Երեկ` ապրիլի 7-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ձեւավորված ավանդույթի համաձայն, ամփոփեց աշխատանքային տարվա առաջին եռամսյակը:
Ներկայացնելով 2008թ. 1-ին եռամսյակի ծրագրերը` քաղաքապետը նշեց, որ նախատեսված 35 մլրդ 312 մլն դրամի աշխատանքները լիովին իրականացվել են: Ընդհանուր առմամբ, 2008թ. պետական միջոցներից մայրաքաղաքի տնտեսության մեջ ներդրվելու է 93 մլրդ դրամ: Տարվա ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է եւս 5 մլրդ դրամ արժողությամբ լրացուցիչ ծրագրերով։ «2007թ. համեմատությամբ Երեւանի քաղաքապետարանի ծրագրերը ավելացել են 20 տոկոսով»,- տեղեկացրեց քաղաքապետը:
Համայնքային բյուջեները եւս նախորդ տարվա համեմատ ավելացել են` մոտ 15 տոկոսով: Քաղաքապետարանում արդեն կազմված է նաեւ մայրաքաղաքի սոցիալ- տնտեսական գործունեության 2008- 2012թթ. ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի Կառավարության հաստատմանը: Անդրադառնալով այս տարվան` Ե. Զախարյանը երեկ նշեց, որ մայրաքաղաքի տնտեսության մեջ շինարարությունն իր գերակա դիրքը կպահպանի` ապահովելով նախորդ տարվա համեմատ 26 տոկոս աճ: Ե. Զախարյանը երեկ թվարկեց մայրաքաղաքում կառուցվող նոր տրանսպորտային հանգույցներն ու ճանապարհները։ «Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկի աշխատանքները նախատեսում ենք ավարտել մայիսին: Սկսվել է Խանջյան-Հերացի փողոցների կապն ապահովելու նպատակով Գետառի հունի վերակառուցումը` Չարենց եւ Սայաթ-Նովա փողոցների կամուրջների վերակառուցումը: Սկսվել է նաեւ Աբովյան պուրակը Մյասնիկյան պողոտային միացնող թունելի շինարարությունը: Սարալանջի մայրուղու շարունակությունը` Ավետիսյան փողոցից մինչեւ Դավիթաշենի կամուրջ, նախատեսվում է վերակառուցել: Սկսված է նաեւ Հերացի եւ Խորենացի փողոցների միացումը Սարալանջի մայրուղուն»,- մանրամասնեց նա` ավելացնելով, որ շարունակվում է նաեւ անցյալ տարի սկսված Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի վերակառուցումը, որը կավարտվի առաջիկա 2 ամիսների ընթացքում: «Բացի այդ, նախատեսում ենք Արշակունյաց պողոտայում բետոնյա միջնապատերի տեղադրում: Պողոտայում կկառուցվի վերգետյա կամրջային անցում: Այստեղ շինարարական աշխատանքները կսկսվեն մեկ ամսվա ընթացքում»,- տեղեկացրեց Ե. Զախարյանը:
2008թ. ամենախոշոր շինարարական ծրագիրը, ըստ Ե. Զախարյանի` Կենտրոնը շրջանցող Սարալանջի մայրուղու կառուցումն է, որն ապահովելու է տրանսպորտի անընդմեջ երթեւեկություն` սկսած «Այրարատ» կինոթատրոնի մոտից մինչեւ Դավիթաշենի կամուրջ: Շինարարական աշխատանքների մի մասն իրականացվում է պետական միջոցներով, մյուս մասը` Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Այստեղ շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին, եւ արդեն սեպտեմբերին կունենանք մեծ տրանսպորտային հանգույց: Այս տարվա շինբարեկարգման ծրագրերի շրջանակներում նախատեսվում է նաեւ Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող երկու կամուրջների վերակառուցում: Ճանապարհների նորոգման, ասֆալտե ծածկը թարմացնելու եւ փողոցներում ճաքալցման աշխատանքների համար պետբյուջեից 2 մլրդ 400 մլն դրամ է հատկացված: Քաղաքապետի տեղեկացմամբ՝ վերակառուցվում են Սեբաստիա եւ Բագրատունյաց փողոցները: Իսկ այս տարվա ընթացքում կվերականգնվի 330 հազար քմ ասֆալտ- բետոնյա ծածկ:
Սկսված է երրորդ աստիճանի վթարայնության թվով 10 շենքերի ամրացումը: Իսկ չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչներն, արդեն չորրորդ տարին է, պետությունից, որպես փոխհատուցում՝ ստանում են նոր բնակարաններ: «Նախատեսել ենք այս տարի ամբողջությամբ լուծել չորրորդ կարգի վթարային շենքերի հարցը: Սկսվել է 2 բնակելի շենքերի շինարարությունը, որոնք կհանձնենք այս տարի նոյեմբերին, եւ դրանով կավարտենք ծրագիրը: Կմնա քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մեկ չորրորդ կարգի վթարային հանրակացարան, որին մենք հավանաբար կանդրադառնանք 2009 թվականին: Կառավարության աջակցությամբ տասնամյակներով ձգձգված այս հարցը կարողացանք լուծել»,- նշեց Ե. Զախարյանը: Այս տարի մայրաքաղաքի 24 փողոցներում կանցկացվի 39 կմ երկարությամբ լուսավորության նոր ցանց, դրանով կամբողջանա Երեւանի գիշերային լուսավորությունը: Քաղաքապետի խոսքերով, 2008թ. վերջում կունենանք ամբողջությամբ լուսավոր Երեւան:
Ե. Զախարյանն ընթացիկ ծրագրերից կարեւորում է հատկապես ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ անցյալ տարվանից իրականացվող վերելակային տնտեսության վերանորոգումը: Այդ նպատակով պետական միջոցներից հատկացվել է 3 մլրդ դրամ: 2007թ. վերականգնվել է՝ 400, այս տարի առաջին եռամսյակում` 417 վերելակ:
Վերելակային տնտեսության վերականգնման ծրագիրը կավարտվի 2008թ. վերջին: Այս տարի հատկապես մեծ են նաեւ դպրոցաշինության ծավալները. ըստ ՀՀ վարչապետի հանձնարարականի` առաջիկա 3 տարում մայրաքաղաքում անհատական կաթսայատուն չունեցող դպրոց եւ մանկապարտեզ չի լինելու: Այս տարի այդ նպատակով հատկացված է 1 մլրդ 700 մլն դրամ, մրցույթներն արդեն ավարտվել են, շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները: Այս տարի ցանկում ընդգրկված է 45 դպրոց եւ 12 մանկապարտեզ: Այստեղ կկառուցվեն անհատական կաթսայատներ: ՀՀ Քաղաքաշինության նախարարության պատվերով այս տարի Երեւանում կվերանորոգվի 53 դպրոց, 270 մլն դրամի շրջանակներում 4 դպրոց կվերանորոգվի Երեւանի համաքաղաքային ծախսերի հաշվին:
Մայրաքաղաքի համար լուրջ խնդիրներից մեկը տրանսպորտն է. այս տարի նախատեսվում է ավտոբուսի հավաքակայանը համալրել եւս 150 նոր «Բոգդաններով», որոնք, քաղաքապետի տեղեկացմամբ, ներկրվելու են մասնավոր ընկերությունների կողմից: Իսկ պետական բյուջեի միջոցներից կներկրվի 20 տրոլեյբուս, որոնցից մեկը հարմարեցված կլինի հաշմանդամների համար:
Երեւանի քաղաքապետը համոզված է, որ տրանսպորտի խնդրի կարգավորման համար Մետրոպոլիտենի զարգացումն այլընտրանք չունի: «Տարվա սկզբին ՀՀ վարչապետն այցելեց Երեւանի մետրոպոլիտեն, որի արդյունքում հատկացվեց լրացուցիչ 1 մլրդ 700մլն դրամ՝ Մետրոպոլիտենի անվտանգության ապահովման եւ վերանորոգման աշխատանքների համար»,- տեղեկացրեց քաղաքապետը: Քաղաքապետը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` նշեց, որ իրացման գոտիների վերակառուցումը շարունակվում է Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաներում: Այժմ բնակիչների հետ պայմանագրերի կնքման գործընթացներ են իրականացվում Կոնդում, Կոզեռնում եւ 33-րդ թաղամասում: Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ իրացման գոտու բոլոր բնակիչներին նախ առաջարկվում են բնակարաններ նույն տարածքում, հրաժարվելու դեպքում տրվում է գումարային փոխհատուցում: Անշարժ գույքի իրավական ձեւակերպումների հետ կապված խնդիրներ, ինչպես քաղաքապետն է նշում, կան մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքներում: Երեւանի քաղաքապետարանի կողմից, արդեն 6 ամիս է, աշխատանքներ են տարվում, արդյունքում` այն քաղաքացիներն, ովքեր տասնյակ տարիներ իրենց տների նկատմամբ սեփականության իրավունք չեն ունեցել, այժմ ստանում են այդ իրավունքը: