– Որպես քաղաքագետ, որն ակտիվորեն մասնակցում էր արմատական ընդդիմության գրեթե բոլոր միջոցառումներին, մարտի 1-ի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում:
– Պետք է իշխանությունը գիտակցի, որ երկխոսության, փոխըմբռնման խնդիր ունի ոչ միայն արմատական ընդդիմության, այլեւ հասարակության հետ, քանի որ նրանց համար հիմնական խնդիրը ոչ միայն քաղաքական դաշտի առողջացումն է, այլեւ հասարակության մթնոլորտի: Այսինքն` հասարակությունն այսօր իշխանության նկատմամբ լցված է կասկածով, չի հավատում իշխանության ոչ մի խոսքին, եւ այն, որ Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր մի քանի անգամ բողոքել, որ իբր բամբասանքներ են տարածվում` ստեղծելով անառողջ մթնոլորտ` պատահական չէ: Նրանք ստիպված են գիտակցել, որ այն քարոզչամեքենան, որն ամբողջ թափով գործի էին դրել վերջին 4-5 ամիսներին, ոչ միայն չէր ծառայում իր նպատակին, այլ` ճիշտ հակառակը, ավելի էր խորացնում հասարակության հիասթափությունն ու անվստահությունը իշխանությունների նկատմամբ: Ինչպե՞ս ստացվեց, որ հասարակության անվստահությունը վերաճեց որակապես այլ կարգի վերաբերմունքի եւ ամբողջությամբ սկսեց մերժել իշխանություններին, եւ նրանց ասածները թշնամանքով ու ատելությամբ է ընդունվում` որպես լիարժեք սուտ: Ինձ թվում է, այդ փոփոխությունը տեղի ունեցավ այն պատճառով, որ վարչախումբը հրաժարվեց եթեր տրամադրել ոչ միայն, այսպես ասած` իր հակառակորդներին, այլեւ այլախոհներին, ովքեր ոչ թե հակառակորդ են, այլ հակառակ տեսակետ կրողներ: Մտքերի փոխանակման հարթակների իսպառ վերացումը բերեց նրան, որ իշխանությունը պարզապես կորցրեց հասարակության հետ երկխոսելու թելը, եւ այսօր այդ իրավիճակն արմատապես փոխելու խնդիր կա: Կատարվածի խորաթափանց վերլուծության համար` պետք է բացել էլեկտրոնային լրատվամիջոցներն առաջին հերթին հասարակության բոլոր հատվածների վստահությունը վայելող դեմքերի առջեւ: Ես սարսափում եմ այսօրվա հեռուստաընկերություններից, որոնք ինչ-որ անհայտ, անգրագետ, դիպլոմ չունեցող, գիրք չկարդացած մարդկանց են եթեր հրավիրում: Ժողովուրդը շատ լավ ճանաչում է` ով ով է, եւ հասկանում է, որ հերթական անգամ որոշել են իր ուղեղը լվանալ, եւ դա հակակրանք է առաջացնում, ինչն էլ վերաճում է թշնամության, ատելության իշխանության նկատմամբ: Հայ մարդն ամենաշատը վրդովվում է, երբ իրեն դնում են էշի տեղ: Ի տարբերություն ռուսների` հայերը ներշնչվող չեն, հայն իր խառնվածքով միշտ թերահավատ է, եւ հայի համար ամենավիրավորականն այն է, երբ զգում է, որ ինչ-որ մեկն իրեն ուզում է հարիֆացնել: Հիմա մեր ժողովուրդն այնպիսի հոգեվիճակում է, որ համոզված է, թե իշխանություններն իրեն ուզում են հարիֆացնել, իսկ երբ հայը հայտնվում է այդ հոգեվիճակում` նա սկսում է ատելությամբ տրամադրվել այն մարդու կամ կողմի նկատմամբ, ով իրեն հիմարի, էշի տեղ է դրել: Այդ մարդիկ չեն հասկանում, թե որն է Տեր-Պետրոսյանի գաղտնիքը: Թվում է` նա աշնանը կատարեց մի քայլ, որը հաջողության հասնելու ոչ մի շանս չուներ: Նա 1-2 ժամանոց դասախոսություններ էր կարդում` թղթից չկտրվելով, եւ մարդիկ սառնամանիքում լսում էին այդ երկար-բարակ դասախոսությունները: Ոմանք ասում էին` էս ի՞նչ է անում, ժողովուրդը հակված չէ սա լսելուն: Սխալվում էին`մեր ժողովուրդն իրեն շոյված զգաց, որ իրեն հարգեցին, մտքերի խելոք շարադրանք էր լսում: Կարող է նաեւ շատ բաներում համաձայն չլիներ Տեր-Պետրոսյանի հետ, բայց ժողովուրդը տեսնում էր, որ այդ մարդն իրեն բանի տեղ է դնում եւ փորձում է ժամերով այդ ցրտին իրեն համոզել: Այս տարիների ընթացքում ոչ մի իշխանավոր մեր քաղաքացուն բանի տեղ չի դրել, քամահրանքով է վերաբերվել, արհամարհել է: Քաղաքացու ինքնասիրությունը, արժանապատվությունը շոյելով՝ նա հասավ իր նկատմամբ ժողովրդականության բուռն դրսեւորումների: Իսկ այս իշխանություններից որեւէ մեկը նույնիսկ այս 4-5 ամիսներին չբարեհաճեց բացատրություն տալ ժողովրդին: Հակառակը` էկրաններից այնպիսի պարզունակ բացատրություններ են տալիս, որ ժողովուրդը նորից վիրավորվում է, ասում է` էս ի՞նչ է ասում, մեզ էշի տեղ են դնում: Հայ մարդը կարող է շատ բան ներել, բայց երբեք չի ների, երբ տեսնի, որ իր մտավոր կարողությունները թերագնահատում են: Պետք է ոչ թե «հետ-առաջ» լոզունգներով խոսել, այլ անկեղծ մտքերով: Այսօր կան հակաղարաբաղյան շատ լուրջ տրամադրություններ, մեր ազգի հատվածները պառակտված են, եւ չպետք է այդ սուր անկյունները կլորացնել ու քողարկել:
– Սերժ Սարգսյանն իր հեռուստահարցազրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում բանակցել այն մարդու հետ, ով իրեն անվանել է «թաթար-մոնղոլ», «բանդիտ»: Լ. Տեր-Պետրոսյանն էլ երկխոսության համար մի շարք պահանջներ է ներկայացրել, որոնք, ինչպես տեսնում ենք` իշխանությունները հրաժարվում են կատարել: Այդ դեպքում ո՞ւմ միջոցով է կայանալու երկխոսությունը հասարակության հետ:
– Նախ` ես չեմ ընդունում Սերժ Սարգսյանի պատճառաբանությունը, որով նա փորձում է արդարացնել երկխոսության իր չկամությունը: Ակնհայտորեն ինքն անկեղծ չէ, այդ պատճառաբանությամբ ինքը չի կարող որեւէ մեկին համոզել, քանի որ ինքն իր մեջ ուժ է գտել մի շարք այլ դեպքերում հանդուրժել մարդկանց, ովքեր նախկինում վիրավորել էին իր անձը: Երբ Տեր-Պետրոսյանն ասում է` այսօր ՀՀ-ում ավազակապետություն է, եւ, որ իշխանական վերնախավը զգալի մասով բաղկացած է կոռուպցիայի մեջ թաղված մարդկանցից, երբ ասում է՝ համակարգը մոնղոլ-թաթարական է, այդ բնութագրումներն, ըստ իս` նա հնչեցնում էր ոչ թե ինչ-որ մեկին վիրավորելու համար, այլ դրանով բնութագրում էր գոյություն ունեցող համակարգը: Միջազգային հանրությունն ասում է` կոռուպցիոներներ կան, նա էլ ասում է` ավազակներ: Ճաշակի հարց է: Եթե Ս. Սարգսյանը հրաժարվում է սա ընդունել որպես դիրքորոշում եւ ընդունում է որպես իր անձը վիրավորելու քայլ, ես իր այդ կեցվածքը դիտում եմ ոչ անկեղծ: Որովհետեւ նա մի շարք դեպքերում ներել է այնպիսի մարդկանց, ովքեր իրեն անձնական վիրավորանքներ են հասցեագրել: Արտաշես Գեղամյանը քանիցս ասել է, որ նա մարդասպան է` ցանկացել է իրեն սպանել, Գագիկ Ծառուկյանին սպանել, խաղամոլ է, եւ, չնայած դրան, Ս. Սարգսյանը Գեղամյանի հետ խոսելուց չխորշեց: Դրա համար Ս. Սարգսյանի բերած պատճառաբանությունը վստահություն չի ներշնչում, նամանավանդ, որ իրական ընդդիմության հետ իշխանության երկխոսությունը եւ՛ մեր հասարակության, եւ՛ միջազգային կազմակերպությունների, եւ՛ դոնոր պետությունների պահանջն է: Բացի այդ` նա եւ Վազգեն Մանուկյանը միմյանց փոխադարձաբար «իդիոտներ» անվանեցին, բայց այսօր նրանք ոչ միայն երկխոսում են, այլեւ, լայն իմաստով` նույն դաշտում, նույն քաղաքական թիմում են գտնվում: Ս. Սարգսյանն այսօր ունի եւ՛ կոալիցիոն գործընկերներ, եւ՛ «հաճախորդներ-գործընկերներ»: Խնդրեմ` Արթուր Բաղդասարյանի օրինակը: Նա իրեն կոալիցիայի մեջ ընդգրկելուց 3 օր առաջ հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են, եւ Ս. Սարգսյանը կեղծարար է, ընտրությունները կեղծվել են նրա օգտին: Եվ չնայած դրան` Ս. Սարգսյանը նաեւ նրա հետ խոսելուց չխորշեց: Այնպես որ` նրա այդ պատճառաբանությունը հիմնավորված չէ: Վիկտոր Դալլաքյանն էլ էր հայտարարել, որ այս «կլանի ողնաշարը պետք է ջարդել», բայց այսօր նրանք եւ՛ երկխոսում են, եւ՛ բանակցում են, եւ՛ համագործակցում են: Ընդհակառակը` Ս. Սարգսյանին շատերը կասկածում են նրանում, որ ինքն ավելի շատ հակված է լսել նրանց, ովքեր իր հասցեին հանդես են գալիս մերկացնող եւ կոշտ հայտարարություններով, քան նրանց, ովքեր նման քննադատությամբ հանդես չեն գալիս: Պրակտիկան դա է ցույց տալիս:
– Այդ դեպքում ինչո՞ւ այդ պրակտիկան չի գործում նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի դեպքում, ինչո՞ւ նրա հետ եւս երկխոսության մեջ չի մտնում:
– Առաջ մի ընկեք: Եթե մտածում եք` երկխոսություն չի լինելու, չարաչար սխալվում եք: Իհարկե, երկխոսությունը հնարավոր է Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին բանտերից արձակելու դեպքում:
– Ձեր կարծիքով` իշխանություններն ընդդիմության պահանջները կատարելո՞ւ են:
– Բայց չէ՞ որ այդ պահանջների զգալի մասը երկրորդվել է միջազգային կառույցների եւ դոնոր երկրների կողմից: Իշխանություններն, ըստ էության, խոստացել են. հանդիպելով «Ագոյի» խմբի հետ՝ Արդարադատության նախարարն ասել է, որ իրենք թե՛ այդ հարցում, թե՛ «Ցույցերի, երթերի, հանրահավաքների մասին» օրենքում փոփոխություններ են կատարելու: Մենք պետք է տարանջատենք ճանճերին կոտլետներից, եւ գիտակցենք, որ մի բան է այն, երբ հայտարարություններ են անում, եւ մի բան է կյանքը, որը ստիպում է հաշվի նստել իրողությունների հետ։ Համենայնդեպս, եթե հնարավոր է՝ անտեսելով գնահատականները, մտնել երկխոսության մեջ ինչ-որ մեկի հետ, երբ դա քեզ է պետք, ապա այլընտրանք չունես, երբ դա հասարակության հստակ արտահայտվող պահանջն է: Դրանից հնարավոր չէ խույս տալ: Ժողովուրդն ավելի է վրդովվում, երբ տեսնում է, որ ազգային համաձայնության պատրվակով իշխանությունները փորձում են ապավինել զուռնաներին եւ դհոլներին: Ժողովուրդը դրանից ավելի անհանդուրժող է դառնում` մտածելով, որ նորից ուզում են իրեն ֆռռացնել, խաբել:
– «Ճանճերն ու կոտլետն» ովքե՞ր են;
– Կոտլետը` ժողովուրդն է, ճանճերն էլ` այն կուսակցապետերը, ովքեր փորձում են կառչել այդ կոտլետից: Հարցին, թե՝ չե՞ք պատրաստվում համագործակցել իշխանությունների հետ, Լ. Տեր-Պետրոսյանն ասել էր, որ այն պահին, երբ ինքը համաձայնի համագործակցել, կկորցնի ժողովրդի վստահությունը: Այսինքն` պրոբլեմը ժողովուրդն է, նրա սիրտն առնելու խնդիր կա, ոչ թե Գեղամյանի, Բաղդասարյանի… Իշխանությունը պետք է անկեղծ խոսի ժողովրդի հետ: 1988թ. Մոսկվայի ենթակայի կարգավիճակում Կարեն Դեմիրճյանը գնաց ժողովրդի մոտ: Ճիշտ է` սուլեցին, իրար չհասկացան, բայց նա դա արեց: 131 պատգամավոր ունենք այսօր ԱԺ-ում, բայց նրանցից քանի՞սը բարեհաճեցին այդ ծանր պահին մտնել ժողովրդի մեջ: Ես այդ ժամանակ այնտեղ էի եւ տեսել եմ միայն այն պատգամավորներին, որոնց հետո ԱԺ-ն այդքան հեշտ եւ հանգիստ խղճով հանձնեց պատժիչ մամլիչին: Չէ՞ որ անկախ Հայաստանի պատգամավորներ են, ոչ թե Կենտկոմի առաջին քարտուղար: Երբ 1965թ. էմոցիոնալ ժողովուրդը ջարդում էր Օպերայի լուսամուտները` պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը, Վազգեն Առաջինը դուրս եկավ ժողովրդի մոտ: Նա այդ տոտալիտար իշխանության պայմաններում չգնաց Կենտկոմի առաջին քարտուղարի թույլտվությունը հարցնելու: Կամ էլ` չթռավ Մոսկվա` իմանալու, թե Բրեժնեւը թո՞ւյլ էր տալիս գնալ ժողովրդի մոտ, թե՞ ոչ: Նա դուրս եկավ ժողովրդի մոտ եւ հանգստացրեց: Մենք ոնց որ թե Վեհափառ ունենք, բա նա ինչո՞ւ չգնաց ժողովրդի մոտ:
– Նա գնաց Լ. Տեր-Պետրոսյանի մոտ:
– Ի՞նչ է` Լ. Տեր-Պետրոսյանը պետք է նրան դաբրո տա՞ր: Կամ` Ռոբերտ Քոչարյանը պետք է նրան հատուկ ասեր` գնա ժողովրդի մո՞տ: Իշխանություններից այդ գիշեր ոչ մեկին չտեսա այնտեղ` ժողովրդին հանգստացնելիս. ո՛չ «հաճախորդները», ո՛չ էլ իշխանավոր պատգամավորներն իրենց պարտքը չհամարեցին գալ այնտեղ: Դա նշանակում է` մենք այսօր չունենք ԱԺ, եթե ունենայինք, հավատացեք` նրանք կգային այնտեղ, եւ արյունահեղություն չէր լինի: