«Ես եւ իմ ընտանիքը»

11/04/2008

Ռուսաստանում 2008 թվականին հայտարարված Ընտանիքի տարվա միջոցառումների շրջանակներում երեկ Երեւանում Մոսկվայի տանը բացվեց «Ես եւ իմ ընտանիքը. միասին դեպի ապագա» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի եւ Ռուսաստանի առաջին տիկնայք Բելլա Քոչարյանը եւ Լյուդմիլա Պուտինան, նաեւ ՀՀ նորընտիր նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Անատոլի Նիկոլաեւի խոսքերով` Ռուսաստանում հայտարարված Ընտանիքի տարվա շրջանակներում միջոցառումներն անցնում են բավականին արդյունավետ ու հաջող: «Հայկական ընտանիքներն ավանդաբար առանձնանում են իրենց ամրությամբ, ռուսներն այս առումով դեռեւս շատ սովորելու բան ունեն»,- նկատեց նա` տեղեկացնելով, որ Ռուսաստանում իրականացվող ազգային ծրագրերի արդյունքում ծնելիությունը զգալի աճել է. անցած տարի նորածինների թիվն ամենամեծն է եղել նախորդող 25 տարիների համեմատ: Մոսկվայի տանը բացված ցուցահանդեսից առաջ երեկ Հայաստան այցելած ՌԴ նախագահի տիկինն ու նրան ուղեկցող առաջին տիկնայք մասնակցել էին Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում գրքի կենտրոնի բացմանը: