«ՄԱՐՍԸ»՝ մարսելուց առաջ եւ հետո

13/05/2005 Արսեն ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դեռեւս ԽՍՀՄ տարիներին, տեխնոլոգիապես բարձր գործարաններ կառուցելու
նպատակով, խորհրդային իշխանությունները պայմանագրեր են կնքում մի շարք
արտասահմանյան երկրների առաջատար կազմակերպությունների հետ: Այդպիսի
խոշորագույն գործարքներից էր վերակառուցումից հետո ծրագրավորվող
Հրահանգասարքերի գործարանի հիմնադրումը, որոնցից մեկը, շնորհիվ Կարեն
Դեմիրճյանի, պետք է իրականացվեր Հայաստանի Հանրապետությունում: Համանման
մյուս գործարանի հիմնադրումը նախատեսված էր Լենինգրադում:

1988 թվականին, համաձայն Խորհրդային Միության «Տեխնոպրոմ իմպորտ» եւ
անգլիական «Սայմոն քարսի» ընկերության միջեւ կնքված պայմանագրի, սկսվում
են «Մարս» գործարանի շինարարական աշխատանքները: Միեւնույն ժամանակ,
լենինգրադյան նախագիծն իրականացվում էր իտալական «Օլիվետտի» ֆիրմայի
միջոցներով: «Մարս» գործարանի շինարարական աշխատանքները Հայաստանում
իրականացնում էր հարավսլավական շինարարական ընկերությունը: Պայմանագրի
համաձայն, «Սայմոն քարսի» տրամադրած 250 միլիոն ֆունտ ստեռլինգը
նախատեսված էր շինարարության, սարքավորումների ձեռքբերման եւ անձնակազմի
ուսուցման համար: Սովետական Միությունն իր վրա էր վերցրել գործարանի
աշխատակիցների աշխատավարձերի եւ կենցաղային ծախսերի վճարումը: Շինարարական
աշխատանքներում ներգրավված էին շուրջ 1000 արտասահմանյան մասնագետներ,
որոնց շարքերն աստիճանաբար համալրվեցին տեղական կադրերով: Մարսը
նախատեսվում էր գործարկել տարեկան 25.000 հրահանգավորող սարք արտադրական
հզորությամբ, որը պետք է բավարարեր ողջ ԽՍՀՄ պահանջները: Սակայն ԽՍՀՄ
փլուզումն իր բացասական անդրադարձն ունեցավ գործարանի հետագա կառուցման եւ
շահագործման վրա: Էներգետիկ ճգնաժամի եւ ֆինանսավորումը դադարեցնելու
պատճառով՝ 1992 թվականի դեկտեմբերին արտասահմանյան մասնագետներն, անավարտ
թողնելով շինարարությունը, լքում են շինհրապարակը՝ այդպես էլ չկատարելով
պայմանագրի պահանջները: Սակայն գործարանի կոլեկտիվը՝ տնօրինությամբ
հիմնադիր Ստեփան Դեմիրճյանի, կարողանում է միջոցներ հայթայթել եւ մինչեւ
տարվա վերջ գործարանը մասնակիորեն հանձնել շահագործման: Փաստորեն,
գործարանի վերջնահարդարման, ինչպես նաեւ՝ սարքավորումների կարգաբերման
աշխատանքները կատարում են հայ մասնագետները: Շահագործման օրվանից այս
արդյունաբերական հսկան մշտապես աշխատել է իր հզորությունների չնչին մասով
եւ չի ծառայել այն նպատակին, ինչի համար նախատեսված էր: Փոխարենը, ինչպես
նշում է Ստեփան Դեմիրճյանը, այս ճկուն հնարավորությունների տեր գործարանն,
այնուամենայնիվ, ոչ մեծ ծավալներով արտադրանք տվել է, որը արտահանվել է
թե՛ Ռուսաստան, թե՛ եվրոպական երկրներ եւ թե՛ Միացյալ Նահանգներ:
Սկզբնական շրջանում «Մարսը» ֆրանսիական պատվիրատուի համար հավաքել է
հեռախոսներ, ապա շվեցարական «Ֆելլա» ձեռնարկության հետ համատեղ այն
ժամանակ գերժամանակակից համարվող տեխնոլոգիաներով արտադրել է գայլիկոններ,
որոնց պահանջարկը մեծ էր հատկապես ատամնաբուժության բնագավառում, զբաղվել
է գործիքաշինությամբ: 93-ից հետո այս գերհզոր ձեռնարկությունում առաջանում
է նոր տեխնոլոգիաների, հետեւաբար՝ ներդրումների խնդիր, որն էլ «Մարսը»
տենդերային վաճառքի ցուցակներում ներգրավելու պատճառ է հանդիսանում: Այս
պարագայում գործարանի նախկին աշխատակիցները նշում են, որ Դեմիրճյանի
շնորհիվ՝ գործարանը չի ենթարկվել թալանի, եւ մինչեւ օրս պահպանվում են
շուրջ 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ համակարգչային մամլիչները եւ
մյուս տեխնիկական սարքավորումները: Ինչպես հիմնադիրն է նշում, «կոլեկտիվը
բազմաթիվ իրատեսական առաջարկներ է ներկայացրել գործարանի հզորությունները
լիարժեք եւ արդյունավետ օգտագործելու առումով», սակայն դրանք բոլորն էլ
մերժվել են կառավարության կողմից, առանց հիմնավորման, քանի որ այլ
առաջարկներ ըստ էության չեն եղել, բացի այդ, 3 տարի դրված լինելով
տենդերի, արտասահմանյան համագործակցել ցանկացող կազմակերպությունները չեն
համարձակվել լուրջ առաջարկներ ներկայացնել փաստորեն «անհեռանկար» այս
կազմակերպությանը: Ապա 2002 թվականին «Մարսը» «Գույք՝ պարտքի դիմաց»
ծրագրի շրջանակներում հանձնվում է Ռուսաստանի կառավարությանը: Գործարանի
գնահատումը գործարքին քաջատեղյակ մեր աղբյուրը համարում է խիստ
սուբյեկտիվ, քանի որ իրական գին որոշելու համար այն պետք է աշխատեր իր ողջ
հզորությամբ: Իսկ «Գույք՝ պարտքի դիմաց» գործընթացում «Մարսն» ընդգրկելը
շատերը համարում են քաղաքական հակահարված ուղղված ընդդիմության շարքերում
հայտնված այժմ արդեն նախկին տնօրեն Ստեփան Դեմիրճյանի դեմ:

Ռուսական կողմը գործարանի տնօրեն է նշանակում ռուսաստանցի մեր հայրենակից
Ռադիկ Վանունցին: Վանունցի օրոք երբեւէ պարտքեր չունեցող գործարանը
կուտակում է հսկայական պարտքեր: Ասում են, թե պարտքեր կուտակելը լավագույն
միջոց է՝ ամենաթանկ կազմակերպությունն ամենաէժան գնով սեփականացնելու
համար: Սակայն ռուսական կառավարությունն անվստահություն հայտնելով իր իսկ
կողմից նշանակված տնօրենին, նրա փոխարեն նշանակում է արդեն հայաստանցի
Սամվել Գրիգորյանին: Սակայն այս մեկի օրոք էլ մինչ օրս դրական տեղաշարժեր
չեն նկատվել: Ինչպես գործարանի փոխտնօրեն Հրաչիկ Կարապետյանն է համոզում,
ներկայումս «ռուսական կողմը պատրաստվում է խոշոր ներդրումներ անել, եւ մի
10 օրվա ընթացքում էդ հարցերը պարզ կլինեն»: Սակայն Ստեփան Դեմիրճյանն այլ
կարծիքի է. «այս գործարանն անհրաժեշտ է ոչ թե ֆինանսավորել, այլ լուծել
կայուն պատվերների հարցը, այն ժամանակակից եւ լավ պահպանված է, այստեղ
էական չէ տեխնիկական վերազինումը»: Ներկայիս ռուսական կողմի ֆինանսավորման
մասին տարածված շշուկներին նախկին տնօրենը վստահությամբ չի նայում ու
ավելացնում է. «կապրենք՝ կտեսնենք: Բայց ես այսօր հստակ ծրագիր չեմ
տեսնում»: Այժմ գործարանում, ըստ տնօրինության հավաստիացումների, կան
շուրջ 320 աշխատակիցներ՝ 60.000 դրամ միջին աշխատավարձով: Մնում է միայն
զարմանալ, թե ներդրումների խոշոր հեռանկարներով գործարանն ինչո՞ւ է
հաստիքների եւ աշխատավարձերի կրճատում նախատեսում, հատկապես այն
պարագայում, որ, ըստ փոխտնօրեն Կարապետյանի, ներդրումներից հետո «Մարսը»
չի պատրաստվում փոխել իր արտադրության ուղղությունները՝ գործիքաշինություն
եւ էլեկտրոնիկա: Անդրադառնանք Լենինգրադում կառուցված համանման գործարանի
ճակատագրին՝ ըստ էության երբեւէ չաշխատած այդ գործարանն այսօր արդեն
վերածվել է ծխախոտի գործարանի: Մնում է միայն հուսալ, որ «վերազինման»
բնագավառում մեծ փորձ ունեցող ռուսական կառավարությունը չի փոխի իր
դիրքորոշումն այս արդյունաբերական հսկայի ճակատագրի վերաբերյալ, քանի որ
մեր մտահոգող հարցերն՝ ուղղված Առեւտրի եւ տնտեսական զարգացումների
նախարարությանը՝ թե ի՞նչ պայմաններ ու պարտավորություններ են առաջադրվել
գործարանի վաճառքի ժամանակ, չի՞ սպառնում արդյոք «Մարսին» ծխախոտի
գործարանի վերածվելու վտանգը, ինչպե՞ս է վերահսկվում նրա
գործունեությունը, եւ շատ այլ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան:
«Մարսի» հիմնադիր-տնօրեն Ստեփան Դեմիրճյանն էլ ցավով է խոսում գործարանը
հանձնելու պետության ծրագրի մասին, քանի որ «երբեւէ որեւէ կառավարություն
այս գործարանով լուրջ չի զբաղվել, տեղյակ չեն, չեն էլ հասկացել, թե ինչ է
իրենից ներկայացնում այս գործարանը: Ամենը, ինչ արվել է՝ կոլեկտիվի
շնորհիվ է: Սա այն դեպքն է, երբ կոլեկտիվը լիարժեք իրավունք ուներ
մասնավորեցնելու: Դա վաստակած իրավունք էր»: