Սեփական շահերի պաշտպանը
Հնարավոր է, որ «Ձեր հաստիքը կրճատված է» նախադասությունը հուսահատության մեջ գցեր շատ-շատերին: Միայն՝ ո՛չ Բաբկեն Ս.-ին: Նա համոզված էր, որ իր շահերը կարող է պաշտպանել: Փաստաբան վարձելու կարիքը չուներ: Հենց ինքն իրավաբան էր: Եվ որպես իրավաբան-փաստաբան էլ աշխատում էր «Ինտերաքոմ Հայաստան» ՍՊԸ-ում, որտեղից նրան իրազեկել էին, թե հաստիքների կրճատման պատճառով ազատվում է աշխատանքից:
Բաբկենի հետագա քայլերը ցույց էին տալու, որ ընկերությունը, նրա նման իրավաբանի հաստիքը կրճատելով, լուրջ սխալ է գործում: Կամ, եթե կրճատումն անխուսափելի էր, ապա պետք է մեկ անգամ եւս ուշադիր ընթերցեին պայմանագիրը, որ կնքել էին Բաբկենի հետ, ու հստակ պատկերացնեին, թե ինչ նյութական պարտավորություններ են կրելու:
Շատ տարածված երեւույթ է. գործատուներն իրենց աշխատողներին նայում են վերեւից, չեն հարգում նրանց իրավունքները եւ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում անգամ հաճախ հենց իրենք են ոտնահարում պայմանագրով ամրագրված պահանջները: Մեծամասամբ համոզված են լինում, որ մարդը չի բողոքի: Լուռումունջ կհամակերպվի աշխատանքը կորցնելու փաստի հետ ու դատարանների դռները չի ընկնի, ինչ է թե՝ պահանջի պայմանագրով իրեն հասանելիքը:
Ծանուցում
Այն ՍՊԸ-ն, որտեղ Բաբկենն էր աշխատում, Բաբկենի հետ աշխատանքային պայմանագիր էր կնքել 2005թ. դեկտեմբերի 23-ին: Պայմանագիրը, անշուշտ, Բաբկենի կողմից ստորագրվել էր: Իսկ ստորագրելուց առաջ մարդը չէր զլացել, անհարմար չէր զգացել, ինչպես երբեմն պատահում է, ու մանրակրկիտ ընթերցել էր պայմանագիրը: Իրավաբան լինելով՝ նրբերանգները հասկացել ու իր իրավունքներն ընկալել էր: Ինչ վերաբերում է գործատուին, ապա հնարավոր է, որ վերջինս նույնպես լուրջ էր վերաբերվել նոր աշխատակցի հետ կնքվող պայմանագրին: Փաստաթուղթը կնքվել էր, գրանցվել՝ ընկերության աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում: Մի բացթողում կար միայն. գործատուն մոռացել էր ստորագրել պայմանագիրը: Անփութորեն կամ… դիտավորյալ: Աչալուրջ Բաբկենն էլ, լավ առաջարկով ոգեւորված, աչքաթող էր արել այդ հանգամանքը: Եվ դրա պատճառով հետագայում քիչ էր մնացել տանուլ տար սեփական իրավունքների պաշտպանության գործը:
Սակայն, մինչեւ իրավունքների պաշտպանության փուլին հասնելը, Բաբկենը պարտաճանաչորեն աշխատել էր ընկերությունում: Նրա աշխատանքային գրքույկում գործատուն գրառում էր կատարել, որ՝ համաձայն 2005թ. դեկտեմբերի 23-ի 248-րդ հրամանի՝ Բաբկենին ընդունել էին աշխատանքի՝ որպես իրավաբան-փաստաբան: Այնուհետեւ Բաբկենը գործատուի հետ եւս չորս համաձայնագիր ու հավելված էր ստորագրել՝ ի լրումն 2005թ. դեկտեմբերին կնքած աշխատանքային պայմանագրի:
2007թ. փետրվարի 2-ին ընկերության գլխավոր տնօրենը դիմել էր ընկերության խորհրդին՝ իրավաբան Բաբկենի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու համաձայնություն տալու խնդրանքով: Ամեն բան արվել էր ըստ կարգի: Փետրվարի 16-ին, վերոհիշյալ համաձայնությունը ստացվելուց հետո, ընկերությունը ծանուցում էր ուղարկել Բաբկենին, որ աշխատողների թվաքանակի կրճատման հետ կապված՝ կրճատվում է նաեւ իրավաբան-փաստաբանի հաստիքը, հետեւաբար նա ազատվում է աշխատանքից: Նույն օրն եւեթ հրամանով վերացվել էր ընկերության ՎԱԶ 21104 մակնիշի ավտոմեքենան վարելու՝ Բաբկենին տրված լիազորագիրը:
Պայմանագրային պարտավորություններ
Ձեւականորեն ամեն բան ըստ կարգի անելու հետ միասին՝ ընկերությունն անտեսել էր աշխատանքային պայմանագրով, ինչպես նաեւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված որոշ պարտավորությունների կատարումը: Իսկ երբ Բաբկենը սեփական իրավունքները պաշտպանելու վճռականություն էր դրսեւորել՝ չէին վճարել անգամ 2007թ. հունվարից նրան հասանելիք աշխատավարձը:
Բաբկենն ընկերությունից ամսական 255.000 դրամ աշխատավարձ էր ստանում: Ըստ աշխատանքային պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվել էր պայմանագիրը ցանկացած ձեւով լուծելու դեպքում երեք ամիս առաջ գրավոր տեղեկացնել աշխատողին եւ վճարել 3 ամսվա վարձատրությանը համարժեք փոխհատուցում: Հետեւաբար, եթե ընկերությունը Բաբկենին հաստիքի կրճատման վերաբերյալ ծանուցել էր փետրվարին, ուրեմն պետք է վճարեր նաեւ փետրվար-ապրիլ ամիսների աշխատավարձը: Պետք է ասել, որ ընկերությունը հետագայում առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում ընդունում էր միայն իր այս պարտավորությունը եւ խոստովանում, որ Բաբկենին աշխատավարձ չի վճարել հունվարից մինչեւ ապրիլ: Ահա քաղաքացիական վերաքննիչ դատարանն էլ Բաբկենի հայցը բավարարել էր մասնակիորեն՝ պարտավորեցնելով ընկերությանը վճարել միայն այդ չվճարված աշխատավարձը՝ 1 միլիոն 104 հազար 12 դրամի չափով:
Սակայն, համաձայն աշխատանքային պայմանագրի եւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի՝ ընկերությունը այլ պարտավորություններ եւս ուներ, որոնք հրաժարվում էր կատարել: Քաղաքացիական վերաքննիչ դատարանն էլ, նկատի առնելով, որ աշխատանքային պայմանագիրը ստորագրված էր միայն Բաբկենի կողմից, իսկ գործատուի կնիքն առկա էր, բայց ստորագրությունը՝ բացակա, հետեւության էր հանգել, թե պայմանագիրը հաստատված համարել չի կարելի: Ուրեմն, ընկերությունը պարտավոր չէր կատարել չհաստատված պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Վճռաբեկ դատարանը, սակայն, Բաբկենի բողոքի հիման վրա քննելով այս քաղաքացիական գործը, այլ եզրակացության եկավ: Ճիշտ է, պայմանագրի ձեւը պահպանված չէր, սակայն ի հաստատումն տվյալ պայմանագրի՝ կային լուրջ ապացույցներ. պայմանագիրը լրացնող համաձայնագրերը՝ ըստ կարգի կնքված ընկերության եւ Բաբկենի միջեւ, աշխատողի աշխատանքային գրքույկի մեջ կատարած գրառումը, ընկերության՝ աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում կատարված գրառումը: Հետեւաբար, վճռաբեկ դատարանը հաստատված ճանաչեց ընկերության ու Բաբկենի միջեւ կնքված պայմանագիրը:
Հոդված առ հոդված
Աշխատանքային պայմանագրի 6.2 կետի համաձայն՝ գործատուն իր պարտականությունները կամ պայմանագրի պայմաններից մեկը չկատարելու կամ պայմանագիրը կողմերից մեկի նախաձեռնությամբ լուծարելու դեպքում կրում էր պարտավորություն՝ իրավաբան-փաստաբանին վճարելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50 հազարապատիկի չափով: Տվյալ դեպքում վճռաբեկ դատարանը հաստատված համարեց, որ ընկերությունը, սեփական պայմանագրի համաձայն, պարտավոր է Բաբկենին վճարել 50 միլիոն դրամ:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 129 հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել արձակման նպաստ՝ նրա ամսվա միջին աշխատավարձի չափով: Հետեւաբար, ընկերությունը Բաբկենին պետք է նաեւ արձակման նպաստը վճարեր՝ 255.000 դրամի չափով: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 170 հոդվածի համաձայն՝ եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետեւանքով աշխատողին չի տրամադրվել ամենամյա արձակուրդ, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: Ընկերությունը Բաբկենին չէր տրամադրել 2005-2006, 2006-2007թթ. հասանելիք ամենամյա արձակուրդը, հետեւաբար՝ պետք է առաջինի համար վճարեր 22 արձակուրդային օրվա, երկրորդի համար՝ 28 արձակուրդային օրվա գումարները:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 192 հոդվածի համաձայն՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում եւ աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն՝ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու… դեպքում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Դրանք վճարվում են կետանցի օրվանից մինչեւ պարտավորության դադարեցման օրը:
Վճռաբեկ դատարանը հաստատված համարեց, որ ընկերության եւ Բաբկենի միջեւ աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2007թ. ապրիլի 16-ին՝ ծանուցումն ուղարկելուց ուղիղ 2 ամիս անց: Ընկերությունն իր իսկ տեղեկանքով ընդունել էր, որ Բաբկենին չի վճարել հունվար-մարտ ամիսների աշխատավարձը, այսինքն՝ անհիմն կերպով պահել էր աշխատողի աշխատավարձի գումարները: Հետեւաբար, ըստ վճռաբեկ դատարանի, այդ երեք ամսվա աշխատավարձի նկատմամբ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված բանկային տոկոսները եւս ենթակա էին հաշվարկման: Այսինքն, ընկերությունը 2007թ. հունվար-մարտ ամիսների աշխատավարձի հետ պարտավոր էր Բաբկենին վճարել նաեւ օրենքով նախատեսված բանկային տոկոսները: Վճռաբեկ դատարանը նաեւ պարտավորեցրեց ընկերությանը՝ Բաբկեն Ս.-ի աշխատանքային գրքույկում կատարել գրառում՝ պայմանագիրը լուծված համարելու մասին, եւ վերջապես նրան տրամադրել հաշվարկային թերթիկներ՝ ամբողջ աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ: Ահա այսպես էլ կարող են պաշտպանվել մարդու իրավունքները՝ անպարտաճանաչ գործատուի օրինախախտումներից: Եվ ահա այսպես թանկ էլ կարող է նստել գործատուի վրա՝ աշխատողի իրավունքները ոտնահարելով՝ նրա հաստիքի կրճատումը:
Պարզապես, յուրաքանչյուր քաղաքացի աստիճանաբար պետք է յուրացնի իր իրավունքները: Եվ աշխատանքի ընդունվելիս կարողանա իր շահերից բխող պայմանագիր կնքել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օրենքով պարտադրել, որ պայմանագրային բոլոր պարտավորությունները կատարվեն: