Պատժել պետք չէ ներել

11/04/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, թե փետրվարի 19-ից եւ մարտի մեկի իրադարձություններից հետո քրեական գործի շրջանակներում ձերբակալվածները, «ի՞նչ է եղել` որ, մի 20 օր թող նստեն», հետո կերեւա` ում կազատեն, ում` ոչ: Նրա` հարցազրույց տալու ընթացքում արդեն այդ գործով մոտ երեք տասնյակ ազատազրկված ՀՀ քաղաքացիներ հացադուլ էին հայտարարել: Հրանտ Մարգարյանը, վստահ ենք, գիտի, որ բնության մեջ շատ են կուսակցությունները, մասնավորապես ՀՅԴ-ն, որի անդամները եւս` կուսակցության ստեղծման օրից, բազմիցս առիթ են ունեցել տարբեր երկրներում զանգվածային անկարգություններ հրահրելու, ապա եւ՝ բանտերում հայտնվելու: Գիտի` ինչ է նշանակում ազատազրկման յուրաքանչյուր օրը գիտակից մարդու համար: Լավ է պատկերացնում, թե որքան կարող է տառապել մարդը, երբ «Հումմուսն» այնքան էլ առատորեն համեմված չէ քիմիոնով ու ձիթապտղի յուղով, երբ «Թաբուլեն» կամ «Իշլի քյուֆթան» ուշացումով են մատուցվում: Հետեւաբար, գուցե տեղին չէ նման թեթեւությամբ խոսել մարդկանց ազատազրկման մասին` անկախ նրանից` տվյալ մարդն ազատազրկված է մեկ, քսան կամ ավելի օրով: Եվ, հատկապես, երբ այդ մարդիկ այնպիսի վիճակում են, որ դիմել են ծայրահեղ քայլի` հացադուլի:

Մարտի մեկից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնական մասը, անկախ իր նախապատված թեկնածուի հետընտրական կարգավիճակից, չի հավատում իշխանությունների անկեղծությանը: Դա ցուցադրելու համար կարելի է եւ զբոսնել Հյուսիսային պողոտայով, կարելի է եւ զբոսնելու տարբերակ չունենալով` այդ անվստահությունը տածել տանը նստած: Պասիվ բողոքի, անհնազանդության այս դրսեւորումները նյարդայնացնող են, տհաճ` իշխանությունների համար, եւ դա երեւում է նրանց անտրամաբանական գործողություններից` Հյուսիսային պողոտայով անցնող անգամ պատահական անցորդներին ոստիկանական բաժանմունք տանելուց: Սակայն, խոշոր իմաստով, անվստահության ու անհնազանդության նման ցուցադրությունները գործնական առումով այնքան էլ արդյունավետ չեն, ասենք, մեկուսարաններում գտնվող մեր հայրենակիցների համար: Ապրիլի երկուսին հացադուլ սկսելու մասին հայտարարություն են արել ընդդիմության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Նրանցից առաջ, մարտի 24-ից հացադուլ է սկսել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որի առողջական վիճակը, ինչպես նրա փաստաբանն է վստահեցնում, խիստ մտահոգիչ է: Այդ մարդիկ, լինելով համաժողովրդական շարժման առաջին շարքերում, կատարել են իրենց քաղաքացիական պարտքը, ձերբակալվել են` շարժմանը բերած իրենց օժանդակության համար: Նրանք իրենց քաղաքացիական պարտքը կատարում են նաեւ մեկուսարաններում` սեփական անազատությամբ ներկայացնելով Հայաստանի ժողովրդավարության իրական պատկերը: Նրանց փաստաբանները հայտարարում են իրենց պաշտպանյալների իրավունքների ոտնահարման մասին, որ նրանց չի թույլատրվում տեսակցություն անգամ հարազատների հետ: Հետեւաբար, երբ չկա օրինական, իրավական հարթության դաշտում գործող ճանապարհ, հաջորդ քայլն արդեն մնում է հացադուլը: Սակայն, եթե ամենաարդյունավետ ճանապարհը հացադուլն է, ուրեմն այդ հացադուլը պետք է անեն ամենեւին ոչ ազատազրկվածները: Հացադուլը` որպես փետրվարի 19-ի եւ մարտի 1-ի իրադարձություններից հետո կալանավորված մարդկանց ազատությունն ապօրինի սահմանափակելու, նրանց իրավունքները ոտնահարելու դեմ ուղղված միջոց, պետք է կիրառեն ո՛չ նրանք, ովքեր արդեն երկար ժամանակ է՝ մեկուսարաններում են: Գործելու, ձերբակալվածներին աջակցելու հերթն այժմ նրանցն է, ովքեր, բարեբախտաբար, ազատության մեջ են եւ ընդունում են ոչ թե բանտային շիլա կամ չեֆիր, այլ վիտամիններով հարուստ սննդամթերք: Գլխավոր դատախազության մատույցներում, ԱԱԾ մեկուսարանների մոտ հացադուլ հայտարարած մարդիկ տեսանելի ու հասանելի կլինեն բոլորին, Հայաստան ժամանող միջազգային ամեն կարգի դիտորդներին: Մինչդեռ մեկուսարաններում գտնվողներն, ամեն դեպքում, իրավապահների ճնշման տակ են: Հացադուլի դեմ իրավապահները գուցեեւ անզոր են, սակայն մեկուսարանում անորոշության մեջ օրեր անցկացրած մարդու առողջությունն արդեն այնքան կայուն չէ, որ դիմանա նաեւ հացադուլին: Իսկ տարբեր քրեակատարողական հիմնարկներում կալանվածներն անազատ վիճակում են արդեն երկար ժամանակ, եւ պարզ չէ` որքան կմնան այդպես:

Հացադուլը կարող է պայքարի լուրջ միջոց լինել, եթե այն հայտարարեն շարժման առաջնորդները (կրկնենք, եթե հացադուլը, այնուամենայնիվ, համարվում է պայքարի ծայրահեղ, սակայն արդյունավետ ձեւ): Այդպիսով` բարոյական աջակցություն կցուցաբերվի նաեւ տարբեր քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված մեր ազատազրկված հայրենակիցներին, նրանց կտրվի ամուր մնալու, հույսը չկորցնելու եւ հացադուլ չանելու հնարավորություն: Ձերբակալվածները պետք է տեսնեն գործնական աջակցություն` ուղղված իրենց ազատ արձակմանը: Նրանց ձերբակալման, անազատության մեջ գտնվելը չպետք է դառնա զուտ ազգային հարստություն` օտարներին ցուցադրելու համար մեր երկրի իրական վիճակը: Ամեն գնով պետք է պայքարել նրանց ազատ արձակելու ուղղությամբ:

Հակառակ դեպքում ստացվում է, որ մարտի մեկի եւ փետրվարի 19-ից հետո հանրահավաքներում ելույթ ունենալու համար դատապարտվածների վրա է ընկնում նաեւ իրենց իրավունքների պաշտպանությունը: Իհարկե, կա եւս մի տարբերակ` գործնական քայլեր չանել եւ սպասել, որ ապրիլի իննից հետո Սերժ Սարգսյանը համաներում հայտարարի եւ կալանավորվածներին ազատ արձակի: Եթե բանը հասնի համաներմանը, ապա դա, անկախ ազատազրկված մարդկանց ձերբակալության օրինականությունից, ընկալվելու է որպես Սերժ Սարգսյանի՛ քայլը, նրա բարի կամքի ժեստը, եւ որեւէ իրավապահ, բարձրաստիճան պաշտոնյա պատասխան չի տալու ձերբակալված մեր համաքաղաքացիների իրավունքները, ազատությունները, արժանապատվությունը ապօրինի ոտնահարելու համար: Եվ համաներումը, համաձայնեք, կաշկանդող քայլ է. ազատ արձակված քաղաքացիները, փաստորեն, պետք է շնորհակալ լինեն Սերժ Սարգսյանին` իրենց կատարած հանցանքը ներելու համար: Ամեն դեպքում, ցանկալի կլիներ, որ Սուրեն Սուրենյանցը եւ բոլոր մյուսներն ազատ արձակվեին ո՛չ Սերժ Սարգսյանի համաներման շնորհիվ: Քանի որ ներվելու խնդիր ունեն ամենեւին ոչ մեկուսարաններում գտնվող մեր հայրենակիցները: