Երեւանյան օրվա քրոնիկոն

11/04/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը՝ երդվելով Սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա։ Երեկվա իրադարձություններին կողքից կամ, ավելի ճիշտ՝ հեռուստաէկրանից հետեւած մարդկանց համար ամեն ինչ սովորական էր՝ թե՛ երդման արարողությունը, թե՛ դրան հաջորդած զորահանդեսը։

Զորահանդեսը տեսած մարդիկ միայն կարող էին հարցնել՝ իսկ ինչո՞ւ սովորական քաղաքացիներ, մեդալներով զարդարված տարեցներ, փուչիկներով երեխաներ չկային, չէին հետեւում այդ ամենին։ Պատասխանը պարզ է՝ չկային, որովհետեւ ոստիկանները շարքային քաղաքացիներին չէին թողնում 1 կիլոմետրից ավելի մոտենալ Ազատության հրապարակին։ Օրինակ, Թումանյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից սկսած` փակ էր անգամ հետիոտնի համար։ Անգամ այն մարդիկ, ովքեր ապրում են այդ փողոցում, իրավունք չունեին տուն գնալ։ Էլ չենք խոսում այն մասին, ովքեր պարզապես ուզում էին շաուրմա ուտել Թումանյան փողոցի վրա գտնվող շաուրմայանոցում։ Ժամը 3-ից հետո կուտեք՝ ասում էին ոստիկանները։ Իսկ հաջորդ հարցը, որը թերեւս ավելի կարեւոր է, պատասխան կարծես չունի. ինչո՞ւ չէին թողնում, եւ, ի վերջո՝ ո՞ւմ համար էր կազմակերպվել այդ զորահանդեսը։ «Հայլուրի՞»։

Ընդհանրապես, օրվա հարցականները շատ էին։ Թվում էր՝ հայտնվել ես այլ մոլորակում, որտեղ լրիվ ուրիշ, անհասկանալի բարքեր ու օրենքներ են։ Երդման արարողությանը զուգահեռ՝ նույն ժամին քաղաքացիները փորձում էին ծաղիկներ դնել Մյասնիկյանի արձանի մոտ՝ մարտի 1-2-ին զոհված մարդկանց հիշատակին։ Ասում եմ՝ «փորձում», որովհետեւ ոստիկանները մարդկանցից շատ էին եւ այնպես էին շրջապատել խեղճ Մյասնիկյանին, ասես մարդիկ պատրաստվում էին քարե արձանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնել։

Հետո՝ մի քանի քայլ բարձրանում ես վերեւ, եւ դեռ Հանրապետության հրապարակին չհասած՝ լսում ես՝ «ռա՛ս, ռաս՛…»՝ բարձրախոսներն են փորձարկում, նախապատրաստվում են երեկոյան համերգին, օդապարիկներով միջոցառմանը։

Մյասնիկյանի արձանի մոտից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհի վրա գտնվող Կենտրոնական բանկի շենքն էլ ակամայից ստիպում է մտածել Տիգրան Սարգսյանի մասին։ Նա էլ արդեն վարչապետ է։ Ինչպիսի՞ն պետք է լինի վարչապետը։ Մի քանի օր առաջ այս հարցին պատասխանում էր Արթուր Բաղդասարյանը՝ բարի համբավ ունեցող, քաղաքականապես փորձառու, քաղաքական դաշտին ծանոթ, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ ունեցող։ Մանավանդ վերջինը իդեալական կերպով է համապատասխանում Տիգրան Սարգսյանին։ Մյուսներն էլ են համապատասխանում։ Միայն առաջինը՝ «բարի համբավ ունեցողը», կարող է ոչ միանշանակ ընդունվել՝ որքան մարդ, այնքան կարծիք։ Ընդամենը մեկ տարի առաջ ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում պարբերաբար հայտնվում էր փոխարժեքի տատանումը, որպես մեղավոր էլ նշվում էր ԿԲ նախագահի անունը։ Հենց միայն սրա համար մարդիկ պատճառներ ունեն՝ Տ. Սարգսյան վարչապետով չուրախանալու համար։ Թեեւ պետք է նշել, որ ի տարբերություն մյուս պաշտոնյաների՝ Տ. Սարգսյանը հարցերին պատասխանելուց չէր խուսափում, փորձում էր օբյեկտիվ պատճառներ նշել, չէր լռում։ Բայց սա էլ այնքան էական չէ։ Ավելի էական է՝ նրա հետագա աշխատանքը որպես վարչապետ։ Օրինակ, դժվար է պատկերացնել՝ Տ. Սարգսյանն ինչպե՞ս է աշխատելու կոալիցիոն կառավարության՝ ՕԵԿ-ական անդամների հետ։ Հենց փորձում ես պատկերացնել, անկախ քեզանից հիշում ես դեմքի ջղային արտահայտությամբ, պաթետիկ ձայնով «դոլար-դրամ խայտառակ տատանումներից» եւ «գրպանվող գումարներից» խոսող Արթուր Բաղդասարյանին։ Ո՞ւմ նկատի ուներ նա, երբ քննադատում էր «փոխարժեքային խաղերը»։ Եթե անձամբ ինչ-որ մեկին նկատի ուներ, ապա դա պետք է որ, առաջին հերթին, Տ. Սարգսյանը լիներ։ Իսկ եթե օդի մեջ էր ասում, ապա ի՞նչ երաշխիք, որ «մեկնած ձեռքը սեղմելու» ազնիվ մղումն էլ օդի մեջ ասված գեղեցիկ խոսք չէր։ Պակաս դժվար չէ պատկերացնել նաեւ Տիգրան Սարգսյանին՝ ՀՀԿ-ական կամ ԲՀԿ-ական որեւէ նախարարի խիստ տոնով նկատողություն անելիս, մանավանդ, որ նրանք էլ երջանկությունից չեն փայլում նոր վարչապետի ընտրությամբ, թեկուզեւ միահամուռ կողմ են քվեարկել։ Դա դժվար է պատկերացնել նաեւ այն պատճառով, որ Տ. Սարգսյանն ինտելիգենտ, կիրթ մարդ է։ Առաջին հերթին հենց այդ կիրթ լինելն էլ կարող է խանգարել նրան, քանի որ յուրաքանչյուրի հետ պետք է իր լեզվով խոսել։ Ստացվում է՝ կամ պետք է ունենանք շա՜տ բարի կառավարություն, իրենց գործը փայլուն կատարող նախարարներ, ովքեր միմյանց դիմում են միայն «Դուք»-ով եւ անուն-հայրանունով, կամ էլ՝ Տ. Սարգսյանն օրումեջ պիտի զանգի «վերեւ»՝ բողոքելու, թե՝ այսինչը չի լսում, այնինչը նիստերից ուշանում է, այն մեկը ծամոն է ծամում նիստի ժամանակ… Ամեն դեպքում հեշտ չի լինելու, այնպես որ, Տ. Սարգսյանին կարելի է մաղթել համբերություն եւ բախտ՝ «ուշիմ» ենթականեր ունենալու առումով։

Վերադառնանք երեկվան։ «Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կո՛չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը»,- սա մի հատված է Սերժ Սարգսյանի խոսքից՝ երդմնակալության արարողության ժամանակ:

Լուրերին հետեւած մարդիկ, այդ թվում՝ նրանք, ովքեր Ս. Սարգսյանին չեն ընտրել, միգուցե այս խոսքերը լսելով` մտածել են՝ կարող է իսկապես ինչ-որ բան փոխվի՞ դեպի լավը, վերանա այս համատարած լարվածությունը, քանդվեն պատերը։

Իսկ այն մարդիկ, ովքեր ոչ թե լուրերին էին հետեւում, այլ պարզապես քայլում էին Երեւանի փողոցներում, հենց այդ խոսքերն արտասանելու պահին քաղաքում դեմ էին առնում ոստիկաններից կազմված կենդանի պատերի՝ Մյասնիկյանի արձանի մոտ, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, դեպի Ազատության հրապարակ տանող բոլոր ճանապարհներին։ Այնպիսի տպավորություն էր, կարծես քաղաքի բոլոր ճանապարհները տանում են դեպի փակուղի, եւ նորընտիր նախագահը պաշտպանվում է սեփական ժողովրդից:

Իսկ այս ամենը կարող էր այսպես չլինել։ Կամ՝ չպետք է այսպես լիներ։ Քաղաքում պետք է լիներ տոն, ընտրված նախագահը պետք է ուրախ լիներ, ճանապարհները բաց լինեին, ատելություն չլիներ… Ի վերջո, առաջին անգամն է, որ Հայաստանում նախագահ է փոխվում՝ ընտրությունների արդյունքում։ Մինչդեռ քաղաքը մռայլ էր՝ չնայած «Հայլուրի» հաղորդավարի եթերային ժպիտին։

Շատերը, սակայն, հույս ունեն, որ մռայլությունը կանցնի։ Գոնե հենց այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ոչ թե ասում էր՝ «Ես որեւէ մեկի հետ երկխոսության պատրաստ չեմ», այլ ասում է` «Ես համագործակցության եզրեր եմ փնտրելու բոլոր քաղաքական ուժերի հետ»:

Իրականում վիճակը շտկելու համար հատուկ քայլեր պետք չեն, ոչ էլ հատուկ ելույթի անհրաժեշտություն կա։ Միայն երդման տեքստը բավական է. «Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, երդվում եմ՝ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները…»։ Իսկ ի՞նչ է ընդդիմության եւ «չարտոնված հանրահավաքներին» մասնակցող հազարավոր մարդկանց ուզածը՝ նույն բանը. որ Սահմանադրության պահանջները կատարվեն, մարդու եւ քաղաքացու իրավունքներն էլ հարգվեն։

Այդ իրավունքների մեջ մտնում է նաեւ մարդու ազատ տեղաշարժվելու, իր սեփական տուն գնալու, կամ, որքան էլ զավեշտալի լինի, անգամ շաուրմա ուտելու իրավունքը՝ օրվա ցանկացած ժամին, քանի որ, եթե ինչ-որ բան օրենքով արգելված չէ, ապա մարդն իրավունք ունի դա անել։ Ու միգուցե ճիշտ կլիներ Սահմանադրության պահանջների կատարումը սկսել հենց նույն պահից՝ պարզապես մարդկանց թույլ տալով օգտվել կեսօրին շաուրմա ուտելու իրենց իրավունքից։