Երեկ Նալբանդյան փողոցում գտնվող «Զովք» խանութից մեր գործընկերներից մեկը փորձել է «Parliament» տեսակի ծխախոտ գնել: Չի ստացվել: Ոչ այն պատճառով, որ խանութում այդ ծխախոտից չի եղել: Պարզապես վաճառողուհին նախ ասել է, որ չնայած «Parliament» ունեն, սակայն չեն կարող վաճառել, որովհետեւ այդպես կարգադրել է իրենց ղեկավարությունը:
Նույն պահին մոտեցել է մեկ այլ հաճախորդ, որը ցանկացել է գնել «Chesterfield» տիպի ծխախոտ: Նա եւս արժանացել է նույն պատասխանին: Առաջին հայացքից անհեթեթ թվացող այս իրավիճակը, երբ խանութը հրաժարվում է վաճառել իր ունեցած ապրանքը, իրականում շատ որոշակի պատճառներ ունի: Աշխարհահռչակ «Ֆիլիպ Մորիս» ընկերության արտադրած այդ ծխախոտները Հայաստան է ներմուծում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պարես Արմենիա» ընկերությունը, որի արտադրանքն աստիճանաբար «անհետանում է» Հայաստանի խանութներից: Փորձեցինք պարզել` արդյոք այս հարցում դերակատարություն ունե՞ն համապատասխան պետական գերատեսչությունները:
Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) մամուլի ծառայությունից ասացին, որ իրենք որեւէ կապ չունեն «Ֆիլիպ Մորիսի» արտադրած ծխախոտների իրացման հարցում առաջացած խնդիրների հետ: Իսկ «Պարես Արմենիայի» տնօրեն Հրայր Դեմիրչյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ խնդիրներն իրականում կապված են Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) հետ: Հ. Դեմիրչյանը` չմեկնաբանելով «Զովքում» (որն, ի դեպ, պատկանում է ՄՊԿ պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանին) «պատահածը», նշեց, որ իրենց ընկերությունը մարտի 7-ին ներկրել է ծխախոտի մեծ խմբաքանակ, մաքսազերծել է, սակայն ՄՊԿ-ն այն չի տալիս: «Մինչեւ հիմա նման բան չի եղել: Մենք հունվար-փետրվար ամիսներին էլ ենք ներկրել եւ ստացել ենք: Սրա բացատրությունը չունենք: Դիմել ենք Մաքսայինին, պատասխան չենք ստացել: Դիմել ենք նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին եւ հույս ունենք, որ դրական պատասխան կստանանք»,- ասաց Հ. Դեմիրչյանը:
Տնօրենի խոսքերով, այս օրերին ՀՀ-ում ստեղծվել է «Ֆիլիպ Մորիսի» ծխախոտների արհեստական դեֆիցիտ, իսկ այն խանութները, որոնք իրենց պահեստներում դեռ ունեն այդ ծխախոտներից, վաճառում են 10-30 տոկոս թանկ գներով: Թեեւ անցած մի քանի ամիսներին ՄՊԿ-ն բարձրացրել է ներկրվող գրեթե բոլոր ապրանքների մաքսային արժեքները (տնտեսվարողներից շատերը ՀՀ-ում գրանցված գնաճը բացատրում են նաեւ այս հանգամանքով), սակայն Հ. Դեմիրչյանի խոսքերով` ՄՊԿ-ն ծխախոտի ներկրման մաքսային արժեքը չի բարձրացրել: «Մենք յուրաքանչյուր 1000 գլանակի համար վճարում ենք 5500 դրամ: Դրա մեջ մտնում է ավելացված արժեքի եւ ակցիզային հարկերն ու մաքսատուրքը»: Փաստորեն մաքսազերծման գնի փոփոխություն չի եղել, սակայն Մաքսայինը չի տրամադրում ընկերության ներմուծած ապրանքը, ինչը հանգեցնում է նաեւ որոշակի թանկացման:
Այն, որ «Պարես Արմենիայի» ներմուծած ապրանքը չի տրամադրվում, հաստատեցին նաեւ ՄՊԿ-ում: ՄՊԿ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ «Ֆիլիպ Մորիսի» արտադրած ծխախոտի տուփերի վրա նշումներ կան, եւ իրենք կասկածում են, թե դրանք գովազդ են պարունակում ու մարդկանց դրդում են էլ ավելի շատ ծխել: «ՄՊԿ-ն դիմել է համապատասխան մարմիններին` պարզելու` այդ նշումները գովա՞զդ են, թե՞ բրենդի մաս: «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ծխախոտի այն բոլոր արտադրանքները, որոնք արտադրվել կամ իրացվել են սույն օրենքին հակառակ, կամ չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության սահմանված պահանջներին, ենթակա են բռնագրավման կամ էլ ոչնչացման ՀՀ օրենքների սահմանած կարգով»,- ասաց ՄՊԿ մամուլի քարտուղար Նելլի Մանուչարյանը: Վերջինիս խոսքով, օրինակ, «Chesterfield» տեսակի ծխախոտի տուփի վրա գրված է` «Հաճույք, որը վայելում ես բոլոր զգայարաններով, եւ միայն ժամանակի ընթացքում է բացահայտվում նրա իրական հարստությունը»: Իսկ, ասենք, «Marlboro»-ի տուփի վրա գրված է`«Հիանալի ծխախոտների ընտրանի»: Նման կարգի նշումներ, ըստ Ն. Մանուչարյանի, կան նաեւ ընկերության ներկրած մյուս ծխախոտների տուփերի վրա: Եվ ահա Մաքսայինը պետք է պարզի, թե այս արտահայտությունները ծխողներին դրդո՞ւմ են էլ ավելի շատ ծխելու, թե՞ ոչ: Եթե դրական պատասխան ստանա, ուրեմն «Պարես Արմենիայի» ներկրած ծխախոտները կբռնագրավեն «ՀՀ օրենսդրության սահմանված պահանջներին համապատասխան»: Այս դեպքում դժվար է ակնկալել, որ «համապատասխան մարմինները» կգտնեն, թե վերը նշված արտահայտությունը գովազդ չի պարունակում: Թեեւ նման տիպի «գրավիչ» արտահայտություններ կան նաեւ այլ ընկերությունների ներկրած ծխախոտների տուփերի վրա:
Օրինակ, գերմանական «Davidoff» սիգարետի տուփի վրա գրված է` «ծխախոտի ընտիր տեսակների հրաշալի համադրություն»: Սակայն այս ծխախոտը «Ֆիլիպ Մորիսը» չի արտադրել եւ հազիվ թե հայտնվի ՄՊԿ-ի ուշադրության կենտրոնում: Համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ դրա ներմուծմամբ զբաղվողները քաղաքական դիրքորոշում չեն արտահայտի: Հիշեցնենք, որ անցած կես տարվա ընթացքում Սուքիասյանների ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններում Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) տարատեսակ ստուգումներ է իրականացրել եւ խոշոր գումարների տուգանքներ է սահմանել այն բանից հետո, երբ ԱԺ` արդեն անձեռնմխելիությունից զրկված պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: