Հեռացումի խոսքեր

11/04/2008

Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքում երեկ բացվեց «Արդշինինվեստբանկի» գլխամասային մասնաշենքը:

Շենքի, ինչպես նաեւ՝ բանկի հիմնական սեփականատերերից է հայտնի «Միջազգային բիզնես կենտրոն» անունը կրող կառույցը, որը տարիներ առաջ ձեռք բերեց նաեւ Երեւանի կենտրոնում գտնվող եւս մի քանի նախարարությունների շենքեր: Իսկ այս կառույցի հիմնական սեփականատերերից է մոսկվաբնակ գործարար Արթուր Բագոյանը: Քաղաքապետարանի շենքն «Արդշինինվեստբանկը» ձեռք է բերել 2005թ.: Ըստ «Միջազգային բիզնես կենտրոնի» տնօրեն Խաչատուր Զաքարյանի` վերակառուցման աշխատանքների վրա ծախսվել է 3 մլրդ դրամ, իսկ շենքը գնել են 2 մլրդ դրամով: Սեփականատերերը շենքի վրա ավելացրել են եւս երկու հարկ եւ հիմնովին վերանորոգել են: Շենքի բացման ժապավենը կտրեց Ռոբերտ Քոչարյանը, ում խոսքերով՝ ՀՀ-ում «այսպիսի հզոր գլխամասային շենք դեռ ոչ մի բանկ չունի»: Բացմանը ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, բազմաթիվ բանկիրներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ նույնիսկ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը: Շենքի բոլոր հարկերում շրջագայելուց հետո ՀՀ նախագահը պատասխանեց նաեւ լրագրողների մի քանի հարցերին: Երեկվա հարցուպատասխանը, թերեւս, ՀՀ նախագահի պաշտոնում Ռ. Քոչարյանի վերջին հարցուպատասխանն էր: Այդ իսկ պատճառով լրագրողներին, առաջին հերթին, հետաքրքրում է, թե ի՞նչ է անելու Ռ. Քոչարյանը ապրիլի 9-ից հետո: Այս հարցը նախագահին ուղղեց «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը: «Ձեր հարցի կոնտեքստը ենթադրում է, որ ես անպայման պետք է ունենամ պաշտոն: Ես հասկացա, որ դա «Ազատություն» ռ/կ ոճն է: Անձամբ Ձեզ եւ հատկապես «Ազատություն» ռ/կ-ին ցանկություն չունեմ ասելու, թե ինչով եմ զբաղվելու»,- կտրուկ պատասխանեց Ռ. Քոչարյանը: Լրագրողը հիշեցրեց, որ «Ազատության» ունկնդիրները ՀՀ քաղաքացիներն են, եւ ՀՀ նախագահը նախկինում պատասխանել է իրենց հարցերին: «Կոնկրետ իմ եւ ՀՀ նկատմամբ ձեր վարվող քաղաքականությունը ՀՀ քաղաքացիների հետ մի խառնեք: Որոշել եմ չպատասխանել, որովհետեւ այն, ինչ դուք անում եք, ուղղված է ՀՀ պետականության հիմքերի քայքայմանը»,- պատասխանեց Ռ. Քոչարյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հետեւո՞ւմ է արդյոք նախագահը մարտի 1-ի արյունալի դեպքերի հետ կապված քրեական գործի ընթացքին եւ ի՞նչ մեկնաբանություններ ունի: «Այո, հետեւում եմ, եւ ամեն շաբաթ ինձ զեկուցում են ընթացքի մասին: Մոտ երկու տասնյակ գործեր արդեն ուղարկված են դատարան: Ապօրինի զենքի եւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված գործեր են: Պրոցեսը շարունակվելու է, այսօր արդեն ակնհայտ է, որ անկարգությունները կազմակերպված բնույթ էին կրում: Այսօր իրադարձությունների մեծ մասը վերականգնված է ժամ առ ժամ, գրեթե րոպե առ րոպե: Եվ այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են կամ փորձում են շահարկել քաղաքական բանտարկյալների թեման, խորը հիասթափություն են ապրելու դատական նիստերի ժամանակ, երբ ծանոթանան այն փաստացի նյութերի հետ, որոնք այսօր քննչական խումբը կուտակում է, եւ որոնք ներառվելու են մեղադրանքի մեջ: Կրկնեմ, խորը հիասթափություն են ապրելու, որովհետեւ տեսնելու են, թե ում եւ ինչ հանցագործություն կատարած մարդկանց են փորձել պաշտպանել»,- պատասխանեց Ռ. Քոչարյանը:

ՀՀ նախագահն անդրադարձավ նաեւ Հայաստանի տնտեսության ներկա վիճակին: Հիշեցնենք, որ ընտրական գործընթացների ժամանակ տնտեսության բազմաթիվ ոլորտներում անկում կա: Այդ մասին մի քանի օր առաջ խոսել էր նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը` ակնարկելով, թե 2008թ. առաջին եռամսյակում բյուջեի կատարումը դժվար է եղել: Ի՞նչ վիճակով է թողնում Հայաստանի տնտեսությունը Ռ. Քոչարյանը:

«Եթե դիտենք անցած տարվա ցուցանիշներով` Հայաստանի տնտեսությունը կայուն զարգացման վիճակում է: Որոշ անկում ունենք միայն մարտ ամսին առեւտրի ծավալների մեջ: Շատ բնական է` կապված քաղաքական իրավիճակի հետ: Ակնհայտ է, որ հաղթահարվում են, եւ ես կասկած չունեմ, որ մենք տարին շատ լուրջ հնարավորություններով փակելու հնարավորություն ունենք: Պետք է հաշվի առնել մեկ հանգամանք, որ բոլոր կանխատեսումներով համաշխարհային տնտեսությունը որոշակի անկում է ապրում: Այդ անկումը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերի վրա, բայց ես վստահություն ունեմ, որ նույնիսկ այս պարագայում կարելի է այնպիսի քաղաքականություն վարել ու լուծումներ գտնել, որ Հայաստանի տնտեսությունը շրջանցի այդ անկման բացասական ազդեցությունը: Այդ բացասական երեւույթներն ավելի լուրջ ազդեցություն են ունենում այն երկրների վրա, որտեղ զարգացած է կապիտալի, արժեթղթերի շուկան: Հայաստանում արժեթղթերի շուկան դեռ զարգացած չէ, կապիտալի շուկան, ըստ էության, ձեւավորված չէ: Ներդրումները հիմնականում իրական տնտեսության մեջ են արված: Դա այն ներդրումներն են, որ ո՛չ «փախնելու տեղ», ո՛չ էլ ցանկություն ունեն: Օրինակ, այս բանկն ո՞ւր պետք է տանեն, կամ լեռնահանքային եւ այլ ոլորտները: Որոշ չափով կարող է սպասողական վիճակ ստեղծվել, մարդիկ դանդաղեցնեն իրենց առեւտրային ակտիվությունը: Բայց, կարծում եմ, որ այն գործարարները, որոնք այս իրադարձությունների հետ կապված կփորձեն իրենց ապահովագրել ռիսկայնությունից, կկորցնեն: Հակառակը, շուկային շատ ակտիվ մասնակից լինելը կշահի: Ամեն երկրում մոտ 10-15 տարին մեկ նման երեւույթներ լինում են, եւ երկիրը պետք է իր մեջ ուժ գտնի ավելի ամուր դուրս գալու: Եվ այդպես է լինելու Հայաստանի պարագայում»,- ասաց Ռ. Քոչարյանը:

Այս օրերին քաղաքական տարբեր ճամբարներից կարծիքներ են հնչում, թե ներկա լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է անցկացնել Ազգային ժողովի նոր ընտրություններ: Ի՞նչ կարծիք ունի այդ մասին ՀՀ նախագահը, որի պաշտոնավարմանը մնացել է ընդամենը չորս օր: Ռ. Քոչարյանն անհեթեթ համարեց խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը: «Նոր ընտրություններ են անում այն դեպքում, երբ խորհրդարանը չի աշխատում, չի կարողանում ձեւավորել կառավարություն եւ չի կարողանում ընդունել օրենքներ: Սակայն նայեք մեր խորհրդարանի աշխատանքի արդյունավետությանը: Քիչ խորհրդարաններ կան, որոնք աշխատում են այդ արդյունավետությամբ: Ինչի՞ համար պետք է անցկացվեն ընտրություններ: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն ամեն ընտրությունից հետո պիտի նոր ընտրություններ անենք: Չեմ կարծում, որ Հայաստանում որեւէ ընտրություն կարող է բերել ներքաղաքական իրավիճակի մեղմացմանը, հակառակը՝ ամեն մի ընտրությունից հետո լարվածություն է լինում»:

Ռ. Քոչարյանն անդրադարձավ նաեւ վերջերս Լեռնային Ղարաբաղում արած իր հայտարարություններին, թե Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ռ. Քոչարյանն այս անգամ չբացառեց մեկ փաստաթղթով ԼՂՀ անկախության ճանաչման հնարավորությունը: «Չեմ բացառում եւ համարում եմ, որ Ադրբեջանի կեցվածքը բանակցային գործընթացում եւ Ադրբեջանի վերջին քայլերն ուղղակի պարտադրում են հայկական կողմին` այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմելու: Հիմա ինչպիսի՞ն կլինեն այդ քայլերը, ճանաչո՞ւմ, պայմանագրի ստորագրո՞ւմ, թե՞ այլ, կորոշի հաջորդ նախագահը»:

Մեր այն հարցին, թե ԼՂՀ անկախության ճանաչումը չի՞ նշանակում, որ բանակցություններն իրենց սպառել են, եւ հակամարտությունը նորից պետք է պատերազմով լուծել, Ռ. Քոչարյանն այսպես պատասխանեց. «Իմ ղեկավարման 10 տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ եղել են: Եթե ես այն ժամանակ որոշ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ ավելի անբարենպաստ տարբերակով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ կա պատերազմի վերսկսման վտանգ: Եթե նույնիսկ կա, մենք չպետք է վախենանք, այդ սպառնալիքների տակ չպետք է գնանք զիջումների»: Միջոցառմանը ներկա էր նաեւ ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը, ով մեզ հետ զրուցելիս ասաց, թե Հայաստանն ուշացրել է ԼՂՀ անկախության ճանաչումը, դա շուտ պետք է աներ: «Համամիտ չեմ այդ գնահատականի հետ, կարծում եմ, որ այդ քայլը երբեք մեզանից չի փախչելու, փաստացի ճանաչումը կա եւ վաղուց, խնդիրը ֆորմալիզացման մեջ է»,- հակադարձեց Ռ. Քոչարյանը:

ՀՀ նախագահն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների շարունակությունը կախված է հայկական կողմից: «Այս պարագայում, իհարկե, որեւէ զիջում, մոտեցումների մեջ որեւէ փոփոխություն չի կարող լինել: Ճիշտ հակառակը, նման դեպքերում պետք է պատասխանել միայն մոտեցումների խստացման ճանապարհով: Փորձելու են օգտագործել, իհարկե, եւ մենք գոնե այն գիտակցումը պետք է ունենանք, որ ՀՀ կայունությունը, ՀՀ զարգացման տեմպերն ու ամրությունը լավագույն երաշխիքն են, որ Ղարաբաղի հարցում ամուր դիրքեր ունենանք»,- ասաց ՀՀ նախագահը:

Ռ. Քոչարյանը ԼՂՀ-ում նաեւ հայտարարել էր, թե օրենսդրական փոփոխություններ է առաջարկելու, որպեսզի «Հայաստանի երկու կողմերի միջեւ սեպ խրողը քրեորեն պատժվի»: Հեռացող նախագահը երեկ իր այդ մտադրությունը կրկին պնդեց: «Նման առաջարկություն, այո, ես արել եմ եւ համարում եմ, որ ճիշտ կլինի, եթե մեր օրենսդրությունը քրեորեն պատժելի արարք համարի հայ ժողովրդի տարբեր հատվածների մեջ սեպ խրելու կամ ատելություն սերմանելու գործունեությունը: Ես չեմ կարող ԱԺ անունից խոսել, բայց այդ առաջարկը արել եմ եւ կփորձեմ նաեւ հետեւողական լինել: Կարծում եմ՝ այդ առաջարկը ուղղված կլինի Հայաստանի պետականության ամրացմանը»,- ասաց Ռ. Քոչարյանը: