Ընդդիմություն, բայց ոչ իշխանությանը

11/04/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ապրիլի 4-ին «Արդշինինվեստբանկի» գլխամասային շենքի բացման արարողությանը մասնակցում էր նաեւ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը: Հիշեցնենք, որ վերջինս ոչ վաղ անցյալում ստեղծել եւ ղեկավարում էր «Դաշինք» անունը կրող կուսակցությունը, որն անցյալ տարի մայիսին մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, բայց չկարողացավ հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն 5 տոկոսը: Դրանից մի քանի ամիս անց «Դաշինքը» եւ «Ազգային վերածնունդ» (ԱՎ) կուսակցության ներկայացուցիչների մի մասը (ԱՎ մի շարք անդամների դեմ լինելու պարագայում) հայտարարեց Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) հետ միավորվելու մասին: Արդյունքում՝ ԱՎ-ի մի թեւը` Ալբերտ Բազեյանի գլխավորությամբ, միացավ ՀՌԱԿ-ին: Իսկ անցած շաբաթ մամուլում հրապարակում եղավ, թե «Դաշինք» եւ ԱՎ կուսակցությունների գործունեությունը դադարեցված է, եւ այդ կուսակցությունների անունից ոչ ոք հանդես գալու իրավունք չունի: Ուրբաթ օրը Ս.Բաբայանից փորձեցինք տեղեկանալ, թե այսուհետ ինչպե՞ս է աշխատելու վերամիավորված ՀՌԱԿ-ը, ի՞նչ տեղ է ինքը զբաղեցնելու կուսակցության կազմում, եւ ընդհանրապես ի՞նչ դեր է ուզում ունենալ այդ ուժը Հայաստանի քաղաքական դաշտում: Եվ քանի որ Ս. Բաբայանին հանդիպեցինք բանկի շենքի շնորհանդեսին` մյուս հյուրերի հետ խմբված զրուցելիս, մեր հարցուպատասխանն էլ շատ կարճ ու կոնկրետ ստացվեց: Ի դեպ, տեղեկացնենք, որ բանկում հավաքվածների շարքում կային նաեւ ԼՂՀ-ից հրավիրված հյուրեր, այդ թվում եւ՝ վարչապետ Արա Հարությունյանը: Եվ նկատելի էր, որ Ս. Բաբայանը ԼՂՀ-ից եկած հյուրերի հետ չէր շփվում: Այդ ամբողջ ընթացքում նա թիկնապահներով շրջապատված էր եւ հիմնականում զրուցում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Հարցուպատասխանը ներկայացնում ենք բառացի:

– Պարոն Բաբայան, անցյալ շաբաթ տեղեկություն հրապարակվեց, որ «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցություններն այլեւս գոյություն չունեն: Ո՞վ է լինելու ՀՌԱԿ ատենապետը:

– Առայժմ չեմ կարող ասել, առայժմ աշխատում ենք այլ ուժեր էլ համախմբել: Այսօր խնդիրը գնում է ոչ թե ՀՌԱԿ ատենապետի, այլ միավորումը մեծացնելու համար:

– Իսկ ի՞նչ նպատակներով եք ցանկանում հզորացնել ՀՌԱԿ-ը:

– Ազգային աջ ուժերի համախմբման նպատակով: Ընդդիմադիր եւ օբյեկտիվ իրավիճակն իր գաղափարներով առաջնորդելու եւ իշխանությանը թելադրելու համար, թե՛ օրենսդրությունը, թե՛ մենաշնորհները բարելավելու եւ բոլոր հարցերում:

– Դուք ո՞ւմ եք ուզում ընդդիմադիր լինել. նոր իշխանությունների՞ն, որը գլխավորելու է Սերժ Սարգսյանը:

– Չէ, չէ, ոչ թե ընդդիմադիր Սերժ Սարգսյանին, չպետք է անձնավորել: Ընդդիմադիր աջ ուժեր, ազգային: Պետք է լինել կենտրոնում, որը ծայրահեղ չէ: Այսօրվա քաղաքական դաշտում կա սեւ-սպիտակ: Կա իշխանություն, կա ծայրահեղ ընդդիմություն: Միջինը ո՞վ է եւ ի՞նչ գաղափարախոսությունով է առաջնորդվում: Փորձենք լրացնել այդ բացը:

– Լրացնելուց հետո փորձելու եք մասնակցել ընտրություններին եւ իշխանությա՞ն գալ:

– Ժամանակը ցույց կտա, չվռազենք: Ցանկացած կուսակցություն ձգտում է իշխանության: Այն կուսակցությունը, որը չի ձգտում իշխանության, ուրեմն չի կարող գոյատեւել:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հետընտրական իրավիճակը եւ, հատկապես, մարտի 1-ի արյունոտ իրադարձությունները: Ձեր կարծիքով՝ ո՞ր կողմն է ավելի շատ պատասխանատու կատարվածի համար:

– Ես քննչական խմբի անդամ չեմ եւ չեմ ցանկանում կոնկրետ կենտրոնանալ: Պետք է ունենալ լիարժեք ինֆորմացիա, որ գնահատական տանք: Կողքից կարելի է գնահատական տալ, դատապարտել, բայց պետք է նաեւ տեղյակ լինել:

– Այսօր ձեր կողքին են նաեւ Ղարաբաղից հրավիրված պաշտոնյաներ: Նկատելի է, որ դուք չեք շփվում նրանց հետ: Ձեզ հետաքրքիր չէ՞, թե ովքե՞ր են ղեկավարում ԼՂՀ-ն, եւ ի՞նչ վիճակում է այսօր Ղարաբաղը` ձեր ծննավայրը:

– Իմ կարծիքով՝ կապ չունի, թե որտե՞ղ ես ծնվել` առաջինը: Երկրորդն էլ` ես շփվել եմ, ում հետ պետք է, ով ցանկություն ունի իմ հետ շփվելու:

– ԼՂՀ վարչապետի հետ շփվե՞լ եք:

– Շփվել եմ, ինչքանով հասցրել եմ:

– Բարեւել եք:

– Իմ կարծիքով` հա:

– Իսկ իրականում բարեւե՞լ եք:

– Նույնիսկ չեմ էլ նկատել: