Երվանդ Քոչար կամ «հասարակության ինքնասպանը»

11/04/2008 Վարդան ֆերեշեթյան

Աննըմանին ով նման.
Աննըման:

Գ. Նարեկացի

Անտոնեն Արտոյի 1947 թվականին լույս աշխարհ եկած «Վան Գոգ` հասարակության ինքնասպանը» գրության վերնագիրը, թե որպես վիճակ, եւ թե որպես իրողություն անվերջորեն կրկնվում է շատ ու շատ հանճարավոր մարդկանց կյանքում, որոնցից ամենափառահեղներից ու ամենաողբերգականներից մեկն էլ Երվանդ Քոչարի «վարքն» էր, ով նույն Անտոնեն Արտոյի խոսքերով ասած՝ կողը խրված վերքի պես` քինախնդիր եւ անամոթ, կրում էր իր ներսում բանաստեղծությունը, եւ ում մեջ Բացարձակի որոնումները չեն սահմանափակվում սոսկ կտավի կամ ճերմակ թղթի մաքուր քառակուսով, կամ եռաչափ տարածության որոնումներով, այլ շարունակվում են ամենօրյա կյանքում` անընդհատական ու աննման…

Այս պահին չեմ հիշում, թե գրքերից որ մեկում Ֆ. Նիցշեն ասում էր, որ չկա ավելի սարսափելի բան, քան մոլեգնած ոչխարի հոտը, որ կարող է առյուծին ծվատել, ինչը որ տեղի ունեցավ Ե. Քոչարի հետ 1936-ից ի վեր, երբ նա հայրենիք վերադարձավ` ուր կորցրեց լսողությունն ու Փարիզում մնացած մտերիմներին (Ֆուժիտային, Ման Ռեյին, Ալբերտո Ջիակոմետիին), ինչպես նաեւ՝ բազում այլ նկարիչ եւ գրող բարեկամների ու ծանոթների (Մարսել Դյուշանին, ով նրան «Նկարչություն տարածության մեջ» մանիֆեստի համար ասպետի կոչում էր շնորհել, Պիկասոյին, Լեժեին, Բրակին, Ջորջիո դե Կիրիկոյին, Դալիին, Միրոյին, Կալդերին, Արթյուր Ադամովին եւ շատ ու շատ այլոց): Այս ամենի մանրամասն եւ հիանալի նկարագրությանը կարող եք ծանոթանալ շնորհիվ 2006 թվականին հրատարակված Վիգեն Իսահակյանի` «Փարիզ, Քոչար, անցած օրեր» գրքի, որի առաջին մասը վերնագրված է «Փարիզ» եւ Քոչարի փարիզյան շրջանի հիանալի եւ մանրակրկիտ վավերագրությունն է, իսկ ծվատված Առյուծի պատմությանը կարող եք իրազեկ լինել գրքի երկրորդ՝ «Երեւան» վերնագրված մասով, որն ասես Քոչարի առաջին ուսուցիչ Եղիշե Թադեւոսյանի «Հանճարն ու ամբոխը» նկարի այլացումը լինի: Վ. Իսահակյանի գրքում բազմիցս հիշատակված «Սալյերին» ամենուր դարանում էր նրան: Նրան մեղադրում էին «հակասովետիզմի» եւ «Ֆորմալիզմի» համար, «Ֆրանսիացի լրտես» էին կոչում եւ անհամար բանսարկություններից ու մատնություններից հետո ձերբակալեցին: Երկու տարի եւ երկու ամիս մեծ նկարիչ եւ քանդակագործ Երվանդ Քոչարը նստեց ՊԱԿ-ի նկուղներից մեկում: Հավերժական Սալյերին մոտեցնում էր նրան քարտեզին եւ ասում` «Դե, ցույց տուր, որտեղ է Փարիզը, ուր դու ուզում ես գնալ»: Քոչարը լուռ ցույց էր տալիս, եւ վերակացուն ուժգին հարվածով նրան տապալում էր գետնին, հետո սառը ջրով ուշքի բերելով, դարձյալ մոտեցնում էր քարտեզին: Մինչեւ կյանքի վերջ մաեստրոն վատ էր լսում, եւ հաճախ հայացքը հեռուն հառած, անշարժանում էր…«Դա անհնար է բացատրել,- հիշում է Քոչարի ընկեր նկարիչ Հովսեփ Կարալյանը,- Քոչարը մշտապես գլխարկով էր, ձեռնափայտով, առավել սոլիդ տեսք ունենալու համար պենսնե էր կրում, չնայած հիանալի տեսողություն ուներ: Նա անկրկնելի էր: Այրվում էր, մշտապես ինչ-որ բան էր արտասանում, հանդես էր գալիս հնացած գեղարվեստական սկզբունքների դեմ, երիտասարդությանը կլանում էր նոր արվեստի գաղափարներով»:

Երվանդ Քոչարի մասին կարելի է ասել այն, ինչ Միլթոն Ռեզնիկն ասում էր Արշիլ Գորկուն բնութագրելիս. «Նա անիծված էր մեծ ճաշակով»:

1899 թվականի հունիսի 15-ին շուշեցի խաղողավաճառ Սիմոն Քոչարյանի տանը ծնված Երվանդ Քոչարը, ով պիտի դառնար 20-րդ դարի մեծագույն արվեստագետներից մեկը, շատերին հայտնի է միայն «Սասունցի Դավիթ» եւ «Վարդան Մամիկոնյան» քանդակներով եւ «Սասունցի Դավիթ» էպոսի ուրարտական, ասորաբաբելական քանդակներ հիշեցնող անկրկնելի ձեւավորումներով: Նրա կյանքին եւ ստեղծագործություններին ի մոտո ծանոթանալու մղում ունեցողների համար շատ կարեւոր աղբյուր է Վ. Իսահակյանի «Փարիզ, Քոչար, անցած օրեր»` իր տեսակի մեջ եզակի գիրքը:

Իսկ ամենամեծ նվերներից մեկը, որ եղավ հայ ընթերցողին` 2007 թվականին «Մուղնի» հրատարակչության լույս ընծայած Երվանդ Քոչարի «Ես եւ դուք» փայլուն գիրքն է (ելույթներ, հոդվածներ, գրական մանրապատումներ, ասույթներ եւ հիշողություններ), որը կազմել եւ խմբագրել են Անատոլի Հովհաննիսյանն ու Լալա Մարտիրոսյան-Քոչարը: Կազմողներն իրենց առաջաբանում գրում են. «Փարիզյան 13 տարիներին Քոչարն ունեցավ միայն 5 անհատական ցուցահանդես, մասնակցեց դարակազմիկ նշանակություն ունեցող միջազգային ցուցադրությունների` արժանանալով ամենաբարձր գնահատանքի:

Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր ձեւ` Տարածական նկարչությունը, որի մասին նորագույն արվեստի ականավոր տեսաբան Վոլդեմար Ժորժն ասել է. «Քոչարի տարածական նկարչությունը արդի արվեստի բարձրագույն նվաճումներից է, այնքան նշանակալի, որքան Բրանկուզիի եւ Հանս Արտի միներալ ֆորմաները, Պիկասոյի եւ Բրակի կոնստրուկցիաները, Սոնյա եւ Ռոբերտ Դելոնեների ռելիեֆները, Լիպշիցի տրանսպարանտները, Պեւզների լուսաշող հենքերը, Կալդերի մոբիլները: Տարածական նկարչությունը մոդայիկ արտահայտչամիջոց չէ, այլ ինքնուրույն արվեստ, որն ունի իր լեզուն եւ շարահյուսությունը»:

Երվանդ Քոչարի «Ես եւ դուք» գիրքը վկայությունն է այն բանի, որ հանճարավոր մարդն ինչ էլ որ անի` փառահեղ է: Գրքից ամբողջական հատվածներ եւ վերջին՝ «Փշրանքներ» վերնագրված ասույթների բաժնից, ավելի հանգամանալից կներկայացնենք «Գրական շաբաթ» էջում, իսկ հիմա ուզում եմ մեջբերել Ե. Քոչարի «Առաջին մոնումենտը» գրությունը, որով բացվում է գիրքը. «Երբ Մարդն իր անասնական ու տարերային մուժից արթնացավ ու զգաց իր «ես»-ի եզակիությունը տիեզերքի անսահմանության մեջ եւ զգաց տիեզերքն իր «ես»-ի անսահմանության մեջ, ցնծաց…

Իր այդ ցնծությունը նա դրեց երգի մեջ, որ պոռթկացող աղաղակի պես էր եւ հաղորդեց աշխարհին` ավելի խոր զգալու համար իր լինելությունը` արձագանքի անդրադարձումով: Եվ աշխարհը` լեռը, քարը, ձորը, արձագանքեցին նրա երգին, եւ մարդը գոհացավ, որ ինքը կա…

Գազաններն ու վայրի կենդանիները` քարանձավներում, գիշատիչ թռչունները երկնքում դողացին ու սարսռացին մարդու ձայնից, որ ոչ մի ձայնի նման չէր, այն ահեղ էր ու սպառնագին եւ միաժամանակ քաղցր էր ու հմայիչ այնքան, որ նույնիսկ օձը կախարդված փնտրում էր այդ ցանկալի երգը…

Բայց երբ դադարեց երգը, դադարեց ու հանգավ արձագանքը… երգի նման նորից կորավ ու լուծվեց անսահմանության մեջ իր «ես»-ը… նորից բնությունը լռեց սպառնագին ու դավադիր լռությամբ… Օ՜, անտանելի էր մանավանդ գիշերը, մութը, որ անէացնում ու թաքցնում էր ամեն ինչ խավարի անքննելիության մեջ, եւ ստվերներն անգամ զարհուրելի կերպարանք էին առնում ու կենդանանում…

Այդ ժամանակ Մարդը իր խոլական ուժով վերցրեց մի հսկա լեռ քար եւ տնկեց ուղղահայաց` հակառակ բոլոր քարերին, որոնք ընկած էին հորիզոնական ու խառնիխուռն…

Այդ ուղղահայաց քարը պատկերումն էր իր առնականության եւ խորհրդանշում էր ապրելու ու բազմանալու իր տենչը…

Դա քարացած երգն էր իր հոգու, որ դարձավ մշտական եւ տեւական, ինչպես նյութը… Եվ ժամանակը, որ սահում էր ու անցնում անձայն ու խաբուսիկ, Մարդը բռնեց ու կանգնեցրեց… եւ ճանաչեց երեկը, այսօրը եւ վաղը…

Մարդը կանգնեցրեց առաջին մոնումենտ-կոթողը, որ խորհրդանշում էր իր` Մարդու կամքի հաղթանակը ժամանակի վրա… Դա առաջին Սուրբ Սեղանն էր, որի վրա նա վառեց կրակը` իր ամենաահեղ զենքը, որ խլել էր բնությունից… այդտեղ դրեց իր ճենճերացող զոհը, որ նվիրաբերում էր իր իսկ «ես»-ի փառքին` վերացական ու անորոշ աստվածության անվան տակ…

Դա առաջին տաճարն էր, որ Մարդը բարձրացրեց` ի փառս իր գոյության…

Եվ բազմացան մենհիրներն1 ու դոլմենները»2:

Ըստ Հայկազ Քոչարի պատմածի, վերջին ամիսներին Ե. Քոչարը դուռը միշտ կիսաբաց էր պահում եւ իր վերջին օրերից մեկում, երբ բազկաթոռի մեջ նստած դարձյալ խորասուզվել ու հայացքը հեռուն էր հառել, որդուն ասաց. «Է՜հ, մահանում եմ որդիս, բայց բնությունն ինչ անտարբեր է»… Ավաղ, ոչ միայն բնությունը…:
————————
1 մենհիր – ուղղահայաց կանգնեցված քարաբեկոր, նախապատմական պաշտամունքային կոթող

2 դոլմեն – նախապատմական շրջանի քարե սեղանաձեւ կառույց, որտեղ սպասարկում էին իմաստուն եւ տեսանող Դրուիդները (կելտական քրմեր):