«ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն է»,- ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը

11/04/2008 Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

– Պրն Ծառուկյան, ճի՞շտ են լուրերը, որ շաբաթ օրը կոալիցիայի անդամները հավաքվել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ, ուր տեղեկացվել են, որ ՀՀ ապագա վարչապետը Տիգրան Սարգսյանն է:

– Ոչ. շաբաթ-կիրակի ես Հայաստանում չեմ եղել, բայց տեղյակ եմ, թե ով է նշանակվելու վարչապետ:

– Տարաձայնություններ չունե՞ք:

– Ոչ, չունենք: Տարաձայնությունները ԲՀԿ իրավասությունների մեջ չեն: Ըստ Սահմանադրության` վարչապետի թեկնածուն առաջադրվում է պառլամենտական մեծամասնության կողմից: ՀՀԿ-ն մեծամասնություն է, նա էլ առաջադրել է իր թեկնածուին:

– Կբարձրաձայնե՞ք այդ անունը:

– Կբարձրաձայնեմ. Տիգրան Սարգսյան, այդպես է ցանկացել այսօրվա նորընտիր նախագահը:

– Իսկ ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը նոր վարչապետի թեկնածությանը:

– Երկրորդեմ. դա սահմանադրական կարգ է, եւ իմ կարծիքը ոչ մի կապ չունի. որոշողը ես չեմ. եթե ես լինեի որոշողը, ես կասեի` ում եմ ուզում, ինչու:

– Ես ձեր փոխարեն ասե՞մ:

– Ոչ, մի ասեք իմ փոխարեն։ Ես իմ փոխարեն կարող եմ ասել, բայց գոյություն ունի սահմանադրական կարգ:

– Իսկ կոալիցիան պորտֆելների հարցը քննարկե՞լ է:

– Դեռ` ոչ:

Հ.Գ. Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ն կպահպանի իր երեք նախարարական եւ մեկ մարզպետական պորտֆելները. կստանա որոշ տեղակալների պաշտոններ եւս: ՕԵԿ-ը` երեք պորտֆել կստանա. Երիտասարդության, Գիտելիքի, Մշակույթի նախարարություններում: ՀՅԴ-ն եւս կպահպանի իր պորտֆելները: Ուժային պորտֆելներ ՀՅԴ-ն չի ստանա, բայց ուժայիններում ՀՅԴ-ն կունենա տեղակալների հաստիքներ: Ուժայինները հիմնականում կմնան իրենց տեղերում: ՀՅԴ-ին կմնա նաեւ ԱԺ փոխնախագահի պորտֆելը. ըստ նախնական տեղեկատվության` այն «հասնելու» էր ՀՅԴ «կանանց». Լիլիթ Գալստյանին եւ կամ Ռուզաննա Առաքելյանին, սակայն որոշ աղբյուրներ պնդում են, որ Բյուրոն չի համաձայնել եւ առաջադրել է Հրայր Կարապետյանի թեկնածությունը: Կարեն Կարապետյանը կշարունակի ղեկավարել ԱԺ ՀՀԿ ֆրակցիան: Հովիկ Աբրահամյանը եւս փոխվարչապետի իր պորտֆելը կպահպանի: Մեր տեղեկություններով` ՀՀ նորընտիր նախագահի աշխատակազմը կշարունակի ղեկավարել Արմեն Գեւորգյանը:

Իսկ վարչապետ Հայաստանը կունենա ինագուրացիայի հենց հաջորդ օրը` ապրիլի 10-ին: