«Microsoft»-ը սպառնում է

11/04/2008

Ամերիկյան «Yahoo! Inc». համացանցային ընկերությունը, որը 41 մլրդ դոլարով փորձում է ձեռք բերել «Microsoft» կորպորացիան, երկուշաբթի օրը հայտարարել է, որ չի առարկում ծրագրային ապահովման՝ աշխարհում խոշորագույն արտադրողի հետ գործարքի դեմ, սակայն ցանկանում է, որ նա բարձրացնի առաջարկության գումարը: Այդ մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը: «Microsoft» կորպորացիան ապրիլի 6-ին համացանցային հսկային նախազգուշացրել էր, որ եթե մինչեւ ապրիլի 26-ը համաձայնություն ձեռք չբերվի, ինքը ոչ բարեկամական կլանման փորձ կձեռնարկի շատ ավելի պակաս գրավիչ գնով, քան առաջարկվում է: «Yahoo! Inc.»-ի գործադիր տնօրեն Ջերի Յանգը եւ Տնօրենների խորհրդի նախագահ Ռոյ Բոստոկը երկուշաբթի օրը նամակ են հղել Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերին, որտեղ ասված է, որ համացանցային ընկերությունը «բաց է այն բոլոր այլընտրանքների համար, որոնք առավելագույնս կմեծացնեն նրա բաժնետոմսերի սակարանային արժեքը»:

«Դա ներառում է Microsoft-ի հետ գործարքը, եթե նրա գինը լիովին արտացոլի Yahoo-ի արժեքը»,- նշված է ուղերձում: Նամակում նաեւ ասված է, որ ընկերության ոչ բարեկամական կլանման հնարավորության վերաբերյալ «Microsoft»-ի սպառնալիքները «հակաարդյունավետ» են, որոնք չեն նպաստում հասնելու փոխշահավետ համաձայնության: Բիլ Գեյթսի հիմնած՝ ծրագրային ապահովման՝ աշխարհում խոշորագույն մշակողը փետրվարի 1-ին հայտարարել էր համացանցային հսկայի բաժնետոմսերի գնման եւ մնացած մասի կանխիկ վճարման միջոցով «Yahoo! Inc»-ի ձեռքբերման գործարք իրականացնելու իր մտադրության մասին:

Ըստ որում, «Microsoft»-ն առաջարկում է «Yahoo! Inc»-ի բաժնետոմսերը գնել մի գնով, որն ընկերության արժեթղթերի ընթացիկ շուկայական արժեքը գերազանցում է ավելի քան 60 տոկոսով:

Չնայած դրան, համացանցային հսկայի ղեկավարությունն առաջարկված գինը համարել է իջեցված եւ ձեւականորեն մերժել է առաջարկությունը: Նախապես գործարքի գումարը կազմում էր 44,6 միլիարդ դոլար, սակայն սակարանում բաժնետոմսերի արժեքի փոփոխման պատճառով գործարքը գնահատվում է 41 միլիարդ դոլար: «Yahoo! Inc» ընկերությունը 1994 թվականի հունվարին հիմնել են Ստենֆորդի համալսարանի ասպիրանտներ Դեւիդ Ֆիլոն եւ Ջերի Յանգը: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Սանիվեյլում (Կալիֆոռնիայի նահանգ): «Yahoo! Inc»-ը տիրում է աշխարհում իր տարածվածությամբ երկրորդ որոնման համակարգին եւ տրամադրում է մի շարք ծառայություններ, որոնք միավորված են «Yahoo! Directory» համացանցային պորտալով:

Պորտալը ներառում է «Yahoo! Mail» էլեկտրոնային փոստի հանրաճանաչ ծառայությունը, որը համացանցում հնագույններից եւ առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է: