Երեկ մեկնարկեց «Երեւան-գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որը կտեւի մինչեւ ապրիլի 13-ը: Փառատոնը կազմակերպվում է «Բոտտլեր ԱԼԿՈ» ընկերության կողմից, որը համագործակցում է Ռուսաստանի օդագնացության միության եւ օդապարիկների գիտատեխնիկական կենտրոնի հետ: Փառատոնի տնօրեն, Ռուսաստանի օդագնացների միության ղեկավար, Ռուսաստանի աերոստատային գիտատեխնիկական կենտրոնի սերտիֆիկացման ղեկավար Վալերի Լատիպովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասել է, որ յուրաքանչյուր տարի աշխարհի որեւէ երկրում կայանում է միջազգային օդագնացության ամառային թռիչքային սեզոնի բացումը: Այս տարի օդագնացության սեզոնը բացվում է «Երեւան-գունազարդ երկինք 2008»-ով:
Վ. Լատիպովը նշել է, որ Հայաստանի լեռնային աշխարհագրությունը շատ հետաքրքրական է մրցույթների անցկացման համար, իսկ եղանակի արագ տաքացումը ստեղծում է բարենպաստ պայմաններ ամառային թռիչքային սեզոնը հնարավորինս վաղ սկսելու համար: Փառատոնի տնօրենը վստահ է, որ այս միջոցառումը մեծ նշանակություն կարող է ունենալ զբոսաշրջության զարգացման համար, նաեւ միջազգային մակարդակով Հայաստանը կճանաչվի որպես վստահելի եւ հարմար երկիր` տեխնիկական եւ կազմակերպչական բարդ սպորտային միջոցառումների համար: Փառատոնի նախնական մեկնարկը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, իսկ պաշտոնական բացումը` երեկ: Օդագնացության փառատոնի ժամանակ քաղաքացիների համար կկազմակերպվեն սիրողական թռիչքներ` 50-100մ բարձրությամբ, ինչպես նաեւ՝ ազատ սպորտային թռիչք մայրաքաղաքի երկնքով: Փառատոնի ընթացքում կանցկացվի երեւանյան օդապարիկների մրցաշար, հաղթողը կորոշվի սպորտային ազատ թռիչքների արդյունքներով: Լավագույն օդագնացը կարժանանա «Երեւան-գունազարդ երկինք 2008»-ի գավաթին: Մրցույթին կմասնակցեն տասնյակ օտարերկրյա օդագնացներ, փառատոնին կմասնակցի Հայաստանը ներկայացնող օդագնացների զույգը, որոնք կդառնան օդագնացության միության անդամ եւ կներկայացնեն Հայաստանը միջազգային այլ փառատոներում: