Լուրջ չեն ընդունում

11/04/2008

«ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորության մասին հայտարարել է Հայաստանի նոր ղեկավարի մասնակցությամբ բանակցությունների սկսվելուց առաջ իր երկրի դիրքերն ամրապնդելու համար»,- «Day.az»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Հադսոն ինստիտուտի Եվրասիական քաղաքականության գծով ծրագրերի տնօրեն Զեյնո Բարանը, ով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզայի կինն է: Բարանի խոսքերով` «նույնիսկ, եթե Հայաստանը ընդունի նման որոշում, ոչ ոք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը»: «Ոչ ոք դա չի հասկանա: Իրականում դա նման կլինի Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանը միայն Թուրքիայի կողմից: Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այդ որոշումը չի պաշտպանի ոչ ոք, ներառյալ Մինսկի խումբը, այդ թվում` Ռուսաստանը, որը շատ հարցերում Հայաստանի դաշնակիցն է: Այդ պատճառով ես լուրջ չեմ ընդունում հայաստանյան ղեկավարության նման հայտարարությունները»,- հայտարարել է Բարանը: Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեմ քվեարկելուն` Բարանը շեշտել է, որ «ընդհանրապես, Մինսկի խումբը ցանկանում էր, որպեսզի այդ բանաձեւը առհասարակ չբարձրացվի». «Արդյունքում, նրանք ընդունեցին այդ բանաձեւին դեմ քվեարկելու որոշում եւ բացատրեցին դա նրանով, որ բանաձեւը պաշտպանելը կխաթարեր համանախագահների` որպես միջնորդների հեղինակությունը Հայաստանի աչքում: Իսկ «ոչ» ասելով` նրանք հանդիպեցին Ադրբեջանի դժգոհությանը»: Ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ իր ամուսնու` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի լավատեսական հայտարարությունների առնչությամբ Զեյնո Բարանը նշել է. «Պետք է խոստովանեմ, որ ես այդչափ լավատես չեմ, սակայն ես բանակցությունների մասնակից չեմ: Լինի դա Բրայզան թե մյուս համանախագահները` նրանք հանդիպում են երկու երկրների նախագահների եւ արտգործնախարարների հետ եւ ծանոթ են բանակցությունների էությանը»: «Մեթյու Բրայզան լավատես էր նաեւ, երբ քննարկվում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության հեռանկարը, եւ բոլորը խոսում էին այդ նախագծի իրականացման բարդության մասին: Հիմնախնդրի լուծման մեջ պետք է լավատես լինել` ընդհանուր հայտարարի բերելու համար տվյալ հարցի լուծմամբ զբաղվող անձանց դիրքորոշումները»,- ասել է Բրայզայի կինը: Նա հույս է հայտնել, որ ԼՂՀ հիմնախնդիրը կլուծվի «այս տարվա ընթացքում»: