«Կառավարման արվեստին տիրապետում է այն ղեկավարը, ով չի թողնում մարդկանց ծերանալ իրենց պաշտոնում»
Նապոլեոն I
Այսօր Հայաստանն արթնացավ նոր Հայաստանում: Համենայնդեպս, հուսով եմ, որ դա այդպես է: Եվ հավատացնում եմ ընթերցողին, որ իմ այս մտքերն անկեղծ են:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապրիլի 8-ի վերջին ուղերձի խոսքում ինձ ամենաշատը զարմացրին հետեւյալ խոսքերը. «…Ներողություն եմ խնդրում նրանցից, ում կյանքն այս տարիներին չի բարելավվել: Նրանցից, ում սպասումները չեն արդարացվել, իսկ երազանքները չեն կատարվել:…»: Անկեղծ լինեմ: Նախ հաճելիորեն զարմացած եմ, որ ՀՀ երկրորդ նախագահը կարող է որեւէ մեկից ներողություն խնդրել: Եվ երկրորդ` արդեն մեկ ամսից ավելի է, ինչ վերջին ամիսների իրադարձությունների մասին տարբեր մակարդակի բոլոր վերլուծություններում նշվում է, որ մարդկանց բողոքի հիմքում ամենեւին էլ սոցիալական խնդիրը չէ: Իհարկե, ոչ մեկը չի ասում, որ Հայաստանի քաղաքացիներն այսօր ունեն Շվեդիայի կամ գոնե Չեխիայի բնակիչների կենսամակարդակը: Բայցեւ չի կարելի հերքել այն փաստը, որ վերջին տասը տարիների ընթացքում մեր հայրենակիցներից շատ-շատերի սոցիալական պայմաններն էապես բարելավվել են: Այդ թվում եւ՝ իմը: Եվ դա է պատճառը, որ անհասկանալի են դառնում ուղերձում հնչած հենց այդ խոսքերը: Ավելի հասկանալի կլիներ, եթե նախագահը ներողություն խնդրեր, ասենք, «մականունավոր ղեկավարների բազմացման» կամ իր իսկ կողմից «դավաճան» բնութագրված Արթուր Բաղդասարյանին՝ դասական քաղաքատնտեսության «փող-ապրանք-փող» բանաձեւի օրինակով (Գուրգեն Արսենյանը վկա)` «իշխանություն-ընդդիմություն-իշխանություն» խաղացնելը: Արդյունքում, այդ մարդիկ վաղը-մյուս օրը անվտանգության խորհուրդ են ղեկավարելու:
Փորձենք մի քանի զուգահեռներ անցկացնել մեր ժողովրդի կողմից այդքան սիրված Ռուսաստանի հետ: 2000թ. Վլադիմիր Պուտինը փոխարինեց իրեն վարչապետ նշանակած Բորիս Ելցինին: Սկզբից թվում էր, թե Պուտինն իր նախորդի օրգանական շարունակությունն է: Առավել եւս, որ Ելցինի ողջ ռեսուրսները ջանք ու եռանդ չխնայեցին Վ. Պուտինին նախագահ դարձնելու գործում: Սակայն ժամանակի ընթացքում նույն այդ Պուտինը կամաց-կամաց ազատվեց իրեն իշխանության բերած «սեմյայի» շատ անդամներից: Բերեզովսկին փախավ Անգլիա, Խոդորկովսկին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, Կասյանովը պաշտոնանկ արվեց, Նեմցովն ու շատ համախոհներ այսօր ունեն այնքան վարկանիշ, որքան, օրինակ, Արտաշես Գեղամյանը Հայաստանում, իսկ մնացածը խելոք սկսեցին հարկեր վճարել: Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ Ռուսաստանում իդեալական իրավիճակ է: Սակայն մի բան ակնհայտ է` Վ. Պուտինը 2000թ. նախագահ ընտրվեց 52.8 %-ով, իսկ 8 տարի հետո այդ պաշտոնը լքում է 73-74 % վարկանիշով: Չեմ կարծում, որ սա միայն սոցիալական վիճակի բարելավման հետեւանքն է: Պարզապես ՌԴ շատ քաղաքացիներ հավատացին իրենց այն ղեկավարին, որը վերականգնեց արդարությունը եւ օրենքի հավասարությունը բոլորի համար: Եվ վերականգնեց այն ոչ թե հեռուստահաղորդավարների տեքստերում, այլ գործնականում: Ու հիմա աշխարհը ստիպված է հաշվի նստել անհամեմատ ուժեղ Ռուսաստանի ուժեղ ղեկավարության հետ: Որքան էլ որ դա, այսպես կոչված, ժողովրդավարական Արեւմուտքի` կրկնակի ստանդարտներով ղեկավարվող քաղաքական գործիչների համար տհաճ լինի: Աշխարհն ավելի պրագմատիկ է, քան մեզ թվում է: Պատահական չէր, որ Սոչին դարձավ օլիմպիական մայրաքաղաք, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն այս տարի անցնելու է Մոսկվայում: Պատահական չէ, որ Ռուսաստանում սկսեցին կրկին նկարահանվել բարձրորակ ֆիլմեր, եւ գիտությունը կրկին առաջնային տեղ է գրավում:
ՌԴ օրինակը բերելով, ոչ մի «նամյոկ» չեմ ուզում անել, սակայն համաձայնեք, որ վերոնշյալ վիճակագրության հետ վիճելն անիմաստ է:
Իսկ ես հուսով եմ եւ հավատում եմ, որ մեզ մոտ էլ կլինի այն, ինչի պակասն այսօր զգում է ժողովուրդը: Ես հայ քրիստոնյա եմ: Իսկ քրիստոնեության հիմքում ընկած են հույսը, հավատը եւ սերը:
Բայց, Աստված մի արասցե, եթե չարդարացվեն այն հույսն ու հավատը, որի արդյունքում մեր ժողովուրդն իր վստահությունն, առայժմ ավանսով, տվել է նոր նախագահին: