Երեկ Բուխարեստում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի ընթացքում քննարկվելիք հիմնական խնդիրներից մեկը Վրաստանին եւ Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության գործողությունների ծրագրի շնորհման հարցն է: Արդեն երեկ առավոտյան ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դիմել է ՆԱՏՕ-ին` կոչ անելով սկսել երկու երկրների անդամակցության գործընթացը, ինչին դեմ են արտահայտվում դաշինքի անդամ մի շարք պետություններ, այդ թվում` Ֆրանսիան եւ Գերմանիան: Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը երեկ ասել է, որ Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կխախտի հավասարակշռությունը Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ: Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովում նախատեսված է նաեւ ՆԱՏՕ-ին Խորվաթիայի, Ալբանիայի եւ Մակեդոնիայի անդամակցության հարցի քննարկումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որպես հյուր կմասնակցի գագաթաժողովի ապրիլի 4-ի աշխատանքներին, ինչից հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին կհյուրընկալի Սոչիում: Ակնհայտ է, որ Ուկրաինայի եւ, առավել եւս, Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը սկսելու դեպքում մեր տարածաշրջանում զարգացումներն ավելի կսրվեն, քանի որ վերջնականապես Վրաստանում ազդեցությունը կորցնելով` Ռուսաստանի կողմից Հայաստանի «ֆորպոստացումը» որակական նոր փուլ կմտնի: Իսկ ամենացավալին այն է, որ Հայաստանը նման հեռանկարը կանխելու որեւէ իրական հնարավորություն առայժմ չունի: ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով այսօր մեկօրյա այցով Բուխարեստ մեկնող ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է միայն Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ երկրների ղեկավարների աշխատանքային ճաշի ընթացքում նախատեսված «Եվրաատլանտյան գործընկերություն. 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին դիմակայում» խորագրով քննարկմանը: