Ովքե՞ր են արջի ծառայություն մատուցում իշխանություններին

11/04/2008

Դատարանի անօրինական վճռով եւ նախկին մարզպետի անմիջական միջամտությամբ մեր գյուղի գյուղապետ դարձավ 8-ամյա կրթություն անգամ չստացած, տառաճանաչության հետ բացարձակապես կապ չունեցող, անցյալում քրեական բազմաթիվ հանցագործություններ կատարած եւ բազմաթիվ անգամներ ձերբակալված մի անձնավորություն, որը բնականաբար չէր կարող պատշաճորեն ղեկավարել այնպիսի մի համայնք, որտեղ կան խելացի, բանիմաց, բարձր ինտելեկտի տեր, նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցրած եւ երկարատեւ աշխատանքային փորձ ունեցող հարյուրավոր մարդիկ:

Նմանօրինակ համայնքի «ընտրյալ» գյուղապետին այլ բան չէր մնում անելու, քան իր տեղն ամրապնդելու եւ շահավետ պաշտոնը «հավերժացնելու» նպատակով զարգացնել այն վատ երեւույթները, որոնք իբրեւ թե ամրապնդում են իշխանությունների դիրքերը եւ ժողովրդի հավատը նրանց նկատմամբ, սակայն իրականում ընդամենը նպատակաուղղված են «նվիրյալ» գյուղապետին իշխանությունների աչքում բարձրացնելուն եւ նրա ապօրինի գործողությունները ծածկելուն:

Ոչ ոքի չհաջողվեց այդ «ընդունակ» մարդուն հասկացնել, որ իշխանությունների նկատմամբ ժողովրդի սերն ու վստահությունը հնարավոր է ստեղծել այն դեպքում միայն, երբ այդ նույն իշխանության սպասավոր-պաշտոնյան կարգին է աշխատում, գործում է պարկեշտ ու անկաշառ, սրտացավ հոգատարություն է ցուցաբերում ժողովրդի հանդեպ: Իսկ այն կառույցները, որոնք կարող էին եւ պարտավոր էին նրան համոզել վերը նշվածում, նույնպես գնացին նույն ճանապարհով՝ հովանավորելով ու որդեգրելով նույնպիսի գործելաոճ, որի արդյունքների ականատեսն ենք այժմ:

Եվ այսպես՝ մեր զարգացող ու հետագայում էլ ավելի զարգանալու հնարավորություն ունեցող գյուղը հետզհետե սկսեց կորցնել իր դիմագիծը՝ կանգնելով «ֆիզիկապես» ու «հոգեպես» հիմնովին ավերվելու վտանգի առաջ: Ահա այդ վտանգը փաստող մի քանի ակնառու երեւույթներ.

1. Գյուղում կառուցվել էր առողջապահական համալիր, որի շինմոնտաժային աշխատանքների համար ծախսվել էր 5մլն ԽՍՀՄ ռուբլի, եւ շինարարությունը գրեթե ավարտին էր հասցվել, բայց որոշ պատճառներով հայտնվել էր գյուղապետարանի հաշվեկշռում. ահա այս կառույցը սեփականաշնորհվեց 1 տոկոսից էլ պակաս արժեքով՝ հետագայում վաճառվելով եւ հիմնահատակ քանդվելով (օրինակ՝ այս կառույցն ուներ 3000-ից ավելի ծածկասալեր, նաեւ այլ շինանյութեր, որոնք վաճառվել են առանձին-առանձին):

2. Գյուղում կա Մոր եւ մանկան առողջարանային համալիր, որի գույքն ամբողջությամբ, այնուհետեւ՝ նաեւ տարածքն իր համալիր կառույցներով, վաճառվել են, այսպես ասած, գրոշներով:

3. «Միմիայն հացիվ, բայց ոչ երբեք բանիվ» ապրող թերուս գյուղապետի չարաբաստիկ միջամտությամբ փակվեց Ժող. տնտ. ինստիտուտին կից եւ պետական ստատուս ունեցող տնտեսագիտական քոլեջը, որի շենքը սեփականաշնորհվեց՝ նրա կողմից յուրացվելով եւ դառնալով իր իսկ որդու շքեղ ու թանկարժեք՝ մոտ 500.000 դոլար արժողության առանձնատունը:

4. Նախկինում պետական տնտեսությանը պատկանող արտադրական բազան իր բոլոր շինություններով, մեխանիզմներով եւ տրանսպորտային միջոցներով իբրեւ թե սեփականաշնորհվեց՝ բաշխվելով միմիայն գյուղապետի յուրայիններին, իսկ հետագայում մեքենա-մեխանիզմները, որոնք կարող էին ծառայել Օձունի գյուղատնտեսական աշխատանքներին, վաճառվեցին ոչ օձունաբնակներին, ինչի արդյունքում համայնքին պատկանող հողերի 80 տոկոսը (շուրջ 1000հա) դարձավ անմշակ:

5. Գյուղում գործող ջրմաքրման կայանը նույնպես սեփականաշնորհվեց գրոշներով, ինչի արդյունքում կոյուղու ջրերը հոսում են անարգել՝ աղտոտելով շրջակա միջավայրը:

6. Ավելորդ չէ նշել, որ «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրի շրջանակներում սննդի տեսքով գյուղին տրվող օգնությունները օգտագործվում են գյուղապետի մեծաքանակ անասունների կերակրման համար, նաեւ այն, որ ֆինանսական օգնություններն ու բյուջեի այլ մուտքերը դառնում են գյուղապետի սեփական միջոցները: Այլ խոսքով՝ ուռճանում է գյուղապետի անձնական բյուջեն, իսկ գյուղացին իրեն հասանելիք բաժնից ոչինչ չի ստանում:

7. Գյուղապետի «բարոյական» կերպարն ավելի պատկերավոր դարձնելու համար խոսենք նրա մի սրբապիղծ արարքի մասին: Հայրենական մեծ պատերազմում Օձունը 400 զոհ է տվել, որոնց հիշատակին հուշարձան է կառուցված: Մի օր գյուղապետի սուր աչքն ընկնում է այդ սրբազան կոթողի քարերին, եւ նրա սրբապիղծ միտքը որոշում է, որ դրանք իր առանձնատան ցանկապատին ավելի վայել են: Որոշումն ի կատար է ածում՝ ուրանալով եւ՛ զոհվածների, եւ՛ շինարարների վաստակը:

Ի՞նչ է հետեւում այս ամենից. Օձունին տիրացել է (բառի ողջ բացասական իմաստով) մի մարդ, որը ոչ թե հանուն, այլ ընդդեմ ժողովրդի է գործում: Մի՞թե իշխանություններին պատիվ է բերում այստեսակ սատարիչը, եւ մի՞թե մտահոգիչ չէ նրա հակաժողովրդական վարքագիծը: Գյուղի ներկայիս վիճակով մտահոգ օձունցիներս հույս ենք փայփայում, որ մեր ասելիքը գտնելու է իր ճիշտ հասցեատերերին, այսինքն՝ իրավասու այն մարմիններին, որոնք պարտավոր են կանխել նմանօրինակ գործելաոճն ու դրա բացասական արգասիքները: Քանի դեռ ժողովուրդը վերջնականապես չի կորցրել իր հավատը լուսավոր երեւույթների նկատմամբ, հարկավոր է թույլ չտալ, որ Օձունի գյուղապետի տեսակն ընդարձակվի՝ սրանով հայ մարդուն վերջնականապես հիասթափեցնելով իր գյուղից, երկրից, իշխանավորից: Գյուղի համար սրտացավ օձունցիներս վստահում ենք նորընտիր նախագահի խոհեմությանը՝ գյուղապետի հանցավոր գործունեությունը վերահսկելու հարցում: Հավատացնում ենք, որ Օձունն արժանի է պարկեշտ ու ազնվաբարո, ամեն մի օձունցու հոգսով ու ցավով ապրող նվիրյալ գյուղապետ ունենալու: Օձունը հուսառատ սպասումներով է լուսացնում ամեն մի Աստծո օրը:

Օձունի համար մտահոգված օձունցիներ