Աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր ու դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին «21-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնի եւ Մշակույթի նախարարության հրավերով Հայաստան է այցելել։
Ապրիլի 7-12-ը հինգ համերգներով ելույթ կունենան տարբեր երկրներից ժամանած կատարողները, որոնք հայ երաժիշտների ու երգչախմբերի հետ կկատարեն Պենդերեցկու ստեղծագործությունները։ Իսկ ապրիլի 12-ի համերգի դիրիժորը կլինի հենց Ք.Պենդերեցկին, ով նկատեց, որ իր գրած երաժշտությունը առաջին անգամ է այսպիսի մեծ ծավալով հնչելու Հայաստանում։ «Իմ ծնունդից 75 տարի հետո ես վերջապես ստացա Հայաստան այցելելու հրավերը»,- ժպիտով ասաց 75-ամյա կոմպոզիտորը։
Կար ժամանակ, երբ Քշիշտոֆ Պենդերեցկու ավանգարդ երաժշտությունը «հակագեղագիտական» էր համարվում, իսկ նվագախմբերը հրաժարվում էին այն կատարել՝ նկատելով, որ «երաժշտական աղմուկ» կատարել չեն ուզում, քանի որ իրենց գործիքները կոտրվում են։ Սակայն հիմա լեհ երաժշտական հեղափոխականը ամենահայտնի ժամանակակից կոմպոզիտորներից է, ով բազմաթիվ պարգեւների ու մրցանակների է արժանացել, այդ թվում նաեւ՝ «Գրեմմիի» եւ Կաննի կինոփառատոնի մրցանակների։ Նա միակ կոմպոզիտորն է, ով իր կյանքի օրոք արժանացել է «խոշորագույն կոմպոզիտոր» տիտղոսի։
Նրա ամենահայտնի գործերից են «Ողբ՝ Հիրոսիմայի զոհերի հիշատակին» սիմֆոնիկ պոեմը, որը կատարվում է միայն լարային երաժշտական գործիքներով, «Երուսաղեմի յոթ դարպասները», որը նվիրված է այդ քաղաքի 3000-ամյակին եւ որի կենտրոնում Հիսուսի հարության ավետիսն է։ «Ավետարանում ասված է, որ Երուսաղեմի դարպասները բաց են բոլորի համար։ Ե՛վ գիշերն են բաց, եւ՛ ցերեկը։ Դա ինձ համար աշխարհի խորհրդանիշն է»,- ասել է կոմպոզիտորը, ով բազմաթիվ էքսպերիմենտների միջով է անցել, գրել է երաժշտություն՝ հիմք ընդունելով հիվանդ մարդկանց էնցեֆելոգրամաները, բնական աղմուկներն ու ձայները։ Հետո գրել է ռոմանտիկ երաժշտություն՝ Սերգեյ Եսենինի բանաստեղծությունների համար։ Նա միշտ որոնում է եւ սիրում է կրկնել, որ իրեն հետաքրքիր են միայն այն ստեղծագործությունները, որոնք դեռ չի գրել։ Եվ նշում է, որ ամենակատարյալ հնչողությունն ունի մարդկային ձայնը։ Հիմա Պենդերեցկին գտնում է, որ իմաստ չունի երաժշտությունը համեմել էլեկտրոնային երաժշտական գործիքների հնչողությամբ։ «Կես դար առաջ ես հասկացա, որ դասական նվագախմբերը բավարար քանակի երաժշտական գործիքներ ունեն, եւ իմաստ չկա նորերը հորինել, որպեսզի ինքնարտահայտվելու հնարավորություն ունենաս։ Ժամանակին ես նույնիսկ նոր գործիք՝ տուբոֆոն, հորինեցի։ Այո, ժամանակին ես ըմբոստ էի, բայց հիմա՝ ոչ»,- նկատեց նա։
«Տարիների հետ իմ երաժշտությունն էլ է փոխվում, քանի որ կյանքն է փոխվում։ Կան ստեղծագործողներ, որոնք իրենց ողջ կյանքում չեն փոխվում եւ միշտ նույն բանն են նկարում կամ գրում։ Այդպիսին էր Մարկ Շագալը, որը մեկընդմիշտ ընտրված իր թեման ու իր ոճն ուներ։ Սակայն մի քանի տարին մեկ փոխվել շտապող մարդկային տիպարներ էլ կան։ Այդպիսին էր Պաբլո Պիկասոն, որի տիպարն ինձ շատ մոտ է։ Ես էլ Պիկասոյի նման՝ իմ լաբիրինթոսում եմ անընդհատ գտնվում։ Այն լաբիրինթոսում, որի հեղինակը հենց ես եմ»,- ասաց Ք.Պենդերեցկին Երեւանում։
Պենդերեցկին մտահղացումներով լի ստեղծագործող է, նա գրել է «Կարամազով եղբայրները» վեպի դրվագների եւ Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի Պիղատոսի ու Իեշուայի երկխոսությունների վրա հիմնված երաժշտական իր տարբերակը։ Այդպես է նա պատկերացնում «Հովհաննեսի չարչարանքների» ժամանակակից ֆորման։
Քշիշտոֆ Պենդերեցկու կյանքում մեծ տեղ է զբաղեցնում հավատը, Աստծո գաղափարը։ Տարիներ առաջ նա նույնիսկ գուշակել էր, որ կգա ժամանակն, ու բոլոր դավանանքները կմիանան մեկ Աստծո գաղափարի շուրջ։ Երեւանում հանդիպելով լրագրողների հետ՝ պան Պենդերեցկին ասաց. «Ես այդպես էի մտածում երիտասարդ ժամանակ, այն ժամանակ ես իդեալիստ էի ու սիրում էի երազել։ Երբ 1950-60 թվականներին հոգեւոր երաժշտություն էի գրում, այն արգելված էր։ Իմ տատիկը հայուհի էր, Իսպահանից, պապս գերմանացի էր, իսկ հայրս Ուկրաինայում էր ծնվել։ Մեր ընտանիքում անընդհատ խոսվում էր կրոնի մասին, ու բոլորը բանավիճում էին՝ թե որ կրոնն է ավելի լավը։ Յուրաքանչյուր մարդ, որ պայքարում է ազատության համար, սրտի խորքում հավատում է, որ եկեղեցին սատար է կանգնում իրեն։ Կրոնը հզոր ուժ է, որը մարդուն իր տեղն է ցույց տալիս»։
Մ.Պենդերեցկին պատմեց, որ դեռ մանուկ հասակից տատիկի հետ այցելել է Կրակովի հայկական եկեղեցի ու պատարագ է լսել, սակայն արդի հայ երաժշտության հետ ծանոթ չէ։ «Իհարկե, ես գիտեմ Արամ Խաչատրյանին, ով 1960-ական թվականներին Կրակովի իմ տունն այցելեց։ Նա ինձ հյուր եկավ, ու ես տեսա, որ նա շատ հաճելի մարդ է։ Նա ինձ փոքր-ինչ հնաոճ թվաց, քանի որ այն ժամանակ ես տարված էի ավանգարդով»,- պատմեց նա։
Հիմա նա երաժշտությունը համեմատում է պարտեզ աճեցնելու հետ եւ համոզվել է, որ մեկ՝ նույնիսկ շատ գեղեցիկ ծառը դեռ պարտեզ չէ։ «Իսկական այգեպանը շատ նման է կոմպոզիտորի, նա տեսնում է ամեն մի ծառը, ամեն մի ծաղիկը ու պետք է իր երեւակայության մեջ հստակ պատկերացնի, թե ինչպիսին պիտի հնչի ամեն մի գործիքը, ամեն մի նոտան։ Լավ պարտեզը, ինչպես նաեւ՝ լավ երաժշտությունը, իր ստեղծողից ավելի երկար է ապրում»,- այդպես է մտածում մեր ժամանակի ամենախոշոր կոմպոզիտորներից մեկը, ով իր տան մոտ պարտեզ է ստեղծել եւ այդ պարտեզին սիմֆոնիա է նվիրել։ «Երաժշտությունը բացարձակորեն աբստրակտ մի երեւույթ է, որը շատ նման է մաթեմատիկային։ Եվ եթե դուք փորձում եք որքան կարելի է շատ բան արտահայտել, ապա անխուսափելիորեն սկսում եք ծեծված՝ բանալ գործեր ստեղծել»,- ասել է Պենդերեցկին, ով ինքն էլ չի կարող բացատրել, թե որտեղից է ներշնչանք ստանում։ «Կարելի է ներշնչվել բնապատկերից, մարդուց։ Երբեմն երաժշտությունն արագ է ծնվում, երբեմն էլ պետք է տարիներ անցնեն, որպեսզի դու վերջապես այն ավարտին հասցնես։ Կարծում եմ, ամենավտանգավորն այն է, որ մարդը սկսում է կրկօրինակել այն, ինչ մինչ այդ արել է»,- ասում է նա, նկատելով, որ հայաստանյան ճանապարհորդությունը ոչ միայն երաժշտական առումով է իր համար կարեւոր, այլեւ՝ հնարավորություն է իր նախնիների հողում գտնվելու ու նոր բան հայտնաբերելու համար։ «Երաժշտությունը միշտ փորձում է նոր բան հայտնաբերել։ Այդպես եղել է, այդպես էլ լինելու է»,- ասաց նա ու մեզ ստաբիլ կյանք մաղթեց։ «Այսօր կանանց տոնն է, իսկ երկրում տիրող անկայունությունն առաջին հերթին եւ ուղղակիորեն կանանց վրա է ազդում»,- ասաց նա։