ՀՀ նախագահական ընտրություններից հետո քաղաքական կոալիցիա կազմած ուժերի ղեկավարները սկսել են համատեղ հրապարակումներով հանդես գալ արտասահմանյան մամուլում:
Մոտ երկու շաբաթ առաջ ամերիկյան «Washington Post» թերթում համատեղ հոդված էին հրապարակել ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը` դեռեւս երկկողմ կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո: «Համատեղության» այս արտահայտությունը, կարծես, ավանդույթ է դառնում` կոալիցիայի ընդլայնմանը զուգահեռ՝ ընդգրկելով ավելի մեծ թվով «հեղինակների»: Նախօրեին քաղաքական կոալիցիայի մաս կազմող չորս ուժերի ղեկավարները համատեղ հարցազրույց են տվել ռուսական «Նովիե իզվեստիա» թերթին:
Թերթի թղթակիցը երկու նույն հարցերն է ուղղել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: «Ի՞նչ նպատակով է Հայաստանում ստեղծվել քաղաքական կոալիցիա»,- «Նովիե Իզվեստիայի» այս հարցին, բացառությամբ թերեւս Արմեն Ռուստամյանի, կոալիցիայի անդամ մյուս երեք ուժերի ղեկավարները տվել են գրեթե նույն պատասխանները: «Կոալիցիան ստեղծվել է արդյունավետ գործող իշխանություն ձեւավորելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու նպատակով: … Նոր ղեկավարության բոլոր գործողությունները նպատակաուղղված են լինելու հասարակության մեջ առաջացած բեւեռացման վերացմանը, տոլերանդության զարգացմանը, ընդդիմախոսների կարիքի հարգմանը: Հասարակությունն առաջիկայում կզգա դրական տեղաշարժերը, մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարի գործում»,- կոալիցիայի ստեղծումն այսպես է բացատրել վարչապետ Սերժ Սարգսյանը: «Հասարակությունը կոալիցիոն իշխանությունից ակնկալում է մարդկանց համար պարզ եւ հասկանալի վերափոխումների իրականացում, որոնք կնպաստեն քաղաքացիների մեծամասնության կենսամակարդակի բարձրացմանը, աղքատության կրճատմանը, մանր եւ միջին ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանությանը: Մենք բոլորս` եւ հարուստները, եւ աղքատները, եւ միջին եկամուտ ունեցողները, լողում ենք միեւնույն նավում: Եվ ոչ մեկը չի կարող անտարբեր լինել այն հարցում, թե ուր եւ ինչպես է լողում այդ նավը»,- նման «պատկերավոր» ձեւով էլ կոալիցիայի ստեղծման նպատակը ներկայացրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ինչպես իր «հետկոալիցիոն» գրեթե բոլոր ելույթներում, նշել է, որ, չնայած Հայաստանն ունի կոալիցիոն կառավարությունների փորձ, այդուհանդերձ, այս կոալիցիայի համաձայնագիրը տարբերվում է նրանով, որ դրանում ամրագրված է ոչ միայն կոալիցիայի ստեղծման փաստը, այլեւ պետության սոցիալ-քաղաքական եւ տնտեսական կյանքը բարեփոխելու նպատակադրվածությունը: «Մենք ասում ենք` «Ոչ թե քաղաքական պատերազմ, այլ քաղաքական խաղաղություն, ոչ թե քաղաքական ատելություն, այլ քաղաքական մրցակցություն»,- ահա այսպիսի լիրիկական զեղումներով էլ կոալիցիայի ստեղծումը բացատրել է ընդամենը երկու ամիս առաջ իշխանությունների հետ «քաղաքական պատերազմ» մղող Արթուր Բաղդասարյանը: Եվ միայն ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն է, որ կոալիցիայի ստեղծումը պայմանավորել է նաեւ հետընտրական եւ մարտիմեկյան իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակով: «Անմիջապես նախագահական ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Հայաստանին անհրաժեշտ է միայն ազգային համաձայնություն: Մեր երկրի համար աննախադեպ մարտյան իրադարձություններից հետո արդեն իրավիճակը պարտավորեցնում էր երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար գնալ այնպիսի քայլի, ինչպիսին կոալիցիայի ընդլանումն էր… Այդ պատճառով ներկայումս պետք է մի կողմ դնել նեղ, կուսակցական շահերը` հանուն այն բարձր խնդիրների, որոնք կանգնած են մեր հայրենիքի առաջ: Այժմ առաջնահերթ խնդիրը ժողովրդի վստահության վերականգնումն է»,- «Նովիե իզվեստիային» ասել է Ա. Ռուստամյանը: Թերեւս, նաեւ ի պատասխան ՀՅԴ ներկայացուցչի` կոալիցիայի ճանապարհով «ազգային համաձայնություն» ստեղծելու մասին պնդմանը, «Նովիե իզվեստիայի» թղթակիցը իր զրուցակիցներին հարցրել է. «Ինչո՞ւ կոալիցիայում ընդգրկված չեն ՀՀՇ եւ «Ժառանգություն» կուսակցությունները, որոնք ներկայացնում են արմատական ընդդիմությունը»: Այս հարցին բոլորը պատասխանել են գրեթե այնպես, ինչպես նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում պատասխանել էր ընդդիմության հետ երկխոսության գնալու մասին հարցին: Իսկ Ռ. Քոչարյանի ասածի իմաստը մոտավորապես հետեւյալն էր` «ի՞նչ երկխոսություն հանցագործների հետ»: Մասնավորապես Ս. Սարգսյանը «Նովիե իզվեստիային» ասել է. «Քաղաքական կոալիցիան հիմնված է փոխադարձ հարգանքի, ըմբռնման, համերաշխության սկզբունքների վրա: Մենք որոշել ենք, որ տարաձայնությունները պետք է հարթվեն բանակցությունների եւ քննարկումների, կուսակցությունների միջեւ քաղաքական երկխոսության միջոցով՝ համագործակցելով ՀՀ նախագահի հետ: Ինչպե՞ս եք դուք պատկերացնում նման համագործակցությունը այն մարդկանց հետ, ովքեր չեն հարգում իշխանության ձեւավորման օրինական ժողովրդավարական եղանակները: Սակայն քաղաքական կոալիցիան հաշվի կնստի քաղաքացիական հասարակության հաստատությունների կարծիքի հետ, կաշխատի թափանցիկության ռեժիմով եւ պատշաճ վերահսկողություն կապահովի ողջ ապարատի գործունեության նկատմամբ»: Նույն հարցին պատասխանելով` Գ. Ծառուկյանը նշել է, որ իրենք դեմ չեն ընդդիմության հետ երկխոսությանը, սակայն. «մենք կարծում ենք նաեւ, որ փոքրամասնությունը իր ագրեսիվ գործողություններով եւ լարվածության մշտական ահագնացմամբ չի կարող ողջ հանրության վզին փաթաթել իր տեսակետներն ու ցանկությունները: Մենք պատրաստակամություն ենք արտահայտում ցանկացած հիմնախնդիրներ քննարկելու ինչպես մեծամասնության կոալիցիայի շրջանակներում, այնպես էլ մեր հասարակության հեղինակավոր այլ ուժերի, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի հետ»: Իսկ նախկին ընդդիմադիր Ա. Բաղդասարյանն ասել է. «Որոշակի սահմանագիծ կա, որը զատում է քաղաքական գործընթացներն իրավականից: Մարտի 1-2-ին հանրահավաքների հետեւանքով գործընթացները դուրս են եկել քաղաքական տրամաբանության սահմաններից, տեղի ունեցան անկարգություններ, ցավոք, եղան նաեւ զոհեր: Եվ մենք գտնում ենք, որ այստեղ արդեն տեղին են իրավական գնահատականները, որովհետեւ քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իրավականները՝ իրավական դաշտում»: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ա.Ռուստամյանն էլ պատասխանել է լրագրողի հարցի միայն երկրորդ մասին: «Ս.Սարգսյանը ցանկություն է հայտնել աշխատել բոլորի հետ, ովքեր պատրաստ են համագործակցության: Դուրս է մնացել միայն «Ժառանգությունը»՝ դա նրանց ճանապարհն է, նրանց ընտրությունը: Մենք դռները բաց ենք թողել: Կոալիցիայում ներկայացված են ամբողջ չորս կողմեր, եւ հասկանալի է, որ ամեն ինչ հարթ չի լինի. մեզ սպասում են թեժ բանավեճեր: Բայց բոլոր հիմնական հարցերը քննարկվելու եւ համաձայնեցվելու են մինչեւ դրանց ընդգրկումը խորհրդարանի օրակարգում: Եթե բոլոր կուսակցությունները մաս կազմեին կոալիցիային, ավելի մեծ հնարավորություններ կլինեին նախնական քննարկումների համար»:
Վերջում «Նովիե իզվեստիան» նշել է, թե, ըստ վերջին տեղեկությունների, Հայաստանի քաղաքական կոալիցիան կարող է ընդլայնվել: «Դրանում կարող են ընդգրկվել ինչպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ ոչ կուսակցական հասարակական գործիչներ»: Գեղամյանի ականջը կանչի: