ՀԷՑ-ի ծախսերը

11/04/2008

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀէՑ) ՓԲԸ-ն 2007-2009 թթ. ներդրումային ծրագրերով հանրապետությունում կիրականացնի, ընդհանուր առմամբ, 27 մլրդ դրամի ներդրում, որից 7 մլրդ 405 մլն-ը` այս տարի: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել են ընկերության մամուլի բաժնից: Ըստ այդմ, ՀէՑ-ի 2007-2009թթ. ներդրումային ծրագիրն ունի 7 հիմնական ուղղություն: Առաջին կետի համաձայն` ընկերությունը պետք է կրճատի սպառողների էլեկտրաէներգիայի հոսանքազրկումների միջին տարեկան հաճախականությունը եւ տեւողությունը: Այդ նպատակի համար նշված տարիներին ընկերությունը կներդնի 9.2 մլրդ դրամ, որից 2.914 մլրդ-ը` այս տարի: Թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի հաճախականության եւ տեւողության կրճատման համար ընկերությունը կհատկացնի 1.403 մլրդ դրամ, որից այս տարի` 483.2 մլն:

Բաշխիչ ցանցերի ընդլանման եւ նոր բաժանորդների միացման համար 2007-2009-ին ՀէՑ-ը կհատկացնի 3,847 մլրդ դրամ, որից 50 մլն-ը` ընթացիկ տարի:

Առեւտրային հաշվառման համակարգի բարելավման նպատակով ընկերությունը կծախսի 7 մլրդ 423.8 մլն դրամ, որից 2 մլրդ 430 մլն-ը` 2008-ին:

Անվտանգության տեխնիկայի ապահովման եւ մաշված սարքավորումների փոխարինման համար ընկերությունը նախատեսում է 2007-2009 թթ. իրականացնել 2 մլրդ 376 մլն դրամի ներդրումներ: Այս տարի այդ նպատակով կծախսվի 802.2 մլն դրամ: Ընթացիկ ծախսերի կրճատման համար ՀէՑ-ը նախատեսել է 658.2 մլն դրամ, որից 103.4 մլն-ը` այս տարի: Բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման նպատակով այլ ներդրումների համար նշված 3 տարում կհատկացվի մոտ 2.45 մլրդ դրամ, որից 2008-ին` 572 մլն դրամ:

Հայաստանում 2007-ին 5-6 տոկոսով ավելացել են էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալները` կազմելով շուրջ 300 մլն կՎտ, ինչը լավ ցուցանիշ է համարվում` մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում գազիֆիկացման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: Նշենք, որ մեծացել է նաեւ վարձավճարների հավաքագրման ծավալը. եթե 2001-ին այն կազմում էր մոտ 72 տոկոս, իսկ հոսանքի կորուստները` մոտ 35, ապա վերջին 2-3 տարիներին վարձավճարների հավաքագրման ցուցանիշը հասել է մինչեւ 100 տոկոսի, իսկ հոսանքի կորուստներն անցյալ տարեվերջի դրությամբ կազմել են մոտ 12.8 տոկոս: