Թեեւ հայաստանյան ներիշխանական շրջանակներում թիվ մեկ «գլուխկոտրուկը» շարունակում է մնալ հետընտրական գործընթացներից հնարավորինս քիչ կամ առնվազն արագ վերականգնվող կորուստներով դուրս գալու խնդիրը, այնուհանդերձ, նկատելի է, որ զուգահեռաբար գրեթե չքողարկված պայքար է ընթանում նոր կոալիցիոն կառավարության ղեկավարի պաշտոնի համար: Հետաքրքրական է այն, որ ՀՀ ապագա վարչապետացուների միջեւ յուրահատուկ նախընտրական մրցավազք է սկսվել ոչ միայն «քաղաքական կուլիսների» ետեւում, այլեւ, գրեթե բացահայտ կերպով, նաեւ լրատվական միջոցներում: Անձամբ Սերժ Սարգսյանը մինչ օրս խուսափել է հրապարակավ հայտարարել այն քաղաքական եւ մարդկային չափորոշիչների մասին, որոնցով ինքն առաջնորդվելու է ՀՀ վարչապետ նշանակելիս: Չնայած դրան, եւ հանրապետականների ճամբարից իրականացվող «ինքնաբուխ» լրատվական արտահոսքերը, եւ քաղաքական այլ շրջանակներից եկող «մեսիջները» հուշում են, թե հետընտրական շրջանում առաջացած ռազմավարական եւ մարտավարական խնդիրներից բխող նոր իրողություններում վարչապետի ընտրության հարցում որ ուղղությունով է փորձելու շարժվել նորացվող իշխանական վերնախավը: Կարծում ենք` այսօրվա քաղաքական իրավիճակում հիմնականում որդեգրվում են վարչապետի ընտրության երկու մոդել. ա) վարչապետն ուղղակի ներկայացնում է ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը, բ) ընտրվում է, այսպես կոչված, «բուֆերային» վարչապետի տարբերակը:
Բնականաբար, մեծ գայթակղություն եւ, հանրապետական որոշ շրջանակների կողմից, նույնիսկ որոշակի պարտադրանք կա վարչապետի պաշտոնում տեսնել, այսպես կոչված, «յուրայիններից» որեւէ մեկին: Առավել եւս, որ հանրապետականների մի հատվածի մոտ որոշակի դժգոհություն է առաջացրել հիմնական հանրապետականների հաշվին` «ազգային համերաշխության» մթնոլորտ ձեւավորելուն միտված քառակողմ կոալիցիոն իշխանության ձեւավորումը: Այս առումով ԱԺ ընտրություններից հետո քաղաքական մեծամասնություն ձեւավորած ՀՀԿ-ի եւ մասամբ ԲՀԿ-ի մոտ տարակուսանք են առաջացնում ՀՅԴ-ի եւ առանձնապես ՕԵԿ-ի մոտ բացված չափից մեծ «ախորժակները»: Ինչեւէ, հանրապետական վերնախավից վարչապետի հնարավոր թեկնածուների շարքում հիմնականում նշվում են ՀՀ տարածքային կառավարման նախարար, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանի անունները: Թերեւս ՀՀԿ-ում ներկուսակցական «ստատուս-քվոն» պահպանելու ձգտումով է պայմանավորված լինելու նաեւ վարչապետի հանրապետական թեկնածու նշանակելու տարբերակից հրաժարվելու որոշումը: Վարչապետի ընտրության երկրորդ մոդելի կողմ է խոսում այն, որ այսօրվա` 1996 թվականի հետընտրական լարված իրավիճակը զարմանալիորեն հիշեցնող ժամանակահատվածում նորընտիր նախագահին օդի պես անհրաժեշտ է այնպիսի վարչապետի թեկնածու գտնել, որը յուրահատուկ «բուֆերի» դեր կկարողանա ստանձնել նորընտիր իշխանության եւ հին դեմքերի ու թիմերի նկատմամբ վստահությունը վաղուց կորցրած` իր բնույթով որոշ չափով բողոքական հասարակության միջեւ: 1996-ին նմանատիպ իրավիճակում, շատերի համար անսպասելի, քաղաքական թատերաբեմում հայտնվեց ժպտադեմ` իր քաղաքակիրթ «մաներաներով» այն ժամանակվա պաշտոնյաներից տարբերվող, կլանային եւ կրիմինալ խմբավորումներից հեռու գտնվող Արմեն Սարգսյանը: Որոշ ժամանակ վերջինս հայտնվեց Տեր-Պետրոսյանի ռեժիմից ծայրահեղորեն դժգոհ հասարակության ուշադրության կենտրոնում: Նրան, իրոք, ընդհանուր առմամբ հաջողվեց մարմնավորել «վերափոխվող», «ընտրություններից դաս քաղած» իշխանության նոր իմիջը: Ի դեպ, նույն գործառույթները (իհարկե, շատ ավելի ընդլայնված) շարունակելու պարտականությունները հետագայում դրվեցին 1997 թվականին Հայաստանում դեռեւս շատ բարձր վարկանիշ ունեցող Ռոբերտ Քոչարյանի վրա: Պատահական չէ, որ հիմա էլ նույն Արմեն Սարգսյանի անունը նշվում է վարչապետի հնարավոր թեկնածուների շարքում, սակայն այժմ արդեն՝ ոչ ամենահավանականների թվում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ 1996-ի «կինդեր սյուրպրիզը» այլեւս նույն կերպ չի ընկալվում բողոքական զանգվածների կողմից: Այսօրվա «բուֆերային» վարչապետի անձը, ավելի քան երբեք, իր մեջ աշխարհաքաղաքական կոմպոնենտ պետք է պարունակի, իսկ Արեւմուտքի եւ, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի քաղաքական, տնտեսական եւ այլ շրջանակներին խորապես ինտեգրված Արմեն Սարգսյանը դժվար թե մասնավորապես Ռուսաստանի համար ընդունելի տարբերակ լինի: Համակարգային բարեփոխումներ իրականացնելուն ընդունակ, հայաստանյան «կոռումպացված» համակարգի հետ որեւէ կապ չունեցող եւ, ամենակարեւորը, «աչքը կուշտ» թեկնածուի կերպարն է վերագրվում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին` «Տրոյկա Դիալոգ» հայտնի ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանին: Վերջինս մի կողմից՝ բավականին սերտ կապերի մեջ է ռուսաստանյան իշխանական եւ, իհարկե, բիզնես վերնախավի հետ, եւ, միաժամանակ, ըստ որոշ տեղեկությունների` նրա բիզնեսների կապիտալում լուրջ տեսակարար կշիռ ունեն արեւմտյան ծագման ֆինանսները: Իհարկե, Հայաստանում, այդ թվում` ներիշխանական շրջանակներում շատ-շատերին անհավանական է թվում Ռուբեն Վարդանյանի տարբերակը, քանի որ չի երեւում այն մոտիվացիան, հանուն որի՝ հայ ազգի ռուսաստանցի հաջողակ գործարարը կստանձնի այս բարդ տնտեսաքաղաքական իրավիճակում ՀՀ վարչապետի պաշտոնը: Բայցեւայնպես նկատենք, որ ժամանակին գրեթե նույնն ասվում էր նաեւ շատ ավելի ազդեցիկ ռուսաստանցի օլիգարխ Կախա Բենդուկիձեի մասին, ինչը, սակայն, նրան չխանգարեց գուցեեւ «պարտադիր-հոժարակամ» սկզբունքով Վրաստանում ստանձնել Միխայիլ Սահակաշվիլու կառավարության մեջ անգամ ոչ թե վարչապետի, այլ ընդամենը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Ռուսաստանում, ինչպես ասում են, վերադասի հրամանները չեն քննարկվում: Առավել եւս, որ նույն ինքը` Ռուբեն Վարդանյանն էլ կարծես ոչ հեռավոր անցյալում դեմ չէր Հայաստանում ինչ-որ ժամանակահատվածում լուրջ դերակատարություն ստանձնելու գաղափարին: Հիշենք թեկուզ այն, որ «Հայաստան-2020» բավականին հավակնոտ նախաձեռնություն-նախագծի գլխավոր դեմքերից մեկը հենց Ռ. Վարդանյանն էր:
«ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանի անունը հնարավոր թեկնածուների շարքում թեպետ առաջին հայացքից շատ ակտիվորեն չի քննարկվում, սակայն նույնպես ընկալվում է որպես հասարակության լայն խավերի մոտ չվարկաբեկված, վերոնշյալ «բուֆերային» վարչապետական մոդելին հարմար տարբերակ: Չնայած վերջին 10 տարիների ընթացքում «ՀայՌուսգազարդի» ղեկավարը մշտապես գտնվել է հայաստանյան խոշորագույն բիզնես էլիտայի մեջ, սակայն նրա անունը լուրջ սկանդալային պատմությունների մեջ երբեւէ չի հիշատակվել: Ավելին, նա ձեռք է բերել հմուտ գործարար-մենեջերի (նույնիսկ չի ընկալվում որպես օլիգարխ) համբավ: Ինչ վերաբերում է Կ. Կարապետյանի արտասահմանյան գործարար կապերին, ապա նրա սերտ հարաբերությունները Ռուսաստանի ամենախոշոր ընկերություն հանդիսացող «Գազպրոմի» ղեկավար վերնախավի հետ, ենթադրում են նաեւ նրա բավական ամուր կապերը ՌԴ քաղաքական ամենաազդեցիկ շրջանակների հետ:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին «բուֆերային» տեսակի վարչապետի թեկնածուների շարքին դժվար է դասել, թեկուզ այն պատճառով, որ վերջինիս անունը պարբերաբար կապվում է Հայաստանի ֆինանսական շուկայում արտարժույթի շատ դեպքերում, իրոք, մեղմ ասած, տարօրինակ վարքագծի հետ: Իսկ արտասահմանյան տրանսֆերտների վրա վաղուց «նստած» Հայաստանում արտարժույթի, շուկայի անկայունությունը ոչ այնքան տնտեսական խնդիրներ է առաջացնում, որքան սոցիալական եւ դրանից բխող լուրջ քաղաքական լարվածություններ: Ձեւավորված նման իմիջի տեր գործիչը, բնականաբար, այնքան էլ հարմար թեկնածու չէ բողոքական տրամադրված հասարակության շրջանում նոր «կինդեր սյուրպրիզի» դեր կատարելու համար: Միեւնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանի ղեկավարած Կենտրոնական բանկը, թերեւս, հայաստանյան այն հազվադեպ կառույցներից է, որի գործելաոճը, գործունեության օրենսդրական եւ նորմատիվային բազան գրեթե ամբողջովին համապատասխանում են միջազգային արեւմտյան ստանդարտներին: Գաղտնիք չէ նաեւ, որ ԿԲ-ն իր քաղաքականությունը միշտ էլ համադրել է Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից առաջ քաշվող պահանջների կամ «խորհուրդների» հետ: Հավանաբար, այս հանգամանքով է պայմանավորված քաղաքական շրջանակներում եւ ԶԼՄ-ների մոտ ձեւավորված այն համոզմունքը, որ Տիգրան Սարգսյանը, որպես Արեւմուտքի կողմից «հեշտ մարսվող» գործիչ, կարող է այս քաղաքական իրողության մեջ հնարավորինս մեղմացնել ՀՀ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի եւ Արեւմուտքի միջեւ առաջացած, մեղմ ասած, սառնությունը: Թեպետ նաեւ սխալ կլինի ասել, թե իշխանական նոր եւ հին վերնախավերը Տիգրան Սարգսյանի մասին միայն այսօր են հիշել, եւ, որ այդպիսով ընդամենը փորձ է կատարվում զուտ իրավիճակային գերխնդիր լուծել: Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի «ռասկրուտկան» սկսել էր դեռեւս նախագահական ընտրություններից շատ առաջ, երբ բոլորի համար անսպասելի հենց ԿԲ նախագահը ՀՀ վարչապետին ուղեկցեց ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Եվ հենց այդ պահից, թերեւս, շրջանառության մեջ դրվեց Տիգրան Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին վարկածը, ինչն այս օրերին առավել քննարկվողներից է դարձել: Չի բացառվում (նույնիսկ հավանական է թվում), որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի համար բոլորովին այլ առաքելություն է նախանշում, այն է` բավական լայն տնտեսաքաղաքական եւ վարչական լիազորություններով ու ազդեցությամբ օժտված ՀՀ նորընտիր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Այս դեպքում նախագահ Սերժ Սարգսյանն իր աշխատակազմի ուժեղ եւ տեղեկացված ղեկավարի միջոցով լիակատար հնարավորություն կունենա ամբողջովին վերահսկելի դարձնել իր բնույթով բավականին խայտաբղետ եւ, կարծում ենք, այնուամենայնիվ, ժամանակավոր բնույթ կրող կոալիցիոն կառավարությունը: Եվ, ինչո՞ւ ոչ, նաեւ կոալիցիոն այդ կառավարությունը եւ նրա ղեկավարին: Կառավարման եւ վերահսկման այս մոդելն ինչ-որ չափով նմանվում է ռուսաստանյան կառավարման մոդելին, որտեղ ավանդաբար հսկայական ազդեցություն եւ լիազորություններ ունեցող նախագահի աշխատակազմի ղեկավարը (հիշենք թեկուզեւ Ալեքսանդր Վոլոշինին` Բ. Ելցինի, կամ նույն Դմիտրի Մեդվեդեւին` Վ. Պուտինի օրոք) առնվազն ոչ պակաս դերակատարում ունի պետական կառավարման եւ տնտեսաքաղաքական համակարգերում, քան գործող վարչապետները: Այս մոդելի դեպքում ի նպաստ նորընտիր նախագահի կաշխատեն ոչ միայն Տիգրան Սարգսյանի միջազգային կապերը եւ փորձը, այլեւ նախկին այդ ԱԺՄ-ական գործչի եւ հայրենի ընդդիմության մեծ մասի հետ պահպանված վաղեմի կապերը:
Այսպիսով, ամփոփելով վարչապետական մրցավազքի հնարավոր զարգացումների թեման, հավանաբար, կարող ենք պնդել, որ այս անգամ հանրապետության նորընտիր նախագահը կանգնած է ոչ թե սոսկ անձի, այլեւ, ըստ էության, մոտակա ժամանակահատվածի համար օպերատիվ պետական կառավարման մոդելի ընտրության առջեւ: