Քոչարյանի պատասխանը «չեմբեռլեններին»

11/04/2008

Երեկ Ռոբերտ Քոչարյանը կտրել է իր նախագահության թերեւս վերջին ժապավենը` բացելով «Արդշինինվեստբանկի» գլխամասային մասնաշենքը: Ամենայն հավանականությամբ, վերջինն է եղել նաեւ լրագրողների հետ նրա երեկվա ճեպազրույցը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի,

Ռ. Քոչարյանը խոսել է իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության հավանականության մասին: «Ես չեմ կարծում, որ այդ երկխոսության կոչերն ինձ են ուղղված, եւ ես երկխոսության պատրաստ չեմ: Սակայն հարկավոր է պարզել երկխոսության շրջանակները` ո՞ւմ հետ է եւ ի՞նչ հարցով: Երկիրը քայքայելու համար մարդկանց պետք է պատժել, ոչ թե երկխոսության գնալ նրանց հետ: Ես համարում եմ, որ քրեորեն պատժելի արարք գործող մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքով: Գուցե Հայաստանի հաջորդ նախագահը եւ հաջորդ կառավարությունը կարող են ինչ-ինչ պատճառներով քննարկել երկխոսության գնալու հարցը»,- հայտարարել է Ռ. Քոչարյանը` այդկերպ պատասխանելով երկխոսության անհրաժեշտության մասին կոչերով հանդես եկող հիմնականում իշխանական գործիչներին ու մտավորականներին, ինչպես նաեւ՝ միջազգային կազմակերպություններին ու այլ երկրների կառավարություններին` ԵՄ նախագահությանը, ԵԽ ԽՎ-ին, ԱՄՆ Պետքարտուղարությանը եւ իմպերիալիստական մնացած չար ուժերին: Երեկ իր պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ Ռ. Քոչարյանն այցելել է կառավարություն եւ «համատեղ ու երկարատեւ աշխատանքի համար» շնորհակալություն հայտնել կառավարության անդամներին: Նա նաեւ ասել է, որ շնորհակալ է ճակատագրին, որ իրեն «բախտ պարգեւեց 10 տարվա ընթացքում պատասխանատվություն կրել ՀՀ-ի համար»: