Նոր առաջարկներ

11/04/2008

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) Իրանին ուղղված լրացուցիչ առաջարկություններ է պատրաստում իրանական միջուկային հիմնախնդրի կարգավորման համար: «Այդ առաջարկությունները շատ ավելի ընդգրկուն են, դրանք վերաբերում են թե՛ էկոնոմիկային, թե՛ տարածաշրջանի անվտանգության, թե՛ ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հարցերին»,- ասել է Լավրովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում: Նա նշել է, որ խոսքն Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին չէ: «Տակավին չի լրացել այն 90 օրը, որ Թեհրանին տրված է «վեցյակի» առաջարկություններին պատասխանելու համար, եւ մենք սպասելու ենք Իրանի արձագանքին: Չեմ կարծում, որ այդ արձագանքը հարյուր տոկոսով կբավարարի բոլորին, բայց, այդուհանդերձ, Իրանին ուղղված լրացուցիչ առաջարկությունների նախապատրաստում է ընթանում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը: