Բաց նամակ

11/04/2008

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին,ՀՀ նորընտիր նախագահին, ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին,

Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվական միջոցներին, կուսակցություններին

Մտահոգված 2008թ. փետրվարի 19-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով,

չհարելով որեւէ քաղաքական ուժի կամ հոսանքի,

ցավով փաստելով, որ մեր հասարակությունը կանգնել է իր համար կենսական նշանակություն ունեցող հարցի` միասնականության եւ մասնատվածության երկընտրանքի առջեւ (մասնատվածություն, որն ուղղակիորեն կվտանգի մեր երկրի զարգացումը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, ներքին կայունությունը, անվտանգությունն ու մեծ զոհողությունների գնով ձեռք բերված խաղաղությունը),

ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում հասարակական-քաղաքական ողջ համակարգը, առավել քան երբեւէ, ունի հասարակությանը միավորելու, պետականության շուրջ համախմբվելու եւ սեփական հիմնախնդիրներին շիտակ նայելու անհրաժեշտություն,

կարեւորելով մեր երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորումը` որպես ժողովրդավարության ձեռքբերում եւ արժեք,

նպատակ ունենալով ակտիվացնել մասնակցությունը Հայաստանում սոցիալական արդարության հաստատման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ամրապնդման եւ զարգացման, խաղաղության, կայունության, համերաշխության, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձեւավորման գործում` սույն թվականի մարտի 21-ին հայաստանյան 10 հասարակական կազմակերպություններ ստորագրեցին «Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հիմնադրման մասին Հուշագիր:

Ամրագրվեց, որ Նախաձեռնությունը բաց է շահագրգիռ բոլոր կողմերի համար:

Հաջորդող օրերին նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Երեւանում եւ ՀՀ բոլոր մարզերում: Գործընկերների հետ քննարկումների ընթացքում ամրագրվում էին այն հիմնական ուղղություններն ու գործելաոճը, որոնք հիմք պիտի դառնան նախաձեռնության արդյունավետ աշխատանքի համար: Որոշվել է, սույն թվականի ապրիլի 7-ին, Երեւանում նախաձեռնության կողմից հրավիրել ֆորում, որին կմասնակցեն նախաձեռնությանը միացած կազմակերպությունների պատվիրակները (նշենք, որ նախաձեռնությանն արդեն իսկ միացել են Հայաստանում գործող շուրջ 250 հասարակական կազմակերպություններ), որտեղ ուղերձով կարտահայտվեն ֆորումի դիրքորոշումն, առաջնահերթ լուծման ենթակա հիմնախնդիրները եւ երկարաժամկետ ծրագրերը:

Տեղի ունեցած քննարկումների արդյունքում Նախաձեռնությանը միացած կազմակերպությունները դատապարտել ու անթույլատրելի են համարել.

– ազգային եւ պետական շահերի ու անվտանգության ստորադասումն անձնական, ներխմբային կամ կուսակցական շահերին,

– մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարումը,

– ցանկացած այնպիսի գործողություն, որը կարող է խաթարել քաղաքացիական համերաշխության փխրուն մթնոլորտը,

– ԶԼՄ-ների միակողմանի եւ ապակողմնորոշող տեղեկատվությունը,

– ազգի բարոյական ոգին ջլատող երեւույթները:

«Խաղաղ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները երկրի նորընտիր Նախագահից, քաղաքական եւ պետական գործիչներից ակնկալում է մի շարք հիմնախնդիրների անհետաձգելի եւ արդյունավետ լուծումներ, մասնավորապես.

1. Ս.թ. մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համակողմանի ուսումնասիրություն եւ հանգամանքների ամբողջական բացահայտում, ներառելով այնպիսի հատուկ միջոցառումներ, որոնք կնպաստեն գործընթացի նկատմամբ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, հանրությանը լիարժեք տեղեկատվության տրամադրմամբ` տալով տեղի ունեցածին իրավական ու քաղաքական գնահատական,

2. «ՀՀ-ում երթեր, ցույցեր, զանգվածային միջոցառումներ իրականացնելու մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների վերանայում,

3. Հանրային հեռուստաընկերության գործունեությունը կարգավորող իրավական ակտերի եւ «Հ1»-ի հասարակական-քաղաքական, լրատվական բաժինների գործունեության սկզբունքների ու ղեկավար կազմերի վերանայում,

4. Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի բարեփոխում, արդյունքում` ինստիտուտի աշխատանքներում ընդդիմության եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավում, հրապարակայնության եւ թափանցիկության ապահովում,

5. ՀՀ-ում զենքի ապօրինի շրջանառության բացառում, այսպես կոչված, «թիկնազորների» զենք կրելու իրավունքի հետ կապված իրավական դաշտի հստակեցում, վերջիններիս ապօրինի գործողությունների ու անպատեհ վարքի նկատմամբ իրավական ու հասարակական զրոյական հանդուրժողականության միջավայրի եւ մեխանիզմների ստեղծում,

6. Քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավմամբ Հայաստանի հանրային խորհրդի ստեղծում (համապատասխան օրենքի եւ իրավական ակտերի ընդունմամբ):

Ֆորումը կքննարկի եւ առանձին ուղերձում կանդրադառնա նաեւ մոտ ապագայում լուծման կարիք ունեցող հիմնախնդիրներին:

Վստահ ենք, որ նշված, ինչպես նաեւ` ֆորումի քննարկմանը ենթակա խնդիրների շուտափույթ, արդարացի եւ ոչ դեկլարատիվ լուծումը կպարպի լարվածությունը եւ հասարակության բոլոր շերտերի միջեւ իրական ու արդյունավետ երկխոսության հնարավորություններ կստեղծի: Երկխոսության՝ հանուն ժողովրդավարական, ուժեղ, առաջադեմ եւ խաղաղ Հայաստանի:

Ելնելով վերոշարադրյալից եւ կրկին անգամ կարեւորելով երկխոսության անհրաժեշտությունը, կանխավ հասկանալով, որ Ձեր բազմազբաղ օրակարգում հնարավորություն չեք գտնելու մասնակցել ֆորումի աշխատանքներին, այնուամենայնիվ, հրավիրում ենք Ձեզ` Հայաստանի նորընտիր Նախագահ Սերժ Սարգսյանին, մասնակցելու ֆորումի աշխատանքներին:

«Խաղաղ Հայաստան» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե