Ինչպես են հայերը դիմավորում եւ ճանապարհում հյուրերին

13/05/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Երեւանում գարուն է: Իսկ դա նշանակում է, որ շուտով Հայաստանում մնացած
«մի բուռ ազգը» կսկսի դիմավորել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իր
«երկրորդ բուռ» հարազատներին եւ ընկերներին: Իսկ եթե Ձեր բարեկամները
ժամանելու են Երեւան մինչեւ մայիսի 31-ը, Դուք ստիպված կլինեք դիմավորել
նրանց «գիշերվա միլիոնին», քանի որ «Զվարթնոց» օդանավակայանում կատարվում
են վերանորոգման աշխատանքներ:

Մեր հոգեկերտվածքը (կուզենայի լեզվաբաններին ասել, որ ի տարբերություն
«երեսփոխանի» կամ «գրգռաճեղքի»՝ շատ գեղեցիկ բառ է) այնպիսին է, որ անկախ
ժամանողի կամ մեկնողի կարգավիճակից, մենք սիրում ենք դիմավորել եւ
ճանապարհել «ազգուտակով»: Ես հասկանում եմ, որ Հայաստան ժամանած մեր
բարեկամին չի կարելի թողնել օդանավակայանի ելքի մոտ կանգնած «գռդոնչիների»
հույսին, որովհետեւ, նայելով այդ վարորդների դեմքերին, միանգամից հիշում
ես «Animal chanal»-ի՝ բորենիների մասին ֆիլմերը: Իմիջիայլոց, հաշվի
առնելով այդ մարդկանց «յազվության» աստիճանը, կարելի է նրանց օգտագործել
միջազգային դիվանագիտական գործընթացներում: Յուրաքանչյուր հարց «լուծող
են»: Արտասահմանցիներն այդ կարգի «յազվության» դժվար թե դիմանան: Առավել
եւս, որ ներքաղաքական կյանքում այդպիսիներին օգտագործելու փորձ արդեն
ունենք:

Ինչեւիցե, վերադառնանք բուն թեմային: Չնայած դիմավորելու գնում ենք
«ազգուտակով», պարզվում է, որ անգամ չենք կարող օգնել մեր բարեկամին՝
ծանրոցները տեղափոխելու հարցում, որովհետեւ ոչ մեկին ներս չեն թողնում: Եվ
հաշվի առնելով հայերի ծանրոցների քանակն ու քաշը, կարելի է ասել, որ
«ազգուտակն» ավելի շատ գնում է խանգարելու, որովհետեւ արդեն
օդանավակայանում է պարզվում, որ ծանրոցների համար մեքենայում տեղ չկա:
Վերադառնալով ներս չթողնելու թեմային՝ ուզում եմ փաստել, որ միայն մեզ մոտ
է, որ ծանրոց տեղափոխելու նպատակով նախատեսված սայլակների համար ուղեւորը
կամ նրան դիմավորողը վճարում են, ընդ որում՝ այդպես էլ չհասկանալով, թե
ո՞ւմ եւ ինչքա՞ն է պետք վճարել («Ինչքան տաս՝ քո պատիվն ա» սկզբունքով):
Առանձին խոսակցության նյութ են օդանավակայանում կանգնող «օրինական»
տաքսիները: Մի պահ պատկերացրեք, որ Երեւան է ժամանել մարդ, որին ոչ ոք չի
դիմավորում: Բնականաբար, նա պետք է դուրս գա եւ առաջինը տեսնի «Դոկա
տաքսիի» գեղեցիկ ավտոմեքենաները: Սակայն նրա մտքով անգամ չի կարող անցնել,
որ այդ գեղեցիկ մեքենաներն իրեն քաղաք կհասցնեն չորս անգամ ավելի թանկ
գնով, քան քաղաքի մյուս տաքսիները (խոսքն, իհարկե, վերը նշված
«բորենիների» մասին չէ): Հարց է ծագում. ինչո՞ւ միայն «Դոկա տաքսի»:
Պատասխանը պարզ է. կամ նրանք օդանավակայանի տերերին «լավություն» են արել,
կամ «չորով» վերեւից ասված է, կամ …

Մինչ այս պահը մենք անդրադարձանք միայն դիմավորելուն: Ասեմ, որ
ճանապարհելը համարյա նույնն է, միայն թե ճանապարհ դնելիս ավելանում է
հետեւից բաժակով ջուր լցնելը:

Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս թեման նվիրված էր «Զվարթնոց»
օդանավակայանին, տարիքով հայերին ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին մենք
դիմավորում եւ ճանապարհում էինք նաեւ Երկաթուղային կայարանից ու
Ավտոկայանից: Ու չնայած ես լավատես եմ, բայց Երկաթուղային կայարանի մասին
ինչ-որ բան գրելն արդեն ոչ թե լավատեսություն է, այլ հիվանդություն, իսկ
Ավտոկայանը դեռ խորհրդային տարիներից ինձ հիշեցնում է, ինչպես ռուսները
կասեին, «գադյուշնիկ»: Ուղղակի այն ժամանակ դա խորհրդային էր, իսկ այսօր՝
անկախ եւ ազգային:

Վերջում նշեմ, որ ըստ վիճակագրական տվյալների՝ հայերն ամենաճանապարհորդող ազգերից մեկն են:

Ճանապարհորդող հայերին միայն բարի ճանապարհ եւ, որ ամենակարեւորն է, բարի վերադարձ ցանկացող՝ Ա. Ք.