Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման, ազգային ողբերգության համաշխարհային ճանաչման գործում Յակով Զարոբյանի գործունեությունը հիշատակության է արժանի. նախ՝ այն բանի համար, որ քաղաքական իրադարձությունների ծանր մթնոլորտում ՀԿԿ առաջին քարտուղարը համարձակություն ունեցավ աշխարհով մեկ հայտարարելու ցեղասպանության եւ զոհերի հիշատակի կոթող կառուցելու իր մտադրության մասին: Նման կարգի գործիչները պետք է հետմահու արժանանան հավուր պատշաճի հիշատակման, իսկ նրանց անունները պետք է հավերժացվեն:
Այս տարի լրանում է Յակով Զարոբյանի ծննդյան 100-ամյակը: Դրա նախաշեմին անհրաժեշտ է, որ հատկապես արդի երիտասարդ ղեկավարները ճանաչեն նրան, հստակ պատկերացում կազմեն նրա գործերի մասին: Դա մեր՝ ապրողներիս, սրբազան պարտքն է:
Գրեթե յոթ տասնամյակ ազգային ցանկացած հարց կապված էր Կենտրոնի՝ Մոսկվայի հետ: Իսկ հանրապետությունից Կենտրոնին ներկայանում էր միայն մեկ մարդ՝ ՀԿԿ առաջին քարտուղարը: Երկար տարիներ այդ մարդը Յակով Զարոբյանն էր, ով կարողացավ ԽՍՀՄ ԿԿ Քաղբյուրոյին ներկայացնել մեր ժողովրդի համար կարեւորագույն շատ հարցեր: Առաջ քաշված հարցերից շատերի լուծումն իրականացվել է Մոսկվայի համաձայնությամբ: Նա կարողացավ համոզել ԽՍՀՄ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովին եւ ստանալ նրա համաձայնությունը՝ կառուցելու Արփա-Սեւան ջրանցքը եւ փրկելու Սեւանը: Սեւանը փրկվեց Զարոբյանի՝ պետական, քաղաքական գործչի մտքի ճկունության, հմուտ դիվանագիտության եւ ազգասիրության շնորհիվ:
1965թ. սկզբներին երիտասարդության շրջանում ծավալվել էր Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված 1915 թ. Հայոց մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի առթիվ շարժումը: Գաղտնի շրջանառվող, ձեռքից ձեռք անցնող Գուրգեն Մահարու, Հովհաննես Շիրազի, Պարույր Սեւակի, Սիլվա Կապուտիկյանի եւ մյուս մեծանուն գրողների տպագիր եւ անտիպ ստեղծագործությունների միջոցով ծանոթանում էինք Եղեռնի պատմությանը, ազգային ինքնության, ազգային ակունքների ճանաչման եւ գնահատման անհրաժեշտության խնդիրներին:
Դեռեւս 1964 թ. նոյեմբերի 14-ին ՀԿԿ Կենտկոմը Յա. Զարոբյանի զեկուցման հիման վրա որոշում էր կայացրել եւ դիմել ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմ՝ «1915 թ. Թուրքիայում հայերի զանգվածային բնաջնջման 50-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների մասին»: Նամակն ուղարկվում է ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմ: Ո՛չ Խրուշչովը, ո՛չ էլ նրան փոխարինելու եկած Բրեժնեւը չհասկացան ողբերգության պատմությունը, գուցեեւ հասկացան, բայց չուզեցին քննարկման նյութ դարձնել:
Այնուամենայնիվ, հարցի քննարկումը տեղի ունեցավ: Զարոբյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը, ցուցադրում նկարներ, ներկայացնում Թուրքիայի ներկա իշխանությունների վարած դիվանագիտական կեղծ քաղաքականությունը եւ հիշեցնում. «Չի եղել պատմական մի ժամանակ, որ Թուրքիան կանգնած լինի Ռուսաստանի կողքին, մոտ լինի նրան»: Նիստը նախագահող Լ.Ի. Բրեժնեւը, ընդհատելով Զարոբյանին, ասում է. «Հիմա թուրքերը մեզ շատ մոտ են, մեր հարաբերությունները բարի դրացիական են»: Զարոբյանն անխոս Բրեժնեւին է ներկայացնում «Պրավդա» թերթի համարը, ուր գրված էր այն հաղորդագրությունը, որ Անկարայում մեկ օր առաջ հարձակվել են ԽՍՀՄ դեսպանության վրա, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:
Գլխավոր քարտուղարը կարգադրում է անմիջապես ստուգել եւ զեկուցել Սովետական Միության դեսպանատան հետ կատարվածի մանրամասները: Այնուհետեւ մեկ րոպե լռությամբ հարգում են զոհերի հիշատակը եւ շարունակում նիստը: Զարոբյանի ներկայացրած նախագծի չորս կետերից միայն երեքին է տրվում հավանություն: Դրանք հետեւյալներն են` Երեւանում հրավիրել սգո հանդիսավոր նիստ, ապրիլի 24-ը պետականորեն ճանաչել Հայոց ցեղասպանության եւ զոհերի հիշատակի օր, Երեւանում կառուցել Ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող կոթող:
… 1965 թ. ապրիլի 24-ին տարօրինակ էր հնչում շքերթ-ցույց արտահայտությունը: Զարոբյանի ցուցմունքով որեւէ մեկն իրավունք չուներ խանգարելու ցուցարարների հայրենասիրական հույզերի պոռթկումը: ԽՍՀՄ-ում երեւի թե առաջին ցույցն էր՝ առանց երգ-երաժշտության, առանց բոցաշւնչ կոչերի ու կարգախոսների: Ցուցարարների խմբերը շարժվում էին Համալսարանից դեպի Պանթեոն, այնուհետ՝ Լենինի հրապարակ, ապա՝ Օպերային թատրոնի հրապարակ: Եղած պաստառները բովանդակում էին հիմնականում երկու կարգախոս՝ «Ճանաչել ցեղասպանությունը» եւ «Ե՛տ տվեք մեր հողերը»:
Յա. Զարոբյանի նախաձեռնությամբ նույն օրը՝ ապրիլի 24-ի երեկոյան, Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի հանդիսասրահում առաջին անգամ ամբիոնից հնչեցին Հայոց ցեղասպանության մանրամասները:
Յա. Զարոբյանին ազատեցին Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից: Նա կորցրեց պաշտոնը, բայց ձեռք բերեց պատմական մեծ հեղինակություն: Նա անձնական շահը երբեք բարձր չդասեց ժողովրդի շահից: Աշխատեց ժողովրդի համար եւ երբեք թույլ չտվեց իրեն՝ վնասել ժողովրդին՝ իր դիրքերն ամրապնդելու համար:
Այս տարի լրանում է նրա՝ Մեծ Հայի ծննդյան 100-ամյակը: Այդ նախաշեմին անհրաժեշտ է, որ հատկապես արդի երիտասարդ ղեկավարները ճանաչեն նրան, հստակ պատկերացում կազմեն նրա գործերի մասին: Դա մեր՝ ապրողներիս, սրբազան պարտքն է: Ես փորձեցի վերհիշել Զարոբյանի կյանքի եւ գործունեության շատ կարեւոր մի դրվագ, որը կապված է մեր ժողովրդի պատմության հետ: Մահից հետո էլ նրա հավերժությունը կապրի մեր հիշողություններում: Իսկ Հայրենիքը շուտով մեծ շուքով կնշի պետական ու ազգային մեծ գործիչ Յակով Զարոբյանի ծննդյան 100-ամյակը: