Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը` ավելացնելով, որ այսօրվանից ունենալու ենք ընդամենը դե ֆակտո նախագահ, ինչպես արդեն եղել է չորս անգամ. «Ի տարբերություն նախորդ երկու նախագահների` այս նախագահի լեգիտիմության վերաբերյալ կասկածները սկսվում են նրա պաշտոնավարության առաջին ժամկետից: Իսկ դա ավելի է բարդացնում երկրի ու ժողովրդի վիճակն ու արտաքին եւ ներքին մարտահրավերների համաժողովրդական դիմագրավման հնարավորությունները»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ այս նախագահական ընտրություններից հետո եղած ցնցումներն ավելի մեծ էին: Իսկ դրանց արդյունքում հասարակության երկփեղկվածություն է առաջացել. «Բեւեռացման ենթարկվեցին հասարակական ու քաղաքական գրեթե բոլոր ուժերը: Նման իրավիճակից դուրս գալու, այն հաղթահարելու փորձ դեռ չունենք, սակայն այս պարագայում յուրաքանչյուրի պարտքն է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ,- նշել է նա` ավելացնելով, որ ստեղծված իրավիճակից դուրս գալը ոչ միայն ընդդիմության ու իշխանության, այլեւ բոլորի խնդիրն է։- Մեր կուսակցությունը, ունենալով փորձ, ավանդույթներ, հաղթահարել է իր ներսում առաջացած որոշ խնդիրներ եւ առաջիկայում պատրաստվում է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»: Ի դեպ, ՍԻՄ-ը նախատեսում է քննարկումներ կազմակերպել` իրավիճակից դուրս գալու ճանապարհ առաջարկելու համար, թեեւ առանց քննարկումների էլ Հ. Խաչատրյանը գիտի, որ հիմնական ելքը երկխոսությունն է: Այնուամենայնիվ, Հ. Խաչատրյանի խոսքերով` ՍԻՄ կուսակցությունը պատրաստ է ի նպաստ հասարակությանն ու պետությանը յուրաքանչյուր լավ նախաձեռնություն ողջունել եւ աջակցել: ՍԻՄ նախագահը ուժ ու կարողություն է մաղթել յուրաքանչյուրին, մասնավորապես` ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին` բոլոր լավ, բարի նախաձեռնություններն իրականացնելու համար: Ասուլիսի ընթացքում Հրանտ Խաչատրյանն անդրադարձել է նաեւ «Իրավունք» թերթի ու ՍԻՄ ներքին խնդիրներին։ «Այսօր մենք գտնվում ենք արգելված վիճակում` «Իրավունքը» չի տպագրվում, իսկ Հայկ Բաբուխանյանին էլ տրված է «ՍԻՄ» նախագահի վկայական»,- ասել է ՍԻՄ նախագահը: Նրա հավաստմամբ` ՍԻՄ-ը, բացի իրական վկայականից, ունի նաեւ երկրորդ` կեղծ վկայականը: Ուստի դրա հիման վրա նոր կնիք ձեռք բերելը ոչ մի դժվարություն չի ներկայացրել: Հ. Խաչատրյանի կարծիքով` այդ կեղծ վկայականը գործի է դրվել միայն նրա համար, որպեսզի իրենց թերթի տպագրությունը դադարեցվի եւ բանկային հաշիվը սառեցվի. «Նոր վկայականը տրվել է պետական ռեգիստրի կողմից` կեղծ հայտարարության հիման վրա, այսինքն` հիմք ընդունելով Հայկ Բաբուխանյանի` մամուլում հրապարակված կեղծ հայտարարությունը, թե իբր իսկական վկայականն ու կնիքը կորել են»: Ի դեպ, Հրանտ Խաչատրյանը ասուլիսին ներկա լրագրողներին ցույց է տվել իր հետ բերած «կորած կնիքը»: