20-րդ դարը հայ ժողովրդի եւ Հայաստանի համար կոնտրաստների դար էր: Հայաստանն ու հայ ժողովուրդը համաշխարհային պատմության թատերաբեմ դուրս եկան հարյուրամյակների երկարատեւ մոռացությունից հետո: Մենք ողբերգական եւ միաժամանակ փայլուն ուղի ենք անցել ինչպես գիտության, տեխնիկայի եւ տեխնոլոգիաների, այնպես էլ մշակույթի ոլորտներում: Այդ ուղին դեռ պետք է հասկանանք ու գնահատենք մենք` հայերս: Այն դեռ գնահատելու է նաեւ միջազգային հանրությունը: Հենց այս մշակութային ուղու մասին էլ զրույց կսկսենք «168 Ժամի» էջերում: 15 տարի առաջ ես փորձեցի խոսել հայկական մշակույթի այն հատվածի մասին, որը մենք գիտենք, սիրում ենք, բայց չենք կարողանում ճիշտ գնահատել ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մշակութային գործընթացների համատեքստում: Այսօր ես ցանկանում եմ կրկին սկսել զրույցն այդ մասին` գիտակցելով, որ նման հրապարակումների անհրաժեշտությունն այսօր ավելի մեծ է, քան երբեւէ:
Կյանքում ամեն ինչ փոխկապակցված է: Այն բանից, թե որտեղ եւ ինչ դաստիարակություն, ինչպիսի կրթություն է ստացել մարդը, գենետիկ ինչ արմատներ ունի` կախված է նրա ներկայության աստիճանը մեծ քաղաքականության մեջ, երբ երկրի ու ժողովրդի ճակատագիրը հայտնվում է մի խումբ մարդկանց ձեռքում, լինի դա նախագահը, խորհրդարանը, թե ողջ պետական ապարատը: Այս առումով կարեւոր է հասկանալ, որ մեր պայմաններում մենք չունենք լիարժեք քաղաքական գործիչներ պետական մակարդակով: Մենք պետք է դեռ նրանց դաստիարակենք, պատրաստենք դրան: Անձի, Հայաստանի քաղաքացու կայացումը անհնարին է պատկերացնել առանց մշակութային ուղղորդության, առանց դաստիարակության որոշակի մակարդակի, որոնք ցանկացած զարգացած կամ չզարգացած հասարակության մեջ էական, իսկ երբեմն էլ՝ վճռորոշ դեր են խաղում: Հենց այս պատճառով էլ մեզ պարզապես անհրաժե՛շտ է նման զրույցը: Նման գործ արել են բոլոր ազգերն ու երկրները, որոնք այսօր հարաբերությունների կարգավորված համակարգ ունեն, իրական ուղղորդումներ՝ ինչպես ներազգային կյանքում, այնպես էլ միջազգային համագործակցության ոլորտում: Չէ՞ որ ազգի ոչ բոլոր սիրված ու հայտնի մարդիկ կարող են ներկայացվել համաշխարհային ինտելեկտուալ տարածության մեջ: Եվ ընդհակառակը, հայ ժողովրդին քիչ հայտնի կամ պակաս նշանավոր մարդիկ կարող են մրցակցություն կազմել համաշխարհային մշակութային տարածության մեջ: Սա խոսում է այն մասին, որ ազգային մշակույթի ներսում ձեւավորվել է միջազգային ասպարեզ դուրս գալու չափանիշների նոր մոդուլ: Բնական է, որ արվեստի յուրաքանչյուր ճյուղին ես նվիրելու եմ առանձին հոդված եւ շարքն ավարտելու եմ ամփոփիչ հոդվածով:
Եվ այսպես, խոսելու ենք կինոյի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, գեղանկարչության, քանդակագործության, դասական երաժշտության, արձակի եւ չափածոյի մասին: