Հասարակական ախ ու վախը, որ ուղեկցում է դրամի արժեւորման գործընթացին,
որեւէ ազդեցություն չունեցավ։ Գոնե առայժմ։ Իշխանությունները
հասարակությանը փորձում էին համոզել, որ դա անկառավարելի ու տարերային
աղետ է։ Գարնանային հեղեղումների կամ երկրաշարժի նման։ Բայց ասել, թե
նրանք չեն ըմբռնում դրամի կուրսի բարձրացման բացասական հետեւանքները,
չափազանցություն կլինի։ Անցած մի քանի ամիսների ընթացքում
հասարակությունից գաղտնի՝ իշխանության ներսում սուր պայքար էր գնում։
Հայտնի բան է, Հայաստանն իրավական պետություն է։ Կառավարման յուրաքանչյուր
մարմին եւ օղակ գործում է օրենսդրությամբ տրված լիազորությունների
սահմանում։ Օրինակ, ԿԲ-ի հիմնական պարտավորությունը դրամավարկային
քաղաքականություն մշակելն ու իրագործելն է, ինչպես նաեւ՝ գները պահելը։
Իսկ կառավարության գլխավոր խնդիրը ՀՀ պետական բյուջեի անշեղ կատարումն է։
Մինչեւ անցած տարի մեր իշխանությունները հաշտ ու համերաշխ աշխատում էին,
հանկարծ աղետ եղավ։ Երկրում փող հայտնվեց։ Շատ փող, ու տարադրամով։
Միանգամից պարզ դարձավ, որ մեր իշխանություններն այդ փողը տնտեսության մեջ
ներքաշելու որեւէ ծրագիր չունեն։ Կառավարությանը թվում էր, թե տարադրամի
ավելցուկը ԿԲ-ն պիտի գնի եւ թույլ չտա դրամի արժեւորում։ ԿԲ-ում սակայն
հակառակ կարծիքի էին։ Ամիսներ շարունակ բանկային համակարգի
ղեկավարությունը կառավարությանը փորձում էր համոզել՝ պետական արժեթղթերի
միջոցով չեզոքացնել տարադրամի ավելցուկը։ Կառավարությունն արժեթղթեր
տպելու եւ իրացնելու փորձ ունի։
Արժեթղթերով ներգրաված փողը երկրի ներքին պարտք է։ Այդ ներքին պարտքի
ծավալները սահմանվում են ՀՀ «Բյուջեի մասին օրենքով»։ 2005թ. հունվարի 1-ի
դրությամբ ներքին պարտքը կազմել է 46,5 մլրդ դրամ։ «2005թ. բյուջեի մասին
օրենքը» ենթադրում է, որ ներքին պարտքը կարելի է ավելացնել միայն 6 մլրդ
դրամի չափով։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, որի վրա դրված է
ներքին պարտքի կառավարում գործառույթը, ամենեւին էլ հակված չէ հանուն ԿԲ-ի
դրամավարկային քաղաքականության՝ խախտել օրենքը։ Առավել եւս, որ
կառավարության արժեթղթերի շուկան 1999թ. աշնանից գնահատվում է կայուն եւ
ոչ ռիսկային։ Մյուս կողմից՝ կառավարությունն ինքը տնտեսական լուրջ ծրագրեր
չունի եւ չգիտի ինչ անել ավելորդ փողերի հետ։ Հենց նույն ԿԲ-ում
կառավարությունը 60 մլրդ դրամ փող ունի՝ տոկոսով ու անտոկոս գցած։ Ծրագրի
առկայության դեպքում առաջինն այս փողերը կծախսվեին։
Վերջին տարիներին անընդհատ պարտքերի մեջ ապրող հայ մարդը ստույգ գիտի՝ ինչ
է նշանակում պարտք վերցնել։ Պարտք վերցրած փողը գործի մեջ դնել է պետք,
որպեսզի հնարավոր լինի վերադարձնել մայր գումար կոչվածը եւ տոկոսները։
Կառավարությունն այս իմաստով գործ չի անում, հետեւաբար կտրուկ հրաժարվեց
մտնել պարտքի ռիսկի տակ։ Շուկայից տարադրամի ավելցուկ քանակը «հեռացնելը»
ԿԲ-ի գործն է. վստահաբար այսպես են կարծում կառավարությունում։ Հավանաբար,
այդպես էին կարծում նաեւ ԿԲ-ում, որովհետեւ այս տարի, պաշտոնական
տեղեկատվության համաձայն, նրանք 24 մլն դոլար են գնել։ Դրամով, իհարկե։
Այսինքն՝ ներքին ֆինանսական շուկայում 24 մլն դոլարին համարժեք չափով
դրամի ծավալն ավելացավ։ ԿԲ-ում սկսեցին անհանգստանալ, որ դրամի ծավալի աճը
կարող է ինֆլյացիայի պատճառ դառնալ, եւ երկրում գները կաճեն։ Իսկ գները
կայուն պահելը ԿԲ-ի օրենսդրական պարտքն է։ Դա մենք արդեն գիտենք։ Եվ մի
քանի ամիս շարունակ միջանկյալ մի վիճակ ստեղծվեց. ԿԲ-ն կարողացավ
կառավարությանը համոզել, որ իր համար (իր փոխարեն) արժեթղթեր տպի։
Փորձագիտական տվյալներով՝ կառավարությունը ԿԲ-ի «պատվերով» 24-36 մլրդ
դրամի արժեթուղթ տեղաբաշխեց։ Բայց այն պայմանով, որ դրանք մարվեն այս
տարվա ընթացքում եւ 2005-ի արդյունքներն ամփոփելիս չմտնեն (կամ
չավելացվեն) օրենքով նախատեսված 52 մլրդ դրամ ներքին պարտքի ծավալի մեջ։
Այս ակնհայտ միջանկյալ լուծումից դժգոհ են եւ՛ Ֆինանսների ու էկոնոմիկայի
նախարարությունը, եւ՛ ԿԲ-ում։ Ներիշխանական պայքարը անցած շաբաթ հանգեցրեց
նրան, որ ԿԲ-ն հայտարարեց սեփական արժեթղթեր տպելու մասին։ Նպատակն ազնիվ
է, համարյա վեհ՝ փող հայթայթել եւ ավելցուկ տարադրամը շուկայից հանել։
Ի՞նչ արժեթղթեր, որքա՞ն ծավալով, առայժմ պարզ չէ։ Փորձագիտական
տվյալներով՝ Հայաստանում շրջանառության մեջ առնվազն 900 մլն կանխիկ դոլար
կա։ Ներքին առեւտրում շրջանառության առյուծի բաժինը հենց այս տարադրամին է
բաժին ընկնում։ Որքան է պետք հանել շուկայից դոլար, այսօր ոչ ոք չգիտի։
Հատկապես, որ մեր շուկան խիստ բաց է, եւ կանխիկ տարադրամի ներհոսքը
մշտական գործընթաց է։
Եվ այսպես, ԿԲ-ն նորամուծության է գնում։ Այսուհետ ենթադրվում է, որ
պետական բանկն ավելի շատ դոլար կսկսի գնել։ Բայց որ շուկա հանված դրամը
հանկարծ ինֆլյացիայի չենթարկվի՝ արժեթղթերով հետ կհավաքվի ավելացող դրամը։
Պետական պարտատոմսերի շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց
պահանջարկը մեծ է։ Հայաստանում փողն անելիք չունի։ Խիստ մոնոպոլիզացված
տնտեսության պայմաններում օլիգարխների մոտ սեփական բիզնեսի ծավալից մեծ
գումարներ են հայտնվում։ Նրանք հակված են այդ գումարները արժեթղթերի
տեսքով պարտք տալ պետությանը։ Պարապ մնալու փոխարեն՝ փողը շահույթ է
բերում։ Ճիշտ է, փոքր, բայց՝ կայուն եւ ոչ ռիսկային։ Այդ շահույթի
տոկոսները հարկատուներն են վճարում։ Հիմա ԿԲ-ն հարկատուների համար նոր
«հարկատեսակ» գտավ։ Ամեն անգամ այդպես է. հանրային որեւէ բարի գործի համար
հենց հանրությանն էլ առաջարկվում է վճարել։ Տնտեսական լուրջ
բարեփոխումները, տնտեսական մոնոպոլիաների դեմ պայքարը մեր
իշխանությունների ուժերից վեր է։ Երեւի նաեւ այն պատճառով, որ սուիցիդի
պես մի բան է։
Դատելով ԿԲ-ի հայտարարությունից, ՀՀ կառավարություն-Կենտրոնական բանկ
հակամարտությունն ավարտվեց։ Մարզական բառապաշարով՝ ավարտվեց ոչ ոքի։
Այսինքն, յուրաքանչյուրը կգնա իր գործին՝ աշխատելով մնալ ՀՀ օրենսդրության
կառավարման յուրաքանչյուր մարմնին տրված լիազորությունների սահմաններում։
Եվ ինչպես միշտ, ամեն ինչի համար կվճարի հասարակությունը։