Շրջանառության մեջ նոր հողեր մտցնելը թույլ կտա զգալիորեն ավելացնել ռուսաստանյան հացահատիկի արտահանումը: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեեւը: «Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա կարիք կա արտահանումն ավելացնել մինչեւ 25-30 միլիոն տոննա»,- ասել է նա Ազգային ապրանքասակարանում ցորենի ապառնագրերի աճուրդի բացման հանդիսավոր արարողությունից հետո:
Գորդեեւը հիշեցրել է, որ, կանխատեսման համաձայն, այս տարի ՌԴ-ում հացահատիկի բերքը կկազմի 85 միլիոն տոննա, ինչը 3 միլիոնով ավելի է, քան 2007թ.: «Դա թույլ կտա ընթացիկ տարում արտահանական ներուժը պահպանել 15 միլիոն տոննայի չափով եւ ՌԴ-ում լիովին կապահովի պարենային եւ կերի հացահատիկի պահանջմունքները»,- ասել է գյուղնախարարը: Նա նշել է, որ հացահատիկային ապառնագրերի առեւտրի սկիզբը համարում է մինչեւ 2012թ. գյուղատնտեսության զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը: «Դա թույլ կտա կայունացնել գները»,- գտնում է նախարարը: Գորդեեւի կարծիքով, սակարանային աճուրդը սկսվելու համեմատ գործարարությունն ավելի ակտիվորեն ներդրումներ կկատարի ապագա բերքի բնագավառում: «Մենք կարծում ենք, որ 6000-7000 ռուբլի գինը լավ գին է, որը թույլ կտա ներդրողների ուշադրությունը հրավիրել գյուղատնտեսության վրա եւ ավելացնել հացահատիկի արտադրությունը»,- հավելել է նա: Գյուղնախարարության ղեկավարը հիշեցրել է, որ գյուղատնտեսության զարգացման ծրագիրը խնդիր է դնում մինչեւ 2012թ. ՌԴ-ում հացահատիկի արտադրությունն ավելացնել մինչեւ 100 միլիոն տոննա: Բացի դրանից, սակարանային առեւտուրը շուկայի մասնակիցներին թույլ կտա ապահովագրել հացահատիկի գների անբարենպաստ փոփոխությունների հետ կապված ռիսկերը, պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը, արտաքին շուկայում բարձրացնել հայրենական արտադրողների մրցունակությունը, ինչպես նաեւ՝ աճուրդներում ներգրավել Ղազախստանի եւ Ուկրաինայի հացահատիկային շուկայի մասնակիցներին:
«Մենք մեծապես հուսով ենք, որ գլխավոր արտադրողները՝ Ղազախստանը եւ Ուկրաինան, Ռուսաստանի հետ համատեղ կաշխատեն այս շուկայում եւ կօգտագործեն այս սակարանը»,- ասել է Ալեքսեյ Գորդեեւը՝ նշելով, որ այդ երկրները կարող են ՌԴ-ի հետ միավորել իրենց ջանքերն՝ արտաքին շուկաներ դուրս գալու համար: