«Ե՛վ գեներալ եմ, եւ՛ զինվոր»

11/04/2008 Անի ԴՈՒԶԴԱԲԱՆՅԱՆ

Երեք հազար տպաքանակ, քառասուն դոլար բաժանորդավճար, կամ ընդամենը չորս դոլար յուրաքանչյուրի համար, եւ կարող ես լիովին հագուրդ տալ հայ մշակութային գործիչների թողած ավանդի հանդեպ ունեցած կարոտին: Հենց այս նպատակին էլ արդեն գրեթե տասը տարի ծառայում է «Համայնապատկեր» գրական, մշակութային հանդեսը:

Հայաստանի գրողների միության կողմից Միացյալ Նահանգներ գործուղված Սարո Գյոդակյանը, ծանոթանալով տեղի հայալեզու մամուլին, հասկացավ, որ չկա մի լրատվամիջոց, որը պատմի հենց հայկական հարուստ ժառանգության մասին եւ ամերիկահայ բնակչությանը հիշեցնի անցյալը: Մեկ տարի անց` ապրիլի 22-ին, տպագրվեց «Համայնապատկերի» առաջին համարը` նվիրված Հովհաննես Շիրազին, եւ ինչպես հանդեսի գլխավոր խմբագիր Սարո Գյոդակյանն է հիշում`«Շիրազի օրհնանքով ճամփա ընկանք»: Այսօր արդեն ամսագրի 45-րդ համարն է լույս տեսնում: Յուրաքանչյուր համար նվիրվում է հայոց մեծերից մեկին` Երվանդ Քոչար, Կոմիտաս, Սերգեյ Փարաջանով, Քըրք Քըրքորյան, Մհեր Մկրտչյան, Շառլ Ազնավուր եւ այլք: Նյութերի հիմնական աղբյուրը Հայաստանն է. «Համայնապատկերը» թիկունքին հայրենիք ունի, եւ այդպիսի շաբաթ չկա, որ մի մեծ տրցակ նյութ չուղարկեն տպագրելու: Երեւանի քսանամյա աշխատանքային կյանքս այսօր օգնում է պահել ամսագիրը միշտ թարմ ու սպասված: Երբ մի գրողի, նկարչի կամ այլ արվեստագետի մասին նյութ կամ լուսանկար է պետք լինում, զանգահարում եմ, եւ ընկերներս էլ գնում, գտնում են»,- նշում է Սարո Գյոդակյանը: Ամսագրի մյուս էջերը ներկայացնում են ժամանակակից ստեղծագործողներին, այլ մշակութային տարբեր նորություններ, տեղեկություններ: Թղթակիցները Հայաստանից են, Բեյրութից, Թեհրանից, Կանադայից: Ամսագիրն ուղարկվում է ԱՄՆ տասներեք նահանգներ, ինչպես նաեւ՝ Բեյրութ, Ֆրանսիա, Իրան, Հալեպ, Ավստալիա, Իսրայել: «Մեկ բաժանորդ էլ Ճապոնիայում ունենք, ափսոս գյումրեցի չի»,- կատակում է Գյոդակյանը: «Երբ սկսեցի «Համայնապատկերը» հրատարակել, երազում էի հիսուն բաժանորդ ունենալ, հիմա էլ հազար ունենք, բայց կրկին երազում եմ, որ երկու հազարի հասնի»,- անկեղծորեն խոստովանում է նա: «Համայնքի մտածողությունը շատ տարբեր է: Մեր ամսագիրն ունի մոտ հազար բաժանորդ, եւ դա՝ այն բանի շնորհիվ, որ մարդկանց հիշեցնում է անցյալը, փրկում մեր մշակույթը մոռացությունից: Այսօրվա ընդհանուր հետաքրքրությունները` շոու-բիզնես, քաղաքականություն, հասարակական կարծիքներ եւ այլն, այս համայնքին այնքան էլ չեն հետաքրքրում: Կան այլ ամսագրեր, որոնք դա էլ են տալիս: Մեր նպատակն ուրիշ է»:

Համայնապատկերը հայկական միակ ամսագիրն է, որն արժանացել է Jeanie Emerland Star Angel Award ամերիկյան ամենամյա մրցանակին եւ Southern California Motion Picture Council-ի սահմանած պատվոգրին: «Կան փոքրամասնություններին ամեն տարի ներկայացնող մշակութային կազմակերպություններ, որոնք էլ այս անգամ ներկայացրել էին մեր ամսագիրը: 1999 թվականին դեռ միայն չորրորդ համարն էի հրատարակել ու արդեն մրցանակը ստացա: Ստուդիո Սիթիի մեծ` հազար տեղանոց դահլիճում կարդում են «Համայնապատկեր», Սարո Գյոդակյան: Իրոք շատ հուզիչ էր. հոլիվուդյան ճանաչված աստղերի կողքին հանկարծ նշում են հայկական ամսագրի անուն: Սա մեծ հաղթանակ էր, ոչ թե իմ, այլ ամերիկահայ մամուլի հաղթանակը»,- նշում է «Համայնապատկերի» գլխավոր խմբագիրը: «Համայնապատկերը» գոյատեւում է գովազդի շնորհիվ: «Ժողովուրդը սիրում է ամսագիրը, մնում է հովանավորները սիրեն, եւ ամեն ինչ լավ կլինի: Տասը տարվա մեջ բազմաթիվ ամսագրեր ու թերթեր են փակվել հովանավոր չունենալու պատճառով: Մենք դեռ գոյատեւում ենք: Իմ միակ հույսն ու ապավենը ժողովուրդն է: Փառք Աստծո, բաժանորդները գնալով ավելանում են: Ընթերցողները մեծ մասամբ միջին տարիքից բարձր են, որոնք հիմնականում կարոտում են: Մեր ամսագիրը կարոտի ամսագիր է: Ունենք նաեւ երիտասարդ ընթերցողներ: Վերջերս Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի (UCLA) համալսարանից երկու ուսանող եկան եւ իրենց քսան դասընկերոջ համար բաժանորդագրվեցին: Էդ քսան հոգին ինձ համար քսան միլիոն արժի: Եթե երիտասարդությունը սիրում է մեր ամսագիրը, նշանակում է` ապագա կա: Կան նաեւ ոչ հայազգի, բայց հայագետ բաժանորդներ, կամ հայեր, որոնք հայերեն չգիտեն, բայց նրանց համար թարգմանում են հարազատները»,- իր կազմած սոցիոլոգիական պատկերն է ներկայացնում Սարո Գյոդակյանը: Ապագայի ծրագրերից է անգլերեն էջերի պատրաստումը, ինչպես նաեւ՝ նախատեսում են «Համայնապատկեր» հեռուստաժամ ստեղծել, որը որոշ չափով գովազդի դեր կկատարի ամսագրի համար: Սակայն այս ամենը հնարավոր է միայն ֆինանսական խնդիրների լուծման դեպքում: Առայժմ Սարո Գյոդակյանը եւ ամսագրի թղթակիցները հիմնականում աշխատում են որպես կամավորներ. «Ե՛վ գեներալ եմ, եւ՛ զինվոր: Ամեն ինչ անում եմ, հավաքագրում, խմբագրում, սրբագրում, տպարան տանում»,- ասում է խմբագիրը:

Մինչդեռ նրա այս եւ կատարած շատ այլ բարեգործություններ աննկատ չի թողել իր հայրենի Գյումրին: Անցյալ տարի Սարո Գյոդակյանն արժանացավ Գյումրիի «Տարվա մարդ» կոչմանը: Իրականում այդ կոչումը գյումրեցիները շնորհում են քաղաքում ապրող հանրահայտ մարդկանց, սակայն Սարոյի դեպքում բացառություն են արել եւ, հրավիրելով Հայաստան, մեկընդմիշտ կնքել նրան «Սարո Գյումրեցի» անվամբ: Այս մրցանակը Սարո Գյոդակյանը համարում է «պարգեւ` ծնողից որդուն»: Տարբեր բարերարների միջոցով «Համայնապատկերի» տնօրինությունը հովանավորել է Գյումրիի Գրողների միության դահլիճի, Չարենցավան քաղաքի դպրոցներից մեկի մարզահամալիրի, Շիրազի տուն-թանգարանի մեկ սենյակի վերանորոգումը, եւ թանգարանին նվիրաբերել Սիփան Շիրազի տասներկու նկար: Երեք տարի շարունակ գյումրեցի գրողներին ամսավճար են ուղարկել: Այսօր էլ փորձում են հովանավորներ գտնել գրողների գրքերը հրատարակելու համար: Նաեւ օգնում են գրողների մասին ֆիլմաշարի ստեղծման աշխատանքներին: «Շատ դժվար է հողից կտրված ապրելը: Երբ անցյալ տարի գնացի Հայաստան, քառասուն օր մնացի, բայց երբ վերադարձա, հասկացա, որ քիչ է: Ընկերներիցս մեկը, որը հայտնի բժիշկ է, ինձ խորհուրդ տվեց կարդալ բժշկական մի հանրագիտարան, որտեղ «կարոտախտ» բառի դիմաց գրված է` հայկական հիվանդություն, պատկերացնո՞ւմ եք: Սա մի հիվանդություն է, որի դեպքում ոչ մի տեղդ չի ցավում, բայց դու անբուժելի հիվանդ ես»,- իր մտորումներն է կիսում նա:

«Համայնապատկերի» խմբագրությունը մշակույթի յուրօրինակ կենտրոն է դարձել: Այստեղ են գալիս մշակույթի գործիչներ` գրողներ, նկարիչներ, որոնք այցելում են զրուցելու կամ պարզապես բարեւելու: