Դադարեցրել են եւ սկսել

11/04/2008

Երեւանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում հացադուլ անող կալանավորվածներից 7-ը շաբաթ եւ կիրակի օրերին դադարեցրել են հացադուլը: Միաժամանակ երեկ 6 կալանավոր հայտարարել է հացադուլ սկսելու մասին: Ըստ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամլո քարտուղարի` հացադուլ հայտարարածների թվում են ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը եւ այլք: Երեկ հացադուլը դադարեցրել է նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Ապրիլի լույս 6-ի գիշերը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ հացադուլն այլեւս անհնար է դարձել: «Առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով հացադուլը շարունակելը արդեն անհնար էր եւ արդեն լուրջ վտանգ կարող էր սպառնալ կյանքին, այդ իսկ պատճառով նա դուրս եկավ հացադուլից»,- «Ա1+»-ին փոխանցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Արմեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը հացադուլը դադարեցրել էր ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: