– Ձեր կարծիքով, ի՞նչ նոր տեխնոլոգիաներ կարող են կիրառվել Ադրբեջանում 2008 թվականի ընտրությունների ժամանակ:
– Հուսով եմ, որ կօգտագործվեն բոլոր առաջավոր տեխնոլոգիաները, սակայն պետք է հիշել, որ առայժմ ամեն ինչ խոսում է այն մասին, որ մեզ մոտ, ինչպես եւ Հայաստանում, չեն լինի իրական ընտրություններ։ Սպասվում են զանգվածային ընտրակեղծիքներ եւ բողոքների ճնշումներ դաժան ձեւերով։ Բայց սա չի նշանակում, թե երկրի ժողովրդավարներն անելիք չունեն։ Մենք պետք է գնանք ընտրությունների եւ օգտագործենք նախընտրական քարոզարշավի ընձեռած բոլոր հնարավորությունները, ընտրողներին հասցնենք ճշմարտությունը երկրում տիրող վիճակի մասին։
– Կարելի՞ է, արդյոք, ընտրությունները համարել ժողովրդավարության քննություն: Ինչպե՞ս է հասարակությունը վերաբերվում իր ընտրելու հնարավորությանը:
– Ընտրությունները ժողովրդավարության առաջին եւ ամենագլխավոր քննությունն են. չկան ընտրություններ՝ չկա ժողովրդավարություն։ Այն երկրներում, որտեղ կատարվում են իրական ընտրություններ, սովորաբար քվեարկությանը մասնակցում է ընտրողների կեսից մի քիչ ավելին (եթե որեւէ արտակարգ բան չկա), եւ այդ երեւույթը («աբսենթիզմը») ժողովրդավարության խնդիրներից մեկն է։ Իսկ այն երկրներում, որտեղ իրական ընտրություններ չեն լինում, ընտրատեղամասեր կարող են գնալ միայն անազատ մարդիկ եւ սակավաթիվ համոզված ժողովրդավարներ, որոնք, հակառակ ամեն ինչի, պատրաստ են արտահայտել իրենց բողոքը…
– Որքանո՞վ են արդյունավետ տեղական եւ միջազգային դիտորդների ինստիտուտները:
– Դրանք բացարձակապես անարդյունավետ են. այդ դիտորդները ժամանում են ընտրություններից 3 օր առաջ, 3 ժամ նստում են քվեատուփերի մոտ, այնուհետեւ երեկոյան, հրաժեշտի ճաշկերույթի ժամանակ խմում են հաղթողի կենացը (որ սովորաբար լինում է իշխանության ներկայացուցիչը) եւ վերադառնում տուն։ Նրանց աշխատակարգը պետք է փոխվի, հակառակ դեպքում նրանք միայն կնպաստեն ժողովրդավարական արժեքներից եւ երկրներից ընտրողների հիասթափվելուն։
– Ինչպե՞ս են Ադրբեջանում ընդունվում միջազգային դիտորդների գնահատականները:
– Ես բացասաբար եմ վերաբերվում նրանց աշխատանքին եւ նրանց գնահատականներին։ Շատերի նման, ես եւս Հայաստանում տեղի ունեցող ընտրություններին հետեւում էի BBC, CNN, EuroNews արբանյակային ալիքներով եւ հերթական անգամ տեսնում էի ԵԱՀԿ դիտորդների առաքելության անօգնական պահվածքը։ Իմ աչքերն արցունքով լցվեցին. հիշեցի մեր ընտրությունները եւ ԵԱՀԿ նախկին հայտարարությունները «դեպի ժողովրդավարություն կատարված եւս մեկ քայլի» մասին՝ հակառակ «տեղ գտած որոշ խախտումների»։ Հերթական նմանատիպ հայտարարությունն անելուց հետո ԵԱՀԿ ներկայացուցիչները տուն են գնում, որպեսզի վերադառնան մի քանի տարի հետո եւ մեզ մատուցեն նույն տեքստը, որից հասարակությունը եւ ժողովրդավարությունը ոչինչ չեն շահում։ Համաձայնեք, որ առայժմ նրանց գործունեության արդյունավետությունը հավասար է զրոյի։ Արդյոք նման բաներից հետո որեւէ մեկը կարո՞ղ է խոսել այդ եվրոպական կառույցի հեղինակության մասին։ Ընդհակառակը, ժողովրդավարական երկրների եւ ժողովրդավարական ինստիտուտների հեղինակությունը Ադրբեջանի նման երկրներում անընդհատ ընկնում է։ Ինչքա՞ն կարող է շարունակվել դա։ Նման փաստաթղթի սկզբում, լավագույն դեպքում (ինչպես դա եղավ մեզ մոտ 2005 թվականին), գրվում է. «ԵԱՀԿ առաքելությունն ականատես եղավ որոշակի առաջընթացի (օրինակ՝ թափանցիկ քվեատուփերի տեղադրմանը եւ այլն), սակայն նկատվել են նաեւ հետեւյալ խախտումները»։ Այնուհետեւ, ասենք, 42 էջի վրա նկարագրվում են խախտումները։ Բայց դրանք այլեւս ոչ ոք չի կարդում։ Ընտրությունների կազմակերպիչները զեկույցից առանձնացնում են «ԵԱՀԿ առաքելությունն ականատես եղավ որոշակի առաջընթացի» արտահայտությունը եւ բարձրաձայն ազդարարում, թե ԵԱՀԿ-ն իրենց գովել է, ընդունել, որ իրենք ժողովրդավարական տղաներ են։ Դրանից հետո երկար ժամանակ ընդդիմադիր թեկնածուները մեջբերումներ են անում խախտումների մասին 42 էջանոց հաշվետվությունից, բայց նրանց էլ ոչ ոք չի լսում։ Ես կառաջարկեի փոխել հաշվետվության մեթոդաբանությունը եւ ամփոփիչ փաստաթուղթը կազմելու կարգը։ ԵԱՀԿ-ի ամփոփիչ հաշվետվությունը պետք է կազմվի միավորների, ինդեքսների, գործակիցների համակարգի օգնությամբ, ինչպես դա արվում է FREEDOM HOUSE, BERTELSMANN INDEX, DOING BUSINESS եւ ուրիշների հաշվետվություններում։ Ընտրությունների մասին ամփոփիչ փաստաթուղթը պետք է ներկայացնի որոշակի ընդհանուր միավոր, որի մեջ կմտնեին, օրինակ, անցյալ ընտրությունների ամփոփիչ գնահատականը (դատարաններում այդ ընտրությունների վերաբերյալ բողոքների քննությունը), նախընտրական իրավիճակը, ազատությունների առկայությունը, ընտրությունների եւ ազատությունների հարցերի հետ կապված՝ դատական համակարգի գործունեությունը, կողմերի վարքը ընտրությունների օրը, ձայների հաշվարկը, բոլոր տեսակի ընտրական հանձնաժողովների վարքը, ետընտրական իրավիճակը (ինչ արձագանք են ստանում բողոքները) եւ այլն։
Այդ դեպքում ամփոփիչ հաշվետվության մեջ ընտրությունները կստանան որոշակի գնահատական, օրինակ` 7.84։ Մինչ այդ կսահմանվի հետեւյալ կարգը. այսպես` ովքեր հավաքում են 9-ից մինչեւ 7 միավոր, դասվում են «ժողովրդավարական ընտրություններ» գնահատականը ստացածների խմբին, 7-ից մինչեւ 5 միավոր հավաքածները՝ «կիսաժողովրդավարական» խմբին եւ այլն։ Եվ միանգամից պարզ կդառնա, թե նախորդ անգամվա համեմատ ինչպե՞ս են անցել ներկա ընտրությունները, եւ թե ինչո՞ւ մենք ունենք այդպիսի գումարային միավոր, այդպիսի ցուցանիշ այս տողում եւ այլն։ Հաջորդ ընտրություններում մենք կստանանք նոր միավոր եւ կհամեմատենք նախորդի հետ։ Եթե մեր միավորը 8.31 է, ապա գործերը լավ են, իսկ եթե 5.89, ապա կան անհանգստանալու պատճառներ։ Ահա սա է իմ առաջարկը, եւ հուսով եմ, որ այն կընդունեն հետխորհրդային հասարակություններում։
Զրույցը` Զ. ՌԱՍՈՒԼԶԱԴԵԻ