Միակ սեփականատերը
Տասնութ տարի առաջ հիսունիննամյա Սեդա Ս.-ն տուն էր գնել Երեւանում: Ամուսնացած որդին՝ Հարություն Է.-ն, ներկա էր տան առուվաճառքի գործարքի կնքմանը: Ըստ առուվաճառքի պայմանագրի՝ տունը վաճառվել էր 7554 ռուբլով: Իրավունքի տեսակետից էական չէ, թե կոնկրետ ով է պայմանագրի կնքման ժամանակ վաճառողներին տվել տան գումարը՝ Սեդա՞ն, թե՞ Հարությունը: Էականն այն է, որ պայմանագրի կնքմանը երկուսն էլ ներկա էին եղել, ու փոխադարձ համաձայնությամբ տան միակ սեփականատեր էր ճանաչվել մայրը՝ Սեդան: Պայմանագիրը նոտարական կարգով վավերացվել էր ու Սեդայի՝ դրանից ծագող իրավունքները պետական գրանցում էին ստացել: Այսինքն՝ վերջինս տան նկատմամբ սեփականության իրավունք էր ձեռք բերել օրենքով սահմանված կարգին համապատասխան:
Սա տարածված իրավիճակ է, երբ անշարժ գույքը ձեռք է բերվում ու գրանցվում ծնողի անվամբ: Յուրաքանչյուրն ի՛ր պատճառներն է ունենում նման կերպ վարվելու: Շատերն են նախընտրում սեփական անվամբ անշարժ գույք կամ որեւէ այլ սեփականություն չգրանցել, դա ավելի հուսալի են կարծում, համարում են գործարար վայրիվերումների ժամանակ ունեցվածքը չկորցնելու հնարավոր տարբերակ:
Հետագա տասնվեց տարիներին Հարությունը կնոջ, դստեր ու մոր՝ Սեդայի հետ ապրել էր վերոհիշյալ տանը: Դուստրը՝ Իդան, պարզապես գրանցված էր տատիկի տանը: Քանի որ ընտանիքի ներսում ոչ մի վիճելի խնդիր չկար, որեւէ մեկի մտքով չէր անցել, որ բնակելի տարածության օգտագործման նրա իրավունքը՝ նշված տան նկատմամբ, պետական գրանցում ստանար: Եվ ողբերգության էլ ոչ ոք չէր սպասել: Սակայն աղետը վրա էր հասել միանգամից:
Հարությունն ու իր կինը 2006 թվականի մայիսին մահացել էին:
Նոտարի կողմից 2007 թվականի մարտին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Հարությունի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ էին ճանաչվել մայրը՝ Սեդան եւ դուստրը՝ Իդան: Իսկ ժառանգական գույքը բաղկացած էր «Մերսեդես Բենց» մակնիշի մեկ ավտոմեքենայից, որը ժառանգորդները վաճառել էին 4 միլիոն 500 հազար դրամով: Ըստ Սեդայի՝ ամբողջ գումարը ծախսվել էր հուղարկավորության եւ գերեզմանի կառուցման համար:
Դժբախտությունը, կարծես թե, պետք է ավելի սերտորեն կապեր տատիկին ու թոռնուհուն: Վաղամեռիկ հարազատների հիշատակը պետք է որ առավել մտերմացներ նրանց, փոխադարձաբար դարձներ թանկ ու անփոխարինելի: Սակայն գույքային խնդիրներն ի զորու են թշնամացնել անգամ ամենամերձավորներին: Եվ ունեցվածքային հարցերի շուրջ այս ընտանիքում լուրջ տարաձայնություններ ի հայտ եկան, որոնք ստիպեցին, որ արդեն յոթանասունվեցամյա տատիկն իր շահերի պաշտպանության համար թոռնուհու դեմ հայց ներկայացներ դատարան: Տատիկի դեմ հայցն ու հակընդդեմ հայցն էլ թոռնուհին չուշացրեց: Ու նրանք տատիկից եւ թոռնուհուց շուտով վերածվեցին պարզապես հայցվորի ու պատասխանողի:
Փոխադարձ պահանջներ
Դիմելով դատարան՝ Սեդա Ս.-ն պահանջում էր առանց փոխհատուցման դադարեցնել Իդա Է.-ի՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը վերոհիշյալ տան նկատմամբ ու նրան վտարել այդ տնից:
Իդան, իր հերթին, դիմելով դատարան՝ պահանջում էր Սեդայից բռնագանձել 4 միլիոն 750 հազար 90 դրամ՝ որպես համապարտ պարտավորությունը կատարելու հետադարձ պահանջի գումար: Ըստ Իդայի՝ հոր մահից հետո նրա պարտատերերը դիմել էին իրեն, եւ ինքը ստիպված էր եղել մարել բոլոր պարտքերը: Եթե հոր ժառանգությունը հավասար բաժիններով անցել էր իրեն ու տատիկին, հետեւաբար տատիկը պարտավոր էր հատուցել վերոհիշյալ պարտքերի հիսուն տոկոսը:
Իդան նաեւ հակընդդեմ հայց էր ներկայացրել, որով պահանջում էր անվավեր ճանաչել վիճելի տան նկատմամբ Սեդա Ս.-ի անունով տրված սեփականության վկայականը՝ պնդելով, թե տունը փաստացի իր հայրն էր գնել, պարզապես գրանցել էր տատիկի անունով: Իդան պահանջում էր ճանաչել հոր՝ Հարությունի սեփականության իրավունքը նշված տան նկատմամբ եւ փաստացի տիրապետման ուժով իրեն՝ որպես առաջին հերթի ժառանգի, ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ ու ընդունել ի՛ր սեփականության իրավունքը վիճելի տան երեք-քառորդի նկատմամբ: Տատիկի վտարումը պահանջել նա չէր կարող, որովհետեւ վերջինիս իրավունքները բնակտարածության նկատմամբ պետականորեն գրանցված էին:
Լիակատար պարտությո՞ւն
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով Սեդա Ս.-ի հայցը մերժվեց, Իդա Է.-ի հայցը բավարարվեց, նրա հակընդդեմ հայցը նույնպես բավարարվեց, բայց՝ մասնակի:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճռով նույն բանը հաստատվեց:
Այսպիսով, դատական երկու ատյաններում լիակատար պարտություն կրեց տատիկը, սակայն վերջնականապես չհուսահատվեց եւ, այնուամենայնիվ, դիմեց վճռաբեկ դատարան: Նրա վճռաբեկ բողոքն ընդունվեց դատական վերին ատյանի վարույթ: Բողոքի քննության արդյունքում վճռաբեկ դատարանը եզրակացրեց, որ ստորադաս երկու դատարաններն էլ սխալ որոշումներ էին կայացրել, խախտել օրենքի պահանջները ու եկել անօրինական եզրահանգումների:
Վտարում՝ առանց փոխհատուցման
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը սեփականատիրոջ պահանջով կարող է դադարեցվել դատական կարգով՝ սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով:
«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 4. 10. 2005 թ. օրենքի 32 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե վերոհիշյալ պահանջով սեփականատիրոջ հայցադիմումը դատարան է ներկայացվել 1. 01. 2007 թվականից հետո, ապա փոխհատուցման տրամադրումից օգտվում են միայն այն անձինք, ում՝ բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով:
Ինչպես հիշատակել էինք, այս գործով Իդայի՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը վիճելի տան նկատմամբ պետական գրանցում չուներ: Հետեւաբար, ըստ Վճռաբեկ դատարանի, նրա այդ իրավունքը սեփականատիրոջ՝ Սեդա Ս.-ի պահանջով ենթակա է դադարեցման՝ առանց փոխհատուցման: Սեդայի հայցը մերժելով՝ նախորդ դատական ատյանները խախտել էին օրենքի պահանջը, կայացրել անօրինական վճիռ:
Օրենքի այս պահանջը պետք է հայտնի լինի մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք ականջի հետեւ չգցեն, կարողանան ժամանակին պետականորեն գրանցել իրենց իրավունքները՝ հետագայում անտուն մնալու փաստի առաջ չկանգնելու համար:
Դատական քննության ենթակա չէ
Սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու հայցով դատարաններ են դիմում ոչ միայն օրենքից անտեղյակ քաղաքացիները, այլեւ իրավաբանական կրթություն ունեցող փաստաբանները: Դա դեռ քիչ է, նման հայցերը վարույթ են ընդունում ու դատական քննության ենթարկում դատարանները: Նրանք վճիռներ են կայացնում սեփականության իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու մասին, այն դեպքում, երբ այդ պահանջը ենթակա չէ դատական քննության, քանի որ անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականը չի հանդիսանում իրավունք առաջացնող վարչական ակտ: Նման ակտ է հանդիսանում Կադաստրի պետական գրանցամատյանի գրառումը: Վկայականն անվավեր ճանաչելու դեպքում, միեւնույն է, իրավունքի գրանցումը պահպանվում է:
Հետեւաբար, առաջին ատյանի եւ քաղաքացիական վերաքննիչ դատարանների վճիռները՝ Սեդա Ս.-ի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու մասին, անօրինական էին: Ընդհանրապես, Իդա Է.-ի հակընդդեմ հայցը այս պահանջի մասով ենթակա էր կարճման: Եվ վճռաբեկ դատարանը այն կարճեց:
Պարտատերերի պահանջը
Հաջորդ խնդիրը վերաբերում էր պարտատերերի պահանջին ու ժառանգի կողմից ժառանգատուի պարտքերի հատուցմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243 հոդվածի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են ժառանգատուի պարտքերը:
Այս գործով Հարություն Է.-ի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսացել Սեդան ու Իդան: Ժառանգական գույքը բաղկացած է եղել 4 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեկ ավտոմեքենայից, որը ժառանգների փոխադարձ համաձայնությամբ վաճառվել էր:
Հարությունի պարտատերերը նրա մորը՝ Սեդային, օրենքով սահմանված կարգով որեւէ պահանջ չեն ներկայացրել: Նման պահանջներ ներկայացվել են դստերը՝ Իդային, որը, գործի փաստերի համաձայն, իր կամքով հատուցել է ավելին, քան իրեն բաժին էր հասել ժառանգությամբ:
Ըստ վճռաբեկ դատարանի՝ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջեւ իրեն անցած գույքի սահմաններում կարող է կրել պարտավորություններ, եթե ժառանգության բացումից հետո վեց ամսվա ընթացքում պարտատերերի կողմից իրեն պահանջ է ներկայացվել: Պահանջների ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո առաջադրված պահանջները, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1244 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ենթակա չեն բավարարման, քանի որ մինչեւ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը պահանջի ներկայացման դեպքում միայն ժառանգը կարող է որոշել ժառանգության ընդունման նպատակահարմարությունը: Չէ՞ որ ժառանգությունը կարող է շատ ավելի փոքր լինել, քան ժառանգատուի թողած պարտքերը:
Հարությունի պարտատերերը Սեդային պահանջ չէին ներկայացրել: Եթե Իդան իրեն ներկայացված պահանջները հատուցել էր ժառանգության իր բաժինը գերազանցող չափով, դա չի նշանակում, որ Սեդայի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք էր ձեռք բերել: Հետեւաբար, Իդայի հայցը տատիկի դեմ, ըստ վճռաբեկ դատարանի, անհիմն էր: Մինչդեռ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններն անվերապահորեն բավարարել էին այդ հայցը եւ տատիկին պարտավորեցրել Իդային վճարել 4 միլիոն 750 հազար 90 դրամ: Ստացվում է, որ եթե տատիկը չդիմեր վճռաբեկ դատարան, ուժի մեջ կմնային օրենքին հակասող եւ քաղաքացու իրավունքները ոտնահարող վճիռները:
Միակ ապացույցը
Քաղաքացիական վերաքննիչ դատարանը, հենվելով 1990 թվականին վիճելի տունը Սեդա Ս.-ի ընտանիքին վաճառած քաղաքացու կնոջ ցուցմունքի վրա՝ այն մասին, թե առուվաճառքի պայմանագիրը կնքելու ժամանակ տան գնման գումարն իրենց է տվել ոչ թե անձամբ Սեդան, այլ նրա որդին՝ Հարությունը, եկել էր եզրահանգման, որ տան իրական սեփականատեր պետք է ճանաչել Հարությունին: Դա էլ համարվել էր Սեդայի սեփականության իրավունքի վկայականի անվավերության ապացույց:
Վճռաբեկ դատարանը, սակայն, այդ ապացույցը սեփականության իրավունքի վկայականի անվավերության թույլատրելի ու վերաբերելի ապացույց չի դիտում: Գործում առկա է տան առուվաճառքի պայմանագիրը՝ նոտարի կողմից հաստատված: Պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ տան գնորդը Սեդան է եղել: Տան նկատմամբ վերջինիս իրավունքներն էլ պետական գրանցում են ստացել: Ըստ վճռաբեկ դատարանի՝ քաղաքացիական վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա՝ բնակելի տան առուվաճառքի պայմանագիրը, որը, օրենքի համաձայն, տան ձեռքբերման փաստը հաստատող միակ ապացույցն է:
Վերաքննիչ դատարանի կողմից նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում խախտվել էր Սեդա Ս.-ի սեփականության ու արդար դատաքննության իրավունքը, եւ այդ խախտումները հանգեցրել էին գործի սխալ լուծմանը:
Վճռաբեկ դատարանը Սեդային ազատեց նաեւ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից, քանի որ նա 76 տարեկան է, թոշակառու, սոցիալապես անապահով: Նման պայմաններում տատիկը, ըստ երեւույթին, դժվար թե թոռնուհուն տնից վտարելու հայցով դատարան դիմեր, եթե երկուստեք գույքային պահանջների ոստայնում չխճճվեին, եթե դժբախտությունը նրանց՝ աշխարհում ամենահարազատ տատիկին ու թոռնուհուն, ոչ թե հեռացներ, այլ մոտեցներ միմյանց, դարձներ նեցուկ ու անխորտակելի իսկական ընտանիք: