Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը համատեղ օրենսդրական փորձաքննությունից հետո եզրակացրել են, որ Հայաստանի հավաքների ազատության մասին օրենքում արված վերջին փոփոխությունները լուրջ մտահոգությունների առիթ են: «Երթերի, ցույցերի, հանրահավաքների մասին» ՀՀ օրենքում մարտի 17-ին ընդունված փոփոխությունները քննարկվել են ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ ՀՀ ԱԺ նախագահի խնդրանքով: «Նախնական գնահատականով՝ ԺՀՄԻԳ փորձագիտական խումբը եւ Վենետիկի հանձնաժողովը առաջարկված փոփոխություններն ընդունելի չեն համարում՝ պատճառաբանությամբ, որ դրանք սահմանափակում են հավաքների ազատությունը զգալի չափով»,- ասվում է համատեղ եզրակացության մեջ: Նշվում է, որ մասնավորապես փոփոխությունները խստացնում են ինքնաբուխ հավաքներին վերաբերող դրույթները, թույլ չեն տալիս, որ փոքր հավաքները վերածվեն մասսայական միջոցառումների, ինչը նախկին օրենքում համարվում էր լավ օրինակ ու առաջադիմական քայլ: Համատեղ եզրակացությունը ներկայացվել է ՀՀ ԱԺ-ին, եւ այն կքննարկվի ապրիլի 15-16-ը հայ խորհրդարանականների հետ: