Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Ռուզան Առաքելյանն ու ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը:
Վերջինը, սակայն, հրաժարվեց շնորհավորել կանանց` տոնի կապակցությամբ` նշելով, որ ինքը դա չի կարող անել, քանի որ որեւէ մեկի համար այսօր տոն չի կարող լինել: Տոնը ենթադրում է համերաշխություն, ներդաշնակություն, ինչը, ըստ Ռուզան Խաչատրյանի, մեր երկրում չկա. «Հենց այսօր շատ կանայք գնալու են Դատախազություն` պահանջելու արդարություն, պահանջելու ազատ արձակել քաղբանտարկյալներին: Եթե սա տոն է, ուրեմն մենք մեր տոնն այսօր այսպես ենք նշելու: Մենք շատ ավելի ուրիշ խնդիրներ ունենք: Մարդու իրավունքը, ազատ շնչելու, անգամ Հյուսիսային պողոտայում պարան թռնելու իրավունքները ոտնահարված են մեր երկրում, այսինքն, անիմաստ է խոսել կանանց իրավունքների մասին»: Նա ավելացրեց, որ կանայք շատ քիչ են ներկայացված պետական կառավարման մարմիններում, մինչդեռ եթե կանայք շատ ավելի ներգրավված լինեին, բազմաթիվ խնդիրներ այսօրվա նման «բռի, կոպիտ ու պատերազմական չէին լուծվի»:
Անահիտ Բախշյանն էլ կարծում է, որ կինն իր ներկայությամբ ուրիշ երանգ է տալիս քաղաքականությանը: Տիկին Բախշյանի կարծիքով` կանայք ավելի են ակտիվանում, երբ խնդիրները շատանում են. «Երբ իմ ամուսինը կար, իմ մտքով չէր էլ անցնում խառնվել քաղաքականությանը: Մտածում էի, որ հուսալի թիկունք ունեմ, եւ իմ կանացի գործունեությամբ ինձ լիովին բավարարված էի զգում: Բայց հետո, երբ կորցրի իմ հենարանը, զգացի, որ պարտավոր եմ իմ ներդրումն ունենալ պետականության գործընթացում»: Ռուզան Առաքելյանը եւս գտնում է, որ մեր հասարակությունը խնդիր ունի հայ կնոջը քաղաքական դաշտում տեսնելու հարցում, եւ այդ բարդույթը չի հաղթահարվել: Մինչդեռ, ըստ նրա, քաղաքականությամբ զբաղվող կանայք էլ կանացի են ու իրենց բարձր հատկանիշներով չեն զիջում մյուս կանանց: Թեեւ քաղաքական կյանքում կանայք ակտիվ են, սակայն նախագահի կին թեկնածուներ երբեք չենք ունեցել: Սրա պատճառը, ըստ ՀԺԿ անդամ Ռ. Խաչատրյանի, այն է, որ Հայաստանում այսօր չկան կանայք, որոնք սափրագլուխների բանակ ունենան իրենց հետեւում. «Այնպիսիները, որ կգնան այդ աստիճան գռեհիկ քայլերի` ընդհուպ մինչեւ մարդասպանության, ինչը տեսանք մարտի մեկին: Եթե այդպիսի կին հասունանա, ուրեմն նա կառաջադրվի, բայց հուսով եմ, որ նման բան չի լինի»:
Տիկին Բախշյանն էլ կարծում է, որ դեռ կլինեն կանայք, որոնց ժողովուրդը կվստահի, ու կին նախագահի ընտրությունը երբեք նման չի լինի նախորդ ընտրություններին:
Ասուլիսի մասնակիցներն անդրադարձան նաեւ նախագահական ընտրություններին եւ դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններին: Եվ մասնավորապես` Ռ. Առաքելյանի այն նկատառմանը, թե Դաշնակցությունը նախընտրական շրջանում որեւէ կեղծիք թույլ չի տվել, Ռ. Խաչատրյանը պատասխանեց. «Կեղծիքը հենց այն էր, որ Դաշնակցությունն ասաց` ոչ ներկաները, ոչ անցյալը, եւ կոչ արեց դեպի ապագա` իրեն նկատի ունենալով, ձայներ ստացավ ու վերջում ընտրեց նախապես որոշված ներկան»:
Ի պատասխան՝ Ռ. Առաքելյանն ասաց, որ հետընտրական շրջանը քաղաքական գործընթաց է, ու կոալիցիայի մեջ լինել դեռ չի նշանակում՝ ամբողջությամբ համաձայնել իշխանության որոշումներին: Իրենք համազգային խնդիրներն են կարեւորում: Ռ. Խաչատրյանի կարծիքով էլ` համազգային խնդիրն այն էր` արդյոք արյուն կթափվի՞ այս երկրում, թե՞ ոչ. «Այն ժամանակ դուք ձայն հանեիք: Ոչ մեկին չի հետաքրքրում` դուք կոալիցիա կմտնե՞ք, ձեր երազած ուժային պորտֆելը կստանա՞ք, թե՞ չէ»: Ա. Բախշյանն էլ նկատեց, որ ՀՅԴ-ն հանրահավաքների եւ ցույցերի մասին օրենքի փոփոխությունների ժամանակ «կողմ» է քվեարկել, ինչը, ըստ նրա, հակասում է նրանց հարցադրումներին ու Վահան Հովհաննիսյանի ելույթին: Ռ. Խաչատրյանը նկատեց նաեւ, որ «Երեւանի մասին» օրենքն արդեն պետք է ընդունված լիներ, եւ քաղաքապետի ընտրություններ պետք է անցկացվեին, մինչդեռ առաջիկայում Երեւանի չորս համայնքներում թաղապետի ընտրություններ են անցկացվելու. «Մի՞թե դա նշանակում է, որ այդ օրենքը չի ընդունվելու, սահմանադրությունը հերթական անգամ ոտնահարվելու է»,- հարցրեց Ռ.Խաչատրյանը: Նրան ի պատասխան՝ Ա. Բախշյանը նշեց, որ հենց երեկ ԱԺ նիստի ընթացքում որոշում է ընդունվել «Երեւանի մասին» օրենքի քվեարկությունը 90 օրով հետաձգելու մասին: Ռ. Խաչատրյանն էլ վերջում դիմեց ներկա իշխանություններին. «Եթե ինաուգուրացիա եք անում, Աստված ձեզ հետ, դա չի լեգիտիմացնում ձեր իշխանությունը: Բայց գոնե զուսպ եղեք, եղեք համապատասխան այն մթնոլորտին, որ կա երկրում: Հասկանում եմ, որ բլեֆ է, փուչիկ է ձեր իշխանությունը, բայց օդապարիկներ գոնե մի թողեք»,- ասաց նա: