Ալերգիա կարող է առաջանալ մի շարք հիվանդություններից, սակայն մեծ է նաեւ ալերգիայից շատ այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը: «Մարդկային բազմախտության մեջ գլխավոր տեղում է ալերգիան, որը բազմաթիվ հիվանդությունների հիմքն է: Ալերգիան պետք է բուժել առաջին հերթին, քանի որ հաճախ ալերգիայի բուժումից հետո մյուս հիվանդությունները մարդու օրգանիզմում վերանում են»,- երեկվա ասուլիսում ասաց ՀՀ Առողջապահության Ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, ալերգոլոգ, իմունոլոգ Ալեքսանդր Թորոսյանը: «Այսօր ըստ միջազգային չափանիշների՝ պարզ է, որ յուրաքանչյուր մեկը` 25 տարեկանից բարձր, կրում է 2.8 հիվանդություն, իսկ 50 եւ ավելի տարիք ունեցողները` ավելի քան 5.3 հիվանդություններ: Այսինքն` 25 տարեկան մարդու մոտ մշտապես առկա է երկու որեւէ հիվանդություն եւ եւս մեկ հիվանդության 80 տոկոսը»,- ասաց Ալ. Թորոսյանը: Սակայն, ըստ նրա, մարդկանց բազմախտությունը բժիշկները անկարող են բուժել, քանի որ մասնագիտանում են միայն մեկ ուղղությամբ. «Հաճախ հիվանդը գալիս է մի բժշկի մոտ, ով նրան ախտորոշում է իր մասնագիտական հիվանդությունը, բայց ախտորոշում է դրանից բխող եւս մեկ հիվանդություն եւ ուղարկում մեկ այլ բժշկի մոտ, սա էլ իր հերթին՝ մեկ այլ բժշկի մոտ, եւ այդպես շարունակ: Ընդ որում, այդ հիվանդությունները բնավ էլ փոխկապակցված չեն»: Գոյություն ունի բժշկական տերմին՝ «բժշկական որբ», այսինքն` հիվանդներ, ովքեր չեն կարողանում գտնել իրենց բժշկին: Ըստ բժշկի, եթե մարդը տառապում է ալերգիայով, այսինքն` եթե կա ալերգիա մեկ գործոնից, ուրեմն առնվազն 14 գործոններից նա կարող է սուր ալերգիկ ռեակցիաներ ունենալ: Ալերգիայի առաջին լուրջ գործոնը՝ արեւն է: «Մեզ դուր է գալիս, որ մենք արեւահարվում ենք, բայց մենք էներգիա ենք ծախսում, հատկապես Հայաստանում չի կարելի, քանի որ այն շատ վատ է ազդում մեր իմունային համակարգի վրա: ԱՄՆ-ում կան լողափեր, որտեղ հատուկ վերահսկողություն է սահմանված, որպեսզի մարդիկ հատկապես որոշակի ժամերի ոչ մի դեպքում չարեւահարվեն»,- ասաց ալերգոլոգը: Այն խթան է, որն ազդում է իմունային համակարգի վրա եւ խախտում որոշակի ֆունկցիաներ, եւ տասնօրյա անընդմեջ արեւահարումը իմունային համակարգը վնասում է այնպես, ինչպես ՁԻԱՀ-ը՝ երկրորդ փուլում: Հաջորդ ալերգիկ գործոնը սնունդն է` թթու, կծու, աղի, սպիտակուցներով հարուստ սնունդը, մսեղենը, բայց ամենաուժեղ գործոնը կամ ալերգենը ձուկն է: Սակայն տարբերություն կա ծովային ձկների, գետերում ու լճերում բազմացող ձկների միջեւ, ծովային ձկները ավելի քիչ ալերգեն են: Երրորդ հիմնական գործոնը տնային կենդանիներն են, թռչունները եւ բույսերը: Հաջորդ ալերգիկ գործոնը դեղերն են: Ալ.Թորոսյանի խոսքերով, համաշխարհային հիվանդների ավելի քան 1/3-ը տառապում է դեղորայքային ալերգիայով: Ալերգիայի բուժումը բավականին լուրջ պրոցես է, եւ ինչպես մասնագետն է խորհուրդ տալիս, պետք է հնարավորինս սահմանափակել սննդակարգը եւ օգտագործել հնարավորինս շատ հանքային ջրեր: Սակայն հայ հիվանդների համար ամենակարեւոր խորհուրդը ինքնաբուժությամբ չզբաղվելն է, եւ ալերգոլոգի վերահսկողությամբ պարտադիր բուժում ստանալը: ՀՀ-ում ալերգիկ հիվանդությունները մեծ տարածում ունեն: Կոնկրետ թիվ նշել հնարավոր չէ, քանի որ կան ինքնաբուժությամբ զբաղվողներ կամ պարզապես չգրանցված հիվանդներ: Ալերգիան նաեւ ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է, եթե ծնողներից մեկն է ալերգիկ, ապա երեխայի ալերգիկ լինելու հավանականությունը 60% է, իսկ եթե 2 ծնողներն էլ տառապում են այդ հիվանդությամբ, ապա երեխան այդ հիվանդության 100% կրողն է: