Վերջին շաբաթվա ամենից մեծ աղմուկ հանած եւ սենսացիոն բնույթ կրող
քաղաքական իրադարձությունն անկասկած հայաստանյան քաղաքական ամբողջ
սպեկտորը ներկայացնող 25 կուսակցությունների համատեղ դատապարտող
հայտարարությունն էր՝ կապված Սեւանի հայտնի միջադեպի հետ։ Սակայն պարզվում
է, որ այդ հայտարարությունը ստորագրած 25 կուսակցությունները մտադիր չեն
սահմանափակվել զուտ այդ փաստաթղթի ստորագրմամբ եւ արդեն այսօր՝ ապրիլի
28-ին, նրանք մտադիր են նորից հավաքվել եւ քննարկել փաստաթղթի
ստորագրումից հետո ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գործընթացները։
Մասնավորապես քննարկման առարկա է դառնալու այն, թե ինչպե՞ս են
իշխանությունները արձագանքել ընդդիմության եւ կոալիցիայի կողմից համատեղ
հայտարարության մեջ բարձրացված հարցերին եւ պահանջներին։ Ըստ քաղաքական
շրջանակներում պտտվող լուրերի՝ չի բացառվում, որ քննարկումների
արդյունքում կծնվի մի նոր, գուցե ավելի կոշտ, հայտարարություն՝ երկրում
տիրող իրավիճակի շուրջ։
Ըստ մեր աղբյուրի՝ իշխանական կոալիցիան ներկայացնող որոշ
ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ որոշ ընդդիմադիր գործիչներ, առաջարկելու
են նաեւ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի ենթարկել
իշխանության մի թեւի խոսափողը դարձած «ԱԼՄ» հեռուստաընկերությանը եւ նրա
ղեկավար Տիգրան Կարապետյանին։ Ըստ նրանց, վերջին շրջանում «ԱԼՄ» ղեկավարը
բացահայտորեն սկսել է հակաքարոզչական անթույլատրելի եւ վիրավորական
մեթոդներ կիրառել թե՛ ամբողջ ընդդիմադիր դաշտի նկատմամբ եւ թե՛ որոշ
իշխանական ուժերի՝ մասնավորապես, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի հանդեպ։ Բացի այդ, ըստ
իշխանական աղբյուրների, մոտ ժամանակներս ԶԼՄ-ների միջոցով որոշակի, այսպես
կոչված, կոմպրոմատներ կհեռարձակվեն, Տիգրան Կարապետիչի նախկին եւ ներկա
գործունեության վերաբերյալ որոշ անհայտ դրվագներ։ Դրանցից ամենից
հետաքրքրականը թերեւս կարող է լինել այն, որ, ըստ լուրերի, պրն
Կարապետյանը միաժամանակ առնվազն երկու երկրի քաղաքացի է՝ Հայաստանի եւ
Ռուսաստանի, այսինքն՝ ունի համապատասխան երկրների անձնագրեր։