Բիզնեսս իշխանությանդ վնաս չէ

11/04/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վերջերս հեղինակավոր «Forbes» հանդեսը ռուս միլիարդատերերի մասին մի հետաքրքիր հոդված էր հրապարակել։ «Forbes»-ի մասնագետներն այս անգամ ոչ թե պարզապես հաշվել են ռուս միլիարդատերերի քանակն ու նրանց կարողությունները, այլ ուշադրություն են հրավիրել, թե նրանցից քանիսն են տեղ զբաղեցնում երկրի օրենսդիր մարմնում։

Ստացվել է բավական տպավորիչ մի թիվ. խորհրդարանի անդամների թվում կա 12 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունն անցնում է 41 միլիարդ դոլարը։ Այդ ցուցանիշով Ռուսաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը։ Ցանկության դեպքում ռուսները կարող են պարծենալ՝ ասելով՝ մեր խորհրդարանն ամենահարուստն է։ Սակայն մտահոգվելու պատճառներն ավելի շատ են, քան պարծանքի։ Նման դիտարկումներն ինքնանպատակ չեն արվում։ Դրանով փորձ է արվում ցույց տալ, թե երկրում բիզնեսը որքան է միախառնված քաղաքականությանը, եւ որքանով է խոշոր կապիտալը վերահսկում վերջինիս։ Բիզնեսմեն-քաղաքական գործիչների մեծ թիվը նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ։ Անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր մի առիթով կարծիք հայտնել, թե գործարար լինելու հանգամանքը խորհրդարանականներին թույլ չի տալիս օբյեկտիվ գտնվել։ Ռուսաստանում, ինչպեսեւ Հայաստանում, խորհրդարանի անդամներին օրենսդրորեն արգելված է զբաղվել գործարարությամբ, սակայն շատերը ղեկավարում են իրենց ընկերությունները՝ ուրիշների անվան տակ։ «Forbes»-ն իր հրապարակման մեջ բերել է կոնկրետ օրինակ, թե ինչպես է բիզնեսը փորձում խառնվել երկրի ղեկավարմանը՝ սեփական շահերից ելնելով։ Հրապարակման հեղինակները հիշեցրել են, որ, օրինակ, սենատոր, «Ալֆա-Գրուպի» սեփականատեր Գլեբ Ֆետիսովը (կարողությունը՝ 3.9 միլիարդ դոլար), լոբբինգ էր անում՝ խոշոր ընկերությունների նկատմամբ պետական վերահսկողությունը թուլացնելու համար։ «Իհարկե, հարստության եւ իշխանության միջեւ կապը նույնքան հին է, որքան պետական իշխանության ինստիտուտը, սակայն ռուսական իշխանության մեջ հարուստների թիվը նմանը չունի մոլորակում»,- հեգնել է «Forbes»-ը։ Այ հենց այստեղ է, որ «Forbes»-ի մասնագետները, կարծես, մի փոքր սխալվել են՝ հերթական անգամ աչքաթող անելով մեզ՝ հայերիս։ Չէ, իհարկե, բացարձակ գումարի առումով մեր խորհրդարանականները ռուսների հետ չեն կարող մրցակցել։ Օրինակ, եթե գումարենք մեր բոլոր պատգամավորների կարողությունը, դա դժվար թե համեմատվի ամենահարուստ ռուս սենատորի՝ 42-ամյա Սուլեյման Քերիմովի կարողության հետ՝ 17.5 միլիարդ դոլար։ Ընդհանրապես, Հայաստանում նման թվեր հրապարակելն ավելի դժվար գործ է, քան Ռուսաստանում։ Այնտեղ արժեթղթերի շուկան բավական զարգացած է, եւ արժեթղթերի արժեքով գոնե մոտավորապես կարելի է կարծիք կազմել սեփականատիրոջ կարողության մասին։ Մերոնց միլիոնների մասին կարելի է թեթեւ պատկերացում ունենալ՝ նայելով հարկատուների ցուցակին, տներին, մեքենաների եւ թիկնապահների քանակին։ Սակայն սա էական չէ։ Եթե վերանանք բացարձակ արժեքներից, եւ ամեն ինչ դիտենք համեմատության մեջ, ապա մեր դեպքում ամեն ինչ ավելի բարդ է։

Եթե աչքի անցկացնենք մեր պատգամավորների ցուցակը՝ մանավանդ ՀՀԿ-ականների, ապա մատների վրա կհաշվենք այն մարդկանց, ովքեր խոշոր գործարարներ չեն։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, համեմատենք մի տվյալ։ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2007-ին կազմել է մոտ 1.2 տրիլիոն դոլար։ 12 ամենահարուստ ռուս խորհրդարանականների հարստությունը կազմում է այդ թվի 3.5 տոկոսը։ Արտասահմանցիները սա համարել են մեծ թիվ՝ իշխանության վրա բիզնեսի մեծ ազդեցության հնարավորություն։ Հիմա նայենք մեր ՀՆԱ-ն։ 2007-ին այն կազմել է մոտ 10 միլիարդ դոլար։ Դրա 3.5 տոկոսը կազմում է 35 միլիոն դոլար։ Այսինքն, եթե մեր ամենահարուստ խորհրդարանականների ընդհանուր կարողությունը գերազանցում է 35 միլիոնը, ապա կարող ենք ասել, որ Հայաստանում իշխանությունն ավելի շատ է գտնվում բիզնեսի ազդեցության տակ։ Այստեղ կա մի նրբություն՝ հաշվի առնելով ռուսական օրենսդիր մարմնի եւ մեր Ազգային ժողովի պատգամավորների թիվը, 12 հոգու փոխարեն մենք վերցնենք 4 պատգամավորների։ Իսկ հիմա, թերեւս, ամենահետաքրքիր պահն է՝ ընթերցողը թող ինքն իր համար որոշի՝ ովքեր են մեր ԱԺ-ի 4 ամենահարուստ պատգամավորները։ Այժմ թող գումարի նրանց կարողությունները։ Ստացված թիվը որքան անգամ գերազանցեց 35 միլիոնը, այնքան անգամ շատ է բիզնեսի ազդեցությունը քաղաքականության վրա մեր երկրում՝ Ռուսաստանի համեմատ։

Համաձայն ենք, որ սա ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ ճշգրիտ մոտեցում է։ Սակայն տարբերությունն այնքա՜ն ակնհայտ է, որ համոզվում ես՝ «Forbes»-ը մեզ աչքաթող է արել։ Օրինակ, եթե հաշվենք մեր 4 ամենահարուստ պատգամավորների միայն տների եւ մեքենաների արժեքները, ապա կտեսնենք՝ 35 միլիոնն «անհաղթահարելի» բան չէ մեզ համար։ Համեմատության համար նշենք, որ ի տարբերություն ՌԴ-ի, որտեղ 10 ամենահարուստ ընտանիքները վերահսկում են ՀՆԱ-ի 9,1 %-ը, ՀՀ-ում այդ ցուցանիշը կազմում է 4,7% (2006թ. տվյալներով):

Սակայն մի հետաքրքիր նրբերանգ էլ կա։ Թեեւ մեր պատգամավորներից շատերը գործարար են, սակայն դժվար է ասել՝ նրանք իրենց օրենսդրական գործունեությունը փորձո՞ւմ են ծառայեցնել սեփական բիզնեսի շահերին, թե՞ ոչ։ Թերեւս՝ ոչ։ Պատճառն ամենեւին էլ այն չէ, որ նրանք չափից դուրս ազնիվ են եւ պետության շահը գերադասում են սեփական շահից։ Պատճառն ավելի պարզ է՝ նրանցից շատերն ընդհանրապես չեն զբաղվում օրենսդրական գործունեությամբ՝ լինելով պատգամավոր։ Նրանք պարզապես ներկա են լինում ԱԺ-ում եւ սեղմում համապատասխան կոճակը, երբ անհրաժեշտ է։ Կան պատգամավորներ, որոնց շատ դժվար է պատկերացնել օրենք կարդալիս։ Եթե, օրինակ, կառավարությունը ԱԺ ներկայացնի օրենսդրական փաթեթ, որը վնաս է տվյալ պատգամավորի բիզնեսի համար, ապա գրեթե համոզված կարելի է ասել՝ նա առանց կարդալու կողմ կքվեարկի, քանի որ «վերեւից» այդպես է ասվել։

Պարադոքս է ստացվում. ԱԺ-ն գրեթե ամբողջությամբ համալրված է սեփական շահեր հետապնդող բիզնեսմեններով, սակայն նրանք երբեք չեն կարող դեմ գնալ կառավարությանն ու դեմ քվեարկել այն օրենքներին, որոնք իրենց իսկ շահերին հակասում են։ Սակայն մի քիչ վերլուծելու դեպքում կարելի է հասկանալ, որ ոչ մի պարադոքս էլ չկա, քանի որ հենց «վերեւները» շատ դեպքերում առաջնորդվում են ոչ թե երկրի շահերի տեսանկյունից, այլ փողի, եւ պետական շահն էլ երբեմն «հարմարեցվում» է խմբակային շահերին։