ՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «Սերժ Սարգսյանն իր ելույթում գնահատական տվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանին, եւ երաշխիքներ տվեց, որ Հայաստանի զարգացման վեկտորը շարունակվելու է: Շատ կարեւոր է նաեւ, որ նորընտիր նախագահի խոսքում նշվեց, որ միջազգային հարաբերությունները եւ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես լինելու են առաջնահերթությունների շարքում»:
Իսկ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նշեց. «Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է Կովկասում, եւ, կարծում եմ, Հայաստանի համար այժմ հենց ժամանակն է միավորվելու` լուծելու համար շատ խնդիրներ. դա եւ՛ կենսամակարդակի բարձրացումն է, եւ՛ արտաքին քաղաքական խնդիրները, քանի որ ապրում ենք աշխարհում, որը դեռ անվտանգ չէ, ու նաեւ այդ մասին է պետք մտածել: Պետք է պաշտպանենք իրար, եւ շատ կուզեի, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն այնպես զարգանային, ինչպես այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը` Սերժ Սարգսյանը»:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն էլ վստահ է, որ առաջիկա տարիները Հայաստանի համար հաջողության, առաջընթացի տարիներ են լինելու: «Մեր սպասելիքները Հայաստանից, նախագահ Ս. Սարգսյանից շատ մեծ են, համոզված եմ` նրա ղեկավարությամբ Հայաստանը լուրջ առաջընթաց է ապրելու, բարձրանալու է երկրի անվտանգության աստիճանը, հզորանալու է երկիրը, եւ, բնական է, ինչքան հզոր լինի Հայաստանը, այնքան հզոր է լինելու Արցախը»,- ասաց Բ. Սահակյանը: