Նոր էջ բացելու համար հինը փակել է պետք

11/04/2008 Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ

Գաղտնիք չէ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը մասնակցում են նաեւ աշխարհիկ պատվիրակներ, ուստի, թեպետ պատվիրակված, այնուամենայնիվ, մեր ազգի հոգեւոր առաջնորդին ընտրում ենք ազգովի: Սա, անշուշտ, ունի իր տրամաբանությունը:

Փորձ չեմ անի խորը վերլուծություն կատարել այս հարցում, քանզի սա իմ ոլորտը չէ, պարզապես նշեմ, որ հավանաբար այս կարեւոր առանձնահատկությունը մեծապես պայմանավորված է եղել նրանով, որ տեւական ժամանակ պետականություն չենք ունեցել, եւ Հայ Առաքելական եկեղեցին իր վրա է վերցրել ազգապահպան այնպիսի գործառույթներ, որոնք հատուկ են պետությանն ու նրա ինստիտուցիոնալ կառույցներին: Թեպետ, իներցիայի ուժով, հիմա էլ ենք հայացքներս հառում Մայր աթոռին` ակնկալելով ավելին, քան կարող է նրան վերապահված լինել աշխարհիկ պետության շրջանակներում, նաեւ հաշտարարի դերակատարություն` ներքաղաքական բարդ կոնֆլիկտների հանգուցալուծման գործում: Մինչդեռ, այդ պարագայում մեր վերաբերմունքն էլ պիտի լինի համարժեք` սա երկկողմանի ճանապարհ է:

Պետք չէ Էջմիածինը դիտարկել Մանվել Գրիգորյանի կալվածք եւ խիստ զարմանալ, երբ այնտեղից որեւէ մեկը համարձակվում է այլ դիրքորոշում ունենալ: Կարծում եմ՝ շատերն են հիշում 2005թ. գարնանը տեղի ունեցած մի միջադեպի հետ կապված ընդդիմադիր համարվող մամուլի բուռն արձագանքը, երբ Մանվել Գրիգորյանի թիկնազորը ծեծել էր մի հոգեւորականի այն բանի համար, որ վերջինս հանդգնել էր խաթարել գեներալի ջիպաշարասյան երթեւեկությունը: Սա էլ բոլշեւիկներից ժառանգված մոտեցում է. նրանք, ովքեր շարժման կողքին են` ազնիվ օլիգարխներ ու կալվածատերեր են, մյուսները` հայրենիքի թշնամիներ: Բոլշեւիկյան հեղափոխության ճարտարապետ Վլադիմիր Իլյիչի գաղափարախոսական մեխը դասակարգային պայքարն էր՝ ընդդեմ ժողովրդի կեղեքիչների: Բայց դա չէր խանգարում, որ նա ջերմ ու գործնական հարաբերություններ ունենար ամերիկացի «կեղեքիչ» Արմանդ Համմերի հետ, նրան հասցեագրված նամակում հաճոյախոսություններ շռայլեր եւ վերջում էլ ստորագրեր` «Անկեղծորեն՝ Ձեր Լենին»:

Այն, ինչ կատարվեց Հայաստանում, գունավոր հեղափոխություն չէր, ոչ էլ պարային համույթի սահմանադրական ճանապարհով իշխանափոխության գործընթաց, այլ` տիպիկ բոլշեւիկյան հեղափոխության ձախողված փորձ: Նախկինների համար կարեւորը համախոհների քանակ հավաքելն էր, որպեսզի իրենց սխալը ճշտի տեղ անցկացնելու ռեսուրս ունենային: Գործի հաջողությունն ագրեսիվ «բոլշե» ապահովելն էր, եւ ամենեւին պարտադիր չէր, որ մեծամասնություն ունենային. բոլշեւիկներն իրենց անհրաժեշտ նվազագույն քանակը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, մեծամասնության տեղ անց էին կացնում ցանկացած պարագայում:

Ակնհայտ է, որ աթեիստական ԽՍՀՄ-ի օրոք հասարակությունն այնքան էր օտարված հոգեւոր արժեքներից, որ շատերը վախենում էին անգամ եկեղեցի հաճախել, իսկ կուսակցական ու պետական գործիչներին պարզապես հակացուցված էր մասնակցել կրոնական որեւէ ծիսակատարության, էլ չեմ խոսում այն մասին, որ նրանք լինեին կաթողիկոսի ընտրության պատվիրակ: Այնուհանդերձ, առանձնապես դժգոհելու առիթ չունենք, քանզի 1955թ. տեղի ունեցած Վազգեն Ա-ի ընտրությանը` Ազգային-եկեղեցական ժողովի աշխարհիկ պատվիրակների ցանկում հանդիպում ենք ոչ միայն այն ժամանակվա մտավորական սերուցք հանդիսացող վառ անհատականությունների, այլեւ հայ ժողովրդի բոլոր ժամանակների ականավոր մտավորականների. գրողներ` Ավետիք Իսահակյան, Ստեփան Զորյան, նկարիչներ` Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Արա Բեքարյան, քանդակագործ` Երվանդ Քոչար, գրականագետներ` Տիգրան Հախումյան, Խորեն Սարգսյան, Արամ Ինճիկյան, Առաքել Առաքելյան, պատմաբան` Աշոտ Աբրահամյան, դերասաններ` Հրաչյա Ներսիսյան, Արման Կոթիկյան, Հայկ Դանզաս, կոմպոզիտոր` Ազատ Մանուկյան, դիրիժոր` Դմիտրի Շիկանյան, ռեժիսոր` Թադեւոս Սարյան, մանկավարժ` Արշավիր Շավարշյան, լրագրող` Էդուարդ Խոճիկ, երգիչներ` Շարա Տալյան, Ավագ Պետրոսյան, Արմենակ Տեր-Աբրահամյան, Վաղարշակ Սահակյան: Իսկ անկախության այս տարիներին էլ մյուս ծայրահեղության ականատեսն ենք լինում. իշխանավորներն այնքան կոշտ ձեւով են միջամտում եկեղեցու գործերին, այնպիսի շահագրգիռ «ջերմ» հարաբերություններ են հաստատել նրա հետ, որ ժողովուրդը դարձյալ իրեն օտարված է զգում եկեղեցուց: Դրա վկայությունն է նաեւ այն, որ նայելով Երրորդ Հանրապետության ժամանակ տեղի ունեցած երկու ընտրությունների (1995 եւ 1999) մասնակիցների ցանկերը, այնպիսի ազգանունների ենք հանդիպում, որ տպավորություն է ստեղծվում, թե այդ մարդիկ գործադիրի ու օրենսդիրի համատեղ նիստերի պատվիրակներ էին, ոչ թե` կաթողիկոսի ընտրության:

Լ.Տեր-Պետրոսյանի կողմից մարտի 1-ին իր տան դարպասի մոտ հասած Գարեգին Բ-ին չընդունելու մասին բավական շատ է խոսվել: Անդրադառնալու կարիք այլեւս չէր լինի, եթե առաջին նախագահի մերձավոր ԶԼՄ-ների կողմից կաթողիկոսի հասցեին վիրավորական արտահայտությունները չշարունակվեին մինչ օրս: Եվ որքան շատ են նրանք երկարացնում այս թեման, այնքան ավելի ենք համոզվում, որ դրանք աններելի սխալն արդարացնելու ձախողված փորձեր են: Քանզի, ըստ Տեր-Պետրոսյանի, ինչպիսի անարդյունավետ առաքելությամբ էլ կաթողիկոսը ժամանած լիներ, առաջին նախագահը պարտավոր էր կա՛մ ընդունել, կա՛մ էլ դուրս գալ տանից եւ այդ մասին ասել նրան անձամբ: Մեր երկրում ո՛չ հավատ, ո՛չ էլ հարգանք կա` պետության ինստիտուցիոնալ կառույցների, իշխանության, ընդդիմության, մտավորականության, քաղաքական ու հասարակական գործիչների ու նաեւ կաթողիկոսի նկատմամբ: Այս աշխարհիկ ու հոգեւոր անհավատության մթնոլորտում ազգովի ի՞նչ ենք բեղմնավորում, որ դրանից բարիություն, հավատ ու հանդուրժողականություն ծնվի: Առաջին նախագահը՝ հանդիսանալով մեր անկախ պետականության կենդանի սիմվոլ, բացի իրենից ո՞ր սիմվոլի նկատմամբ է հարգանք տածում, որպեսզի բարոյական իրավունք ձեռք բերի համարժեք վերաբերմունք ակնկալել: Կա եւս մի հանգամանք` ինչ մարտավարությամբ էր ցանկանում իշխանության գալ առաջին նախագահը. «Ով մեզ հետ չէ` մեզ դեմ է», «Ով ոչինչ էր` կդառնա ամեն ինչ», եւ այլն: Ակնհայտ է, որ գործ ունենք պարզ նեոբոլշեւիզմի հետ, իսկ որտեղ՝ բոլշեւիկներ, այնտեղ` կատաղի հարձակում եկեղեցու վրա: ԽՍՀՄ-ի տարիներին ընտրված, դեռ կենդանության օրոք լեգենդ դարձած Վազգեն Ա-ին նախկինները նույն կերպ էին պախարակում, ինչպես այսօր Գարեգին Բ-ին, թեպետ փոխվել են անձերը, հանգամանքները, իրավիճակը, երկիրը վերջապես: Այս անհանդուրժողականությունը` ՀՀՇ-ականության տեսքով նեոբոլշեւիզմի պարզ դրսեւորում է: Խոսքն այստեղ կուսակցության մասին չէ` մեզանում ՀՀՇ-ականությունը վաղուց արդեն գաղափարախոսությունից վերածվել է հոգեվիճակի: Նախկինների պաշտոնավարման օրոք, հիշեք թեկուզ, մուրացիկներն ինչ ագրեսիվ ձեւով էին փող մուրում: Դա մուրալ չէր, այլ` «ստանալ». հարձակվում էին մարդկանց վրա, գումար չտվողին կամ քիչ տվողին կշտամբում, անեծքների տարափ տեղում նրա գլխին: Եթե առաջին նախագահն ու փողոցի վերջին մուրացիկը նույն ագրեսիայով ու շանտաժով են փորձում ստանալ քո օգնությունը, ապա սա այլեւս վերածվել է կենսակերպի: Պալատի ու փողոցի, առաջինի ու վերջինի արանքում բոլորս ենք, նաեւ՝ այս ուսմունքի «վաստակավոր շինարարներն» ու նրանց ընտանիքները: Ուստի, այս ահագնացող չափերի հասած ատելության պատճառով տուժողն էլ ենք բոլորս, բայց առաջին հերթին` հենց նախկինները, քանզի մի անգամ հանգամանքների բերումով «վերեւում» հայտնվելուց հետո այլեւս չեն գտնում իրենց տեղը մեր երկրում: Հազիվ տեղավորվելով՝ դժբախտ ճակատագրով, չհասկացված պոետի դերի մեջ, մի կողմ էին քաշվել, բայց ամեն վայրկյան հարմար պահի էին սպասում երբեմնի հաջողությունը կրկնելու: Թեպետ ժամանակին էլ ունեցածն էր նրանց քիչ թվում, կարծում էին, թե ավելիին էին արժանի, մոլորակն էլ արդեն նրանց հագով չէր` մի տեսակ քիփություն էր անում: Եվ ինչպես իշխանություններն են իրենց նույնացնում պետության հետ, նմանապես` առաջին նախագահն ու նրա թիմն են իրենց նույնացնում ժողովրդի հետ եւ փորձում իրենց սեփական պարտությունը փաթաթելով ժողովրդի վզին` անհաշտ պայքարի մթնոլորտը պահպանել: Գուցե ժողովուրդը, հավաքված լինելով Կարապի լճի մերձակայքում, երգուպարով հաղթելու առաջին նախագահի հետընտրական կոչը չընկալեց որպես նրա «Կարապի երգ», գուցե մի որոշ ժամանակով երկարաձգված, մի քանի մետրով տեղափոխված, մի փոքր այլ դրսեւորում ստացած` Հյուսիսային պողոտայի «Կարապի զիլինան» դեռ որոշ մարդկանց մոտ ինչ-որ հույս է արթնացնում, բայց հավատացեք հարգելի հայրենակիցներ. մեր քաղաքական կյանքում նոր էջ բացելու, որով իսկ` մեր հասարակության համար առաջընթացի հստակ ճանապարհ ուրվագծելու, առողջ քաղաքական հարաբերություններ ստեղծելու, նոր որակի ընդդիմության ի հայտ գալու համար անհրաժեշտ է առաջին հերթին փակել այս էջը: