անցկացրել մեր մասնագետների հետ՝ հետագա սպասարկման
համար: Տրակտորները մեզ են հանձնել ապրիլի 1-ի ակտով, որից հետո իրավունք
կա տրակտորները շահագործելու: Այսինքն՝ տրակտորները մեզ մոտ ազատ վիճակում
գտնվում են ընդամենը 21 օր»,- պարզաբանեց «Նուռնուսի» բազայի տնօրեն Ա.
Ղազարյանը: Հոդվածում հնչած այն մեղադրանքներին ի պատասխան, թե
գյուղկազմակերպություններին թույլ չեն տալիս «մոտ գալ աճուրդին»,
որովհետեւ նախարարը նախապես հատուկ «սեւ ցուցակ» է ուղարկում, որտեղ նշված
է, թե պաշտոնյաներից ում պետք է տրվեն դրանք, Ա. Ղազարյանն ասաց. «2001թ.
սկսած` աճուրդային հանձնաժողովների նախագահն անընդհատ ես եմ եղել:
Հանձնաժողովի անդամներից մեկը եղել է Ֆինանսների նախարարությունից, իսկ
մնացած 3-ը՝ մեր հիմնարկության ինժեներներից եւ կազմակերպիչներից: Մենք
չենք հիշում որեւէ դեպք, երբ աճուրդի գա որեւէ մարդ, որեւէ գյուղացի,
գյուղկազմակերպությունից կամ որեւէ այլ տեղից, եւ նա մերժված լինի
մասնակցությունից: Եթե գտնվի նման մարդ, թող գա իմ առաջ կանգնի, ասի. ես
պատասխան եմ տալիս ոտքով ու գլխով: Չի՛ եղել նման բան: Աճուրդին մասնակցել
են բոլոր ցանկացողները, ովքեր եղել են այստեղ: Բազմաթիվ օրինակներ կարող
եմ բերել, ովքեր թերթում աճուրդի հայտարարությունը կարդալով եկել,
մասնակցել են ու գնել են: Գործին անտեղյակ մարդիկ դեզինֆորմացիա են տվել:
Այնքան անտեղյակ են, որ չեն իմանում, թե քանի՞ դրամաշնորհ է եղել, ի՞նչ
տրակտորներ են եղել, ո՞ւմ օրոք են վաճառվել: Լոքյանը ճապոնական ոչ մի
դրամաշնորհի ժամանակ չի աշխատել, սա միակն է: Նախորդ տարիների
դրամաշնորհները եղել են նախորդ նախարարների օրոք: Նախարարի կողմից ոչ մի
ցուցակ չի եղել, ընդհակառակը՝ կարող եմ պնդել նախկին նախարար Դավիթ
Զադոյանի խոսքերը. «Եթե կհայտնվի մի գյուղացի, որը գալիս է տրակտոր
առնելու, առաջին հերթին նրան տվեք՝ ամենախեղճից սկսած»: Սրբորեն կատարվել
է այդ ամենը: Բազմաթիվ մարդկանց հասցեներ կարող եմ տալ, որ գնաք-ստուգեք,
տեսնեք, որ այդ գյուղացիներին մենք տրակտոր ենք տվել: Իսկ ձեր ասած
չինովնիկների մասին կարող եմ ասել, որ այստեղ ոչ մի չինովնիկ չի եկել
տրակտոր առնելու, որ մենք նրանց դեմքերն էլ տեսած լինենք»: Մեր այն
դիտարկմանը, թե որեւէ պաշտոնյա անձամբ չէր գա բազայից տրակտոր տանելու, եւ
դա կարող էր անել միջնորդավորված, Ա. Ղազարյանը պատասխանեց. «Դե, ես ի՞նչ
իմանամ՝ միջնորդավորվա՞ծ դեպք էր, թե՞ չէ: Մարդն անձնագրով
եկել-մասնակցել-առել-գնացել է, ես ի՞նչ իմանամ՝ ո՞վ է»: Իսկ հետո նա
ավելացրեց. «Մենք հետագայում իմացել ենք, որ Էջմիածին տարած տրակտորներից
Մանվելի համար էլ է եղել: Մանվելն այստեղ չի եկել, տրակտոր չի տարել, որ
մենք իմանանք՝ Մանվե՞լն է տարել, թե՞ ուրիշը: Ում անունով տարվել է, նա է
տարել: Գրում եք, որ գեներալ Մանվելն ուրիշ պայմաններով է տարել, հետն էլ
գրում եք, որ միակ արդար աճուրդը եղել է 2001 թվին: Եթե այստեղից գեներալ
Մանվելի համար տրակտոր են տարել, տարել են 2001 թվականին: Գրում եք Հովիկ
Աբրահամյանի եւ Արմեն Ավետիսյանի մասին: Մաքսային կոմիտեից ես այստեղ մարդ
չեմ տեսել, որ գան տրակտոր տանեն: Իմ պրակտիկայում նման բան չի՛ պատահել,
եթե այդպես լիներ, գոնե մի անգամ կգային, չէ՞: Այդ տրակտորը որ
աշխատեցնում են, պետք է յուղ, ֆիլտր փոխեն, կգա՞ր մի անգամ մի պահեստամասի
հետեւից, մի բան կփչանար, չէ՞: Եթե փչանա, միակ մասնագետներն այսօր մենք
ենք, մեզ են դիմելու, չի՛ եղել նման բան: Մաքսային կոմիտեից այստեղ մարդ
չի եկել, կարող է «Մաքս-գրուպի» հե՞տ են շփոթում, նրանք այստեղից մի քանի
հատ տեխնիկա տարել են: Ոչ էլ Հովիկ Աբրահամյանն է տարել: Էդ մարդուն ես
դեռ երես առ երես հանդիպած էլ չկամ, ոչ էլ հեռախոսով եմ խոսել: Չի՛ եղել
նման բան: Արարատի մարզ տրակտորներ տարել են, բայց դա չի նշանակում, որ Հ.
Աբրահամյանն է տարել»,- վստահեցրեց Ա. Ղազարյանը: Բացի այս, Ա. Ղազարյանն
անդրադարձավ նաեւ մեկ այլ մեղադրանքի, թե այդ տրակտորները ծառայում են ոչ
թե գյուղատնտեսության զարգացմանը, այլ՝ որոշ անհատների անձնական կապիտալի
բարգավաճմանը: «Այս տրակտորները փոքր հզորության են ու նախատեսված են
անհատների համար: Սրանք կարող են սպասարկել առավելագույնը երկու-երեք
տնտեսություն: Բացի այս, սրանք ավելի շատ պիտանի են արարատյան
դաշտավայրերի համար»:

Ա. Ղազարյանը նշեց, որ «Նուռնուս» ՍՊԸ-ն զբաղվում է նաեւ գյուղսպասարկման
աշխատանքներով, եւ իրենց կազմակերպությունը ստացված դրամաշնորհներից ունի
4 կոմբայն եւ 3 տրակտոր: «Այսօր մեր տրակտորը Նուռնուս գյուղում է,
աշխատանք կար, տարել են 4 հեկտար գարի ցանեն: Մեկը չինական տրակտոր է, որը
գնել ենք աճուրդով»: Իսկ ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե նախորդ տարի
գյուղնախարարը եղել է նույն Դ. Լոքյանը, որի օրոք Հայաստան են բերվել
չինական տրակտորներ, Ա. Ղազարյանն ասաց. «Նախորդ անգամ, երբ չինական
տրակտորները բերեցին, Լոքյանը եկել է, նայել է եւ՛ հավաքելու ընթացքում,
եւ՛ վերջում: Չինականը ճապոնական դրամաշնորհ չի: Չինականը Չինաստանի
կառավարության նվերն էր Հայաստանի կառավարությանը: Լոքյանը եկել է, նայել
է, որից հետո շնորհանդես է եղել, ստորագրվել է հանձնման-ընդունման ակտ,
որին մասնակցել է նաեւ վարչապետը, Չինաստանի դեսպանը: Իսկ աճուրդից 15 օր
առաջ հայտարարություն է եղել թերթերում, ու, կարծում եմ, բոլոր պիտի
տեղյակ լինեին դրա մասին: Գրեթե բոլոր մարզերից, գյուղերից եկել,
տրակտորներ են տարել: Այնպես որ՝ բոլորն էլ իմացել են»: