Ցույցին մասնակցած երեխան չի մահացել

06/04/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ Արտավազդ Թադեւոսյանի ընտանիքին «168 Ժամն» անդրադարձել էր մի քանի շաբաթ առաջ, որպես անապահով ընտանիքի: Երեկ, երբ նրա ընտանիքին աջակցություն ցուցաբերելու համար քաղաքացիներից մեկի հետ այցելեցինք նրա տուն, նա` ցույց տալով իր 7 երեխաներից մեկին` 10-ամյա Իլոնային, ասաց. «Գիտե՞ք, ինքն ով ա…»: Լուսանկարում պատկերված երեխային հավանաբար կհիշեն փետրվարի 19-ից հետո «Ազատության» հրապարակում խաղաղ ցույցի մասնակիցներից շատերը: Երեխայի հայրը` Ա. Թադեւոսյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ փետրվարի 31-ի լույս մարտի 1-ի հայտնի իրադարձությունների գիշերը ինքն իր դստեր` Իլոնայի հետ նույնպես այնտեղ է եղել: Իլոնան քնած է եղել վրաններից մեկում: Պարզվեց, որ «Ազատության» հրապարակում կատարված միջադեպից հետո այն խոսակցությունները, թե իբր իրավապահները սպանել են 12-ամյա մի աղջկա` վերաբերում են հենց այս երեխային` Իլոնային: Ստորեւ ներկայացնում ենք Ա. Թադեւոսյանի խոսքն ամբողջությամբ. «Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած բոլոր ցույցերին եղել եմ: Էն վերջին օրերին երեխեքիս հետ գիշերները մնացել եմ վրանում: Ամսի 31-ին էնտեղ եմ եղել աղջկաս` Իլոնայի հետ, իրան շատերն են ճանաչում, որովհետեւ անընդհատ բեմի վրա պարել ա էդ օրերի ընթացքում: Ցուցարարներից շատերն արդեն իմ աղջկան ճանաչում էին: 31-ի գիշերը վրանում ենք եղել, երեխան կոշիկները հանել էր, որ ադյալով ոտքերը ծածկենք: Միլիցեքն եկան, սաղ խառնվեցին իրար, աղմուկ-աղաղակ բարձրացավ, ու ես վախից երեխուն գրկեցի, փախա: Երեխեն ոտաբոբիկ էր, կոշիկները մնացին Օպերայում` վրանի մեջ: Երեխայիս ճանաչող ցուցարարները կարծել են, թե միլիցեքը երեխուն սպանել են, մահացել ա: Կոշիկները կա, երեխեն` չկա: Ժամը 7-ից հետո երեխու հետ հասել ենք տուն: Ժամը 15:00-ին հետ եմ գալիս ու տեսնում եմ՝ երկու կին կանգնած լացում են ու ասում են, որ երեխեն մահացել ա: Ասում եմ` էդ կոշիկների տերը իմ երեխեն ա, ու ես իրան տարել եմ տուն: Նորից տուն եմ գալիս ու երեխուն տանում իրանց ցույց եմ տալիս: Էլ չեն լացում: Երեկոյան ժամը 19:00-ի կողմերը նորից գնում եմ ցուցարարների մոտ, տեսնում եմ՝ փեչ են դրել, վրեն մոմ են վառել, ծաղիկներ են դրել ու ուզում են մահացած երեխու համար հոգեհանգիստ անեն: Տերտեր էլ կար` աղոթում էր: Օպերայում, երբ տարածքի վրանները, աղբը բեռնատար մեքենայով բերեցին, թափեցին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, էդ աղբի հետ երեխու կոշիկները գցած էր: Ժողովուրդն ասում էր` էս էն պարող երեխու կոշիկներն ա, երեխեն չկա: Մոտեցա ցուցարարներին, կազմակերպիչներին, ասեցի, որ դա իմ երեխեն ա, չի մահացել, երեխուն տարել եմ տուն, բայց կոշիկները մնացել էր Օպերայում: Ուզում էի հերքել էդ լուրը, որովհետեւ սուտ բան էր տարածվել, թե աղջիկս մահացել ա, ու հոգեհանգիստ էին անում: Երբ դա ասեցի` փեչը ծաղիկներով, մոմերով շպրտեցին մի կողմ: Իմ ասելուց հետո համոզվեցին, որ աղջիկս ողջ ա` էլ չլացեցին, հանգստացան»: Ի դեպ, Իլոնան ոչ թե 12, այլ 10 տարեկան է, իսկ կոշիկները եղել են սեւ գույնի «բուցիներ»: