«Դե ուրեմն եկեք հանրաքվե անենք եւ որոշենք չլինել անկախ»

11/04/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Լեւո՛ն, Դուք կարծում եք, որ Հայաստանն այն պետություններից է, որն օրինաչափորեն պետք է որ վաղուց գոյություն չունենար, բայց գոյություն ունի: Այս թեզը, թերեւս, հիմնավորման կարիք ունի:

– Հիմնավորումը Հայաստանի վերածագումն է դատարկ տեղում, 1828 թվականից սկսած: Այս տարածքներում ապրել է 100.000 մարդ, որոնցից հայ էր 25 հազարը: Այն տարածքներում, որոնք միացվել են Ռուսաստանի կայսրությանը, համարյա հայ չի ապրել: Այսպիսի վերագտնումը, ընդ որում` ոչ կազմակերպված, պատմական ազգի բացառիկ երեւույթ է: Եթե համադրենք Իսրայելի հետ, այնտեղ եղել են հստակ աշխարհաքաղաքական պատճառներ, ուժեր, որոնք նպաստել են դրան, իսկ Հայաստանն ինքնաբերաբար է վերածնվել: Անցնելով անհավատալի արհավիրքների միջով` մեկ էլ տեսար` առաջացավ: Հայաստանի գոյությունը այդ առումով կհամեմատեի այն երեւույթի հետ, որը ֆիզիկոսները, փիլիսոփաները անվանում են «մարդաբանական սկզբունք»: Տիեզերքի ֆիզիկական հատկանիշները կարծես հատուկ ճշգրտորեն այնպես են դիրքավորված, որ հնարավոր լինի բանական կյանք` մեր իմացած տեսքով: Կարծես թե ամբողջ աշխարհն է միտված, որ գոյություն ունենա Հայաստանը, ինչպես ողջ Տիեզերքն է միտված, որ գոյություն ունենա բանական մարդ:

– Ըստ Ձեզ` Հայաստանը շատ է կարեւորում աշխարհից, միջազգային հանրությունից եկող ազդակները եւ փոխարենը չունի սեփական ուղերձն աշխարհին: Մատչելի բառապաշարով ներկայացրեք, խնդրեմ, Ձեր ասածի հիմնավորումը:

– Ուղերձ ասելով` կարելի է վերհիշել միայն ՀՀԿ հայեցակարգում ներառված հայ ազգի հավերժության թեզը: Դա կարելի է համարել ուղերձ, բայց ինձ ամենեւին հասանելի չեն եղել որեւէ մեկնաբանություն, պարզաբանում` ինչպես դա կիրառել: Քաղաքականություն` նշանակում է՝ մղում, որը դառնում է միտվածություն, ինչը դառնում է պնդում եւ կիրարկում: Մնացած առումներով կարծես թե ուղերձից խուսափում են, ու դա կապված է շատ խոր հոգեւոր բացատրությունների հետ` ինչո՞ւ: Ի վերջո, դա գալիս է որոշակի դավանաբանական սկզբունքներից, որոնք բացահայտորեն չեն ներկայացված: Օրինակ` ասենք` կոմպլեմենտարիզմ: Դա նույն դավանաբանական թեզն է, որ իբր մարդու մեջ կա երկու բնություն` աստվածային եւ մարդկային, թե ինչպես են նրանք բաժանվում, հետո միանում: Ի վերջո, դա բխում է մանիքեական պատկերացումներից, որ բարի ու չար աստվածները հավասարազոր են եւ աշխարհում գործում են միմյանցից անկախ: Սակայն քրիստոնեությունը չարը հասկանում է իբրեւ թերացում: Այսինքն` ընդհանրապես չար գոյություն չունի, չարը պարզապես աստվածայինի ընկալման թերացումն է: Իսկ մանիքեականները չարը համարում են առանձին էություն, որը հավասարազոր է բարու հետ: Այսինքն` տարբեր ուժերի գործողությունները դիտարկում են նույն հարթության վրա: Այսօրվա տերմինաբանությամբ՝ փորձում են գտնել «շահերի բալանս»: Նույն մտայնությունն է եւ մեր քաղաքականության մեջ, եւ այն բնորոշվում է որպես կոմպլեմենտարիզմ: Սա հանգում է իսլամական մտայնությանը, երբ ընկրկում են վերահաս ուժի առջեւ: Քրիստոնեությունը մարդուն բարձրացնում է առ Աստված, մարդը դառնում է Աստծո նկատմամբ հանձնառու: Իսկ իսլամում մարդը ստորադասվում է Աստծուն, ով կարող է ցանկացած պահի ճնշել, պատժել:

– Ինչպե՞ս կարելի է կիրառել գործնական քաղաքականության մեջ, ասենք, հայ ազգի հավերժության ուղերձը:

– Քաղաքականությունը դիրքորոշում է ու հարցադրում: Այսինքն` Հայաստանը պետք է իր աշխարհայացքը հստակորեն ձեւակերպի ու հետամուտ լինի դրան, իսկ մնացածը` ով ինչ կարծիք ուզում է, կարող է ունենալ: Օրինակ` հայ ազգի հավերժության մասին թեզը: Դա պետք է պարզորոշել, զարգացնել, մեկնաբանել, իմաստավորել, փորձարկել: Քաղաքական գործիչները պետք է ցանկացած երեւույթի մեկնաբանություն, անդրադարձ բխեցնեն Հայաստանից, ոչ թե գերմանական փիլիսոփայությունից, արդի ուժային բաշխումներից եւ այլն:

– Նշեցիք հայ ազգի հավերժության գաղափարը` որպես ուղերձ աշխարհին: Սակայն հավերժության ընկալումը նյութական չէ եւ կոնկրետացված չէ. ի՞նչ է նշանակում` լինել հավերժ, եւ հանուն ինչի՞ լինել հավերժ:

– Պետք է բացատրվի, թե հավերժության հավակնությունն ինչ կարգի մարտահրավեր է:

– Դիցուք` մենք աշխարհին ուղղում ենք մեր ուղերձը, որ մենք հավերժության ձգտող ազգ ենք: Սակայն յուրաքանչյուր ժողովուրդ, քաղաքակրթություն ինքն էլ ունի իր համանման ուղերձները, ընդ որում, ավելի գրագետ կամ ագրեսիվ ուղերձներ, որոնք բխում են իքս երկրից եւ ուղղվում աշխարհին, այդ թվում եւ՝ Հայաստանին:

– Քանակական համամասնությունը, ուժային հարաբերակցությունն ամենեւին կարեւոր չեն: Կարեւորը միտվածությունն է: Ինչու եմ հատկապես կառչում հավերժության ձեւակերպումից. եթե ինչ-որ բան ասված է, ապա պետք է դրանից քամել հնարավորինս: Եթե ունես թեզ, որը հավակնոտ է, բավական չէ այն ինչ-որ տեղ գրել, այն պետք է դարձնես քաղաքական գործիք:

– Նման հավակնոտության ուղերձը քաղաքական գործիք դարձնելու համար դրանով պետք է զբաղվեն բարձր գիտակցության, ինտելեկտով եւ ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդիկ: Հայաստանում ինտելեկտը եւ ֆինանսական հնարավորությունները, որպես կանոն, համատեղ չեն հանդիպում:

– Հնարավորությունը ստեղծվում է ուղերձի հիման վրա: Սկիզբից լինում է բանը` խոսքը, հետո այն սկսում են դարձնել հնարավորություն: Հայաստանի վերնախավը ես չեմ համարում հայկական: Ըստ մտայնության` նրանք պատկանում են ոչ քրիստոնյա կրոններին: Իսկ հայ ժողովրդի եղելությունը քրիստոնեական է:

– Այսինքն, գտնում եք, որ վերնախավը անպայմա՛ն պետք է գիտակցի՞ իր քրիստոնեական սկիզբը:

– Բնականաբար, քրիստոնեությունն աշխարհի բուն կառուցվածքն է, այն պարզապես դավանանք չէ: Ինչո՞ւ է քրիստոնեությունն այդքան հաղթական` չնայած որ շատ զուսպ է, այն աստիճան, որ աշխարհի հզորություններից ազդվածները կարծում են՝ թուլություն է: Քրիստոնեությունը նկարագրում է աշխարհի կառուցվածքը. Սուրբ Երրորդությունն աշխարհի կառուցվածքն է: Մեզ մոտ երկվություն կա ամեն ինչում, դրա հետեւանքով քաղաքականությունը աղճատված ու շիզոֆրենիկ է: Մի կողմից` անկախություն, մյուս կողմից՝ ձգտում` անդամակցել Եվրամիությանը, մի կողմից՝ հայտարարում ենք, թե Հայաստանն ու Ղարաբաղը միավորված են, հետո սկսում ենք պնդել ԼՂՀ-ի անկախությունը: Այդպիսի աղճատված վիճակները սկզբունքորեն ոչ մի լավ բանի բերել չեն կարող:

– Սակայն մենք միջազգային հանրության մի մասն ենք, եւ անգամ հզոր երկրները, ինչպես, օրինակ, Թուրքիան, ձգտում են դառնալ Եվրամիության անդամ:

– Ես այլ բան եմ ասում. մի կողմից գովերգում ենք մեր երազած անկախությունը, մյուս կողմից ասում ենք` պետք է ինտեգրվել ԵՄ-ին: Դա նշանակում է` մտնել այլ պետության կազմ: Այսօր էլ Հայաստանը ենթարկվում է Եվրոպական դատարանի իրավասությանը: Ինչ որոշի Եվրոպական դատարանը, Հայաստանը կկատարի: Հետեւաբար, Հայաստանն անկախ չէ:

– Կարծում եք, անկախությունը բացարձա՞կ հասկացություն է: Ինչպե՞ս է հնարավոր լինել բացարձակ անկախ:

– Քանի որ Հայաստանում եղել է անկախության հանրաքվե, պետք է խիստ արժեւորել սեփական քայլերը: Եթե դու արել ես քայլ, պնդել ես անկախություն, եղիր անկախ: Արտասանվել է «անկախություն» բառը` որպես որոշում, մարդիկ գնացել են եւ քվեարկել այդ բառի տակ: Եթե ցանկանում ես, որ քաղաքականությունդ ազդեցիկ լինի, պիտի քո՛ որոշումները կատարես: Որոշել ես անկախություն, եղիր անկախ, կամ նոր հանրաքվե անցկացրու եւ եղիր ոչ անկախ: Եթե որոշել ես Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորում, իրագործիր դա ցանկացած ձեւերով: Եթե վախենում ես, թե դրանով կարող ես զայրացնել ինչ-որ մեկին, կարող ես մի անգամ ասելուց հետո այլեւս չխոսել դրա մասին, բայց իրականացնել: Բայց ինչո՞ւ է հիմա հակառակը խոսվում: Քաղաքականությունն այդպես չի կերտվում: Եթե Հայաստանը շատ հստակ ասեր, որ միավորվել է Ղարաբաղի հետ, եւ վերջ, Ղարաբաղը Հայաստանի կազմում է, չկա որեւէ փաստարկ, որ ինչ-որ մեկը կասեր, թե՝ այս ինչ եք անում, ագրեսոր եք, եւ այլն:

– Սակայն ասում են:

– Ասում են, քանի որ հիմա Հայաստանն անջատում է Ղարաբաղն իրենից: Վերջին տարիներին են ասում: Նրանք սպասեցին շուրջ տասը տարի, ոչ մի բան չէին խոսում, բայց քանի որ Հայաստանի վարչակազմը խոսակցությունները տարավ դեպի անջատում, նրանք սկսեցին քննադատել Հայաստանին` իբրեւ ագրեսոր: Մինչեւ մոտավորապես 2001 թիվը չկար հայտարարություն, թե Հայաստանը օկուպանտ է: Տեսան, որ Հայաստանի վարչակազմը գրագետ քաղաքականություն չի վարում, սկսվեց Հայաստանի քննադատությունը:

– Դուք ասում եք` վարչակազմ, ի վերջո, անհատների այդ խմբին, այդ վարչակազմին է վերապահված որոշումներ ընդունելու իրավունքը:

– Նախ` վճռական պահերին բոլորը կարող են դառնալ հայ: Հայ լինելն ազգանունով չէ: Հայը մարդու վերածնունդն է, վճռական պահին այն մարդիկ, ում վարած քաղաքականությունն, իմ կարծիքով, որոշ կետերում քննադատելի է, կարող են ցուցաբերել հայկական վարքագիծ: Մնացածն` ամեն մեկը թող անի իր աշխատավայրում: Օրինակ` թերթերը չպետք է տպագրեն հոդվածներ` նման վերնագրերով` «Իքս եւ իգրեկ պետությունների շահերը` Հայաստանում»: Կարող է լինել` Հայաստանի նկատառումը այսինչ հարցում, իսկ մնացածը՝ տողատակերում, հոդվածի հետգրությունում, եւ այլն: Այսինքն` օժանդակ:

– Դուք խոսեցիք Հայաստանի` Երկիր մոլորակում բացառիկ դերի, հայ դառնալու հնարավորության մասին, սակայն մեր ազգային ինքնագնահատականը ցածր է, իսկ պետությունն իր քաղաքացիներին վերաբերվում է որպես անգիտակից արարածների:

– Կա Էրոուի թեորեմ, որը պնդում է, որ ժողովրդավարություն հնարավոր չէ: Կարելի է հաղթել ընտրություններից առաջ, կարելի է հաղթել ընտրություններից հետո, սակայն ընտրությունների ժամանակ հաղթել հնարավոր չէ: Ժողովրդավարությունը հեքիաթ է: Երբ բողոքում են ժողովրդավարության ոտնահարումից, թյուրիմացություն է, որովհետեւ ժողովրդավարություն լինել չի կարող: Իսկ չեղած բանը խաթարել հնարավոր չէ: Մարդը կարող է չստորադասվել պետության, պետական ինստիտուտների կողմից միայն միապետության ժամանակ: Պետության կառուցման համար հարկավոր էներգիան, ռեսուրսները պետք է վերագտնել: Չպետք է զբաղվել դեմոկրատիկ թատրոններով, լիքը փող ծախսել: Ընտրությունների նախորդ օրը ռադիոն չէր խոսում, եւ երբ միացրեցի, մի քանի րոպե անց զգացի, թե որքան հանգիստ է աշխարհը: Չկա լարվածությունը, ընտրարշավական անհեթեթությունները: Հազարավոր մարդիկ զբաղված են Աստված գիտի ինչով, փոխանակ պետություն կառուցեն: Պետք է զբաղվել քո ուղերձով, քո ծառը ջրել։ Ոչ թե մտածել, թե մեր պատվիրակությունը գնալու է ԵԽ, ինչ է ասելու, ինչ «լոբբինգ» է անելու: Պետք է աշխատել սեփական՝ միակողմանի, ասելիքի մշակման վրա:

– Ըստ Ձեզ` ո՞րն է այն կարեւոր ուղերձը, որը գուցե ձեւակերպված, մշակված չէ, սակայն արժեր ուղարկել աշխարհին:

– Հայաստանն աշխարհակենտրոն ծննդավայր է, այսինքն` Հայաստանն ունի մոլորակային նշանակություն, դրա բացատրությունը երկար-բարակ չանեմ, բայց Հայաստանի աշխարհակենտրոն նշանավորումը եւ երկրաչափություն ձեռք բերելու պնդումը, օրինակ` ի դեմս երեք լճերի:

– Հավանաբար նկատի ունեք Սեւանը, Վանա լիճն ու Ուրմիան:

– Ճիշտ այդպես: Դրանք մենք կոչում ենք ծովեր: Հայաստանը պետք է ունենա ելք դեպի ծովեր` իբրեւ երկրաչափություն եւ ոչ թե իբրեւ տարածական նկրտում: Եթե քննենք` յուրացված չէ անգամ Հայաստանի տարածքը: Հայաստանը լքված է, սակայն իբրեւ մոլորակային նշանակության ծննդավայր՝ պետք է ունենա երկրաչափություն, վերացական իմաստներով լի ձեւայնացում:

– Համաձայն չե՞ք, որ ցանկությունն` ունենալ որոշակի երկրաչափություն` անկախ հիմնավորումների պաթոսից, աշխարհը պատրաստ չէ ընկալել:

– Բայց մենք վերադառնում ենք մեր խոսակցության սկզբին, որ աշխարհը գուցեեւ պատրաստ է, հակառակ դեպքում Հայաստանը պիտի որ գոյություն չունենար: Աշխարհն ուզում է, որ Հայաստան լինի:

– Այդ դեպքում, պետք է առանց ժամանակ կորցնելու անհապաղ հանձնվելու եւ Հայաստանին միավորվելու կոչ անենք Թուրքիային, Իրանին եւ Ադրբեջանին:

– Ինչո՞ւ ոչ: Գուցե իրենք պատրա՞ստ են: