Վերջնաժամկետ է սահմանել

11/04/2008

Microsoft ընկերությունը հայտնել է այն վերջնական ժամկետը, երբ առաջատար համացանցային ընկերություններից մեկը՝ Yahoo-ն կարող է հոժարակամ միաձուլման համաձայնություն տալ: Microsoft-ի ղեկավարության հայտարարության համաձայն, վերջնական ժամկետը նշանակված է ապրիլի 26-ին: Գործարքի գումարը կազմում է 41 միլիարդ դոլար: Եթե ընկերության դրական պատասխանը 3 շաբաթվա ընթացքում չստացվի, «Մայքրոսոֆտը» կարող է դիմել Yahoo-ի գնման «ոչ բարեկամական» միջոցների, բայց արդեն ավելի պակաս գումարով: Ձեռք բերելով Yahoo-ն՝ Microsoft-ը մտադիր է 2 ընկերությունների ջանքերը միավորել, առաջին հերթին, Համացանց-գովազդի շուկայում, որի ծավալը 2007թ. կազմել է 40 մլրդ դոլար, իսկ 2010թ., ըստ փորձագետների գնահատականների, պետք է հասնի 80 մլրդ դոլարի: Microsoft-ում կարծում են, որ միավորումը 2 ընկերություններին թույլ կտա տարեկան խնայել առնվազն 1 մլրդ դոլար: